Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԽՈՐՀՈՒՐԴԸ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ

«Ծերերը ձիթենու ոստերով, իսկ մանուկները արմաւենու, եւ երամ-երամ դասերով աղաղակում էին Ովսաննա, օրհնեալ է նա, ով Տիրոջ անունով է գալիս»։ - շարական

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն. 

Հայ Սրբազան շարականագիր վարդապետը հոգեմտաւոր իր կարողականութեամբ, մի պահ վերացած, ապրում է խորախորհուրդ այն պահը, երբ Քրիստոս ՛՛ իշու աւանակի ՛՛ վրայ նստած իբրեւ հեզ ու խոնարհ թագաւոր, Երուսաղէմ է մտնում ու ողջ ժողովուրդը իր բոլոր դասերով՝ ծերեր, մանուկներ, երիտասարդներ եւ կրօնի ուսուցիչներ ընդառաջ են ելլել դիմաւորելու սպասւած Մեսիան, խոստացւած թագաւորն ու ամէն մէկը իրեն յատուկ շարժումներով, ձեւերով իր ուրախութիւնն ու անսահման բերկրանքըն էր արտայայտում։ 

Ծերերը ձիթենու ոստերով, մանուկները արմաւենու տերեւներով եւ ժողովրդի միջից շատերն էլ իրենց վերարկուները փռելով ճանապարհին դիմաւորում էին Նրան աղաղակելով, « Օրհնութիւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Օրհնութիւ՜ն բարձրեալին»։ 

Երիքովից մինչեւ Երուսաղէմի արեւելեան կողմը գտնւող Ձիթենեաց լեռ, ժողովուրդը հոծ բազմութեամբ հետեւում էր յաղթականօրէն Երուսաղէմ մտնելու պատրաստւող Քրիստոսին։ Ձիթենեաց լեռան վրայ գտնւող Բեթփագէ գիւղը կանգ առաւ մի պահ եւ իր աշակերտներից երկուքին Բեթանիա գիւղն է ուղարկում ասելով.- «Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է եւ այնտեղ անմիջապէս կապւած մի էշ կը գտնէք՝ իր քուռակի հետ, արձակեցէք եւ բերէք։ Եւ եթէ մէկն առարկի, ասացէք Տիրոջը պէտք է, եւ նա իսկոյն թոյլ կը տայ ձեզ»(Մտ. 21։2)։ 

Մարգարէական կանխատեսութիւնը իրագործւում է ՝ «Եւ ահա քո թագաւորը գալիս է քեզ մօտ, նա հեզ է եւ նստած մի էշի քուռակի վրայ»(Մտ. 21։5) 

Աւետարանը ասում է Յիսուս նստած քուռակի վրայ յամրօրէն շարժւում է դէպի Երուսաղէմ եւ ամբողջ բազմութիւնը որ թափօրի մէջ էր առջեւից եւ կամ յետեւից գնում աղաղակելով.- 

՛՛Ովսաննա՛՛ Բարձրեալին,

Օրհնեալ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով.

Օրհնեալ լինի քո թագաւորութիւնը,

մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է,

խաղաղութիւ՜ն երկնքում եւ Փա՜ռք Բարձրեալին։ (Մր. 11։9-10)

Հին Ուխտի մարգարէութիւնը այսօր, մի անգամ եւս, յուշում է Եբրայեցի ժողովրդի Մեսիայի եւ իր առաքելութեան մասին. սակայն Հին Ուխտի ժողովուրդը ինք անտարբեր է շրջապատում եղածին նկատմամբ։ Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը խորհրդանիշն է երկնային Երուսաղէմ մուտքին եւ առ այդ Նոր Ուխտի ժողովուրդը, առաւել խանդավառութեամբ, իր զգացումներն է արտայայտում բացականչութիւններով, աղաղակներով բայց մանաւանդ ձիթենու եւ արմաւենու ճիւղերի շարժումներով իբրեւ նշան Աստծու կողմից առաքւած Փրկիչ-Մեսիայի, Թագաւորի խաղաղ նպատակին, խաղաղութեան առաքելութեան։

Եբրայեցի ժողովուրդը գալիք Մեսիայից ակնկալում էր Դաւթի թագաւորութեան վերահաստատումը, այսինքն հռոմէական տիրապետութիւնից իր ազատագրումը, այլ խօսքով անոնք առաջնորդւում էին երկրաւոր ցանկութիւններով, աշխարհիկ մի թագաւորութեան տեսիլքով, մինչ աշխարհ եկած Մեսիան ուզում էր բանալ իրենց աչքերն ու հոգու պատուհանը որպէսզի կարողանան ճիշդ եւ ուղիղ կերպով հասկանային ու ըմբռնէին էութիւնը իր թագաւորութեան, արքայութեան, որ սկիզբ կ՛առնէ այս երկրէն երթալու երկինք։

Ծաղկազարդի խորհուրդը խորհուրդն է երկրի եւ երկնքի, խորհուրդն է երկրաւոր ու երկնաւոր ճշմարտութիւնների ընկալման։ Ձիթենեաց լեռից սկսւող թափօրը յիշեցնում է երկրաւորների Զաքարիայ մարգարէի կանխասացութիւնը Ձիթենեաց լեռան մասին. Ձիթենեաց լեռը յատուկ մի խորհուրդ ունի Աստծու փրկութեան ծրագրին մէջ։(Զք.14։4-9)

Քրիստոս լեռից իջնում է ու ընթանում է դէպի Երուսաղէմի Տաճարը. մի պահ տեսնում է ժողովրդի աներեւակայելի դիմաւորութեան ընթացքն ու ներքնապէս խռովում է ու լաց է լինում Երուսաղէմի վրայ, որովհետեւ այդ բոլորը երկրաւոր կեանքի մի խափուսիկ եւ կործանարար պահ էր, քանի որ նոյն ամբոխը մի քանի օր յետոյ ՛՛ի խաչ հան զդա, ի խաչ հան զդա՛՛ պիտի բացագանչէր, գոհացնելու համար խաւարամիտ ու աստւածուրաց իր առաջնորդներն ու քահանայից դասը։

Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքի տօնը տօնն է աստւածաստեղծ մարդու փրկութեան խորհրդին։ Քրիստոս իր տնօրինական եռամեայ գործունէութեան իւրաքանչիւր րոպէին անընդհատ, շարունակական քարոզներով, բժշկութիւններով, մեռելներին կեանքի կոչելով դրսեւորեց իր անհուն սէրն ու գուրգուրանքը, յիշեցնելով բոլորին, որ երկնքի արքայութիւնը սկսւում է այս աշխարհից գնալու յաւիտենականութեան։

Այժմ եկած էր պահը Քրիստոսին ընդունելու Նրան փառաւորելով, ինչպէս նաեւ իր յորդորներին, խօսքերին հետեւելու, սակայն եբրայեցի ժողովուրդը նախընտրեց իր երկրաւոր իշխանների խօսքը լսել քան ընդառաջ երթալ մարգարէների կանխասացութեամբ ճշմարտւած գալստեանը Մեսիայի, որով փրկութեան խորհուրդը իրագործւելու էր։

Ծաղկազարդեան խորհուրդը, այսօր եւս, իր այժմէականութեամբ առկայ է մեր կեանքում։ Իբրեւ ժողովուրդ ի տես եւ ի լուր աւետարանական ճշմարտութիւնների, մեր ողջ պատմութեան ընթացքում մղեցինք կեանքի ու հաւատքի գոյապայքարը եւ այսօր կոչւած ենք վերանորոգ հաւատքով ընդունելու Քրիստոսին իբրեւ մեր միակ Տէրն ու Փրկիչը, մի կողմ դնելով մեր օրերի չար ու քրիստոնէական մեր նկարագրին անյարիր եղող սովորութիւններն ու մոլութիւնները։

Քրիստոսին ընդունելու եւ յաւիտենական կեանք ունենալու միակ ճանապարհը Աստծուն ճանաչելն է «Եւ յաւիտենական կեանքը քեզ ճանաչելն է՝ որպէս միակ ճշմարիտ Աստւած, ճանաչել նաեւ Յիսուս Քրիստոսին, որին Դու ուղարկեցիր»(Յհ. 17։3)։

Աստծուն եւ իր ղրկած Որդուն ճանաչելով է որ պիտի կարողանանք Նրան փառաւորել եւ Նրան ընդունել իբրեւ մեր Փրկիչն ու Թագաւորը եւ այս նշանակում է որ հետամուտ պիտի լինենք մեր ողջ կեանքում իր կամքը կատարելու. «Թող քո կամքը կատարւի ինչպէս երկնքում, այնպէս էլ երկրի վրայ»(Մտ. 6։10)։

Խորհուրդը Ծաղկազարդին իրագործւում է Քրիստոս-ճշմարտութիւնը մեր կեանքով ապրելուն մէջ։ Ծերերն ու մանուկները, երիտասարդներն ու պատանիները Երուսաղէմի փողոցներում դիմաւորեցին, ուղեկցեցին Քրիստոսին։ Այսօր մենք պատրա՞ստ ենք նրան մեր հոգիներում ընդունելու իբրեւ մեր առաջնորդն ու Փրկիչը. այլ խօսքով կարող ենք Սէր-Քրիստոսը, Կեանք-Քրիստոսը անել մեր Տէրն ու Փրկիչը այլեւ ուղեցոյցն ու առաջնորդը մեր կեանքին։

Դարերով մեր հայրերը իրենց ժայռարմատ հաւատքով ընթացան Քրիստոսի կեանքի հետքերով, սիրեցին սակայն իրենց սիրոյն փոխարէն ատելութիւն տեսան, երկնասլաց գմբէթներով տաճար կանգնեցրին սակայն աշխարհի չարերը այն քանդեցին, եղան լոյս ու ժպիտ իրենց շրջապատում, սակայն խաւարասէր ու գազանակերպ մարդիկ փորձեցին լոյսը խաւարել ու ժպիտը խամրել, բարիով չարին յաղթելու սկզբունքով առաջնորդւեց, մարդիկ բարիքը չարիքով փոխակերպեցին, մի խօսքով մեր ժողովուրդը իր կեանքը ապրեցաւ իր Տիրոջ կեանքի օրինակով եւ անոր համար կարողացաւ չարին յաղթել ու յարուցեալ կեանքով շարունակելու իր ստեղծագործ ու կենարար ընթացքը կեանքին։

Այսօր մեր ժողովրդի կեանքը յետ Ցեղասպանութեան Ծաղկազարդեան հոգով ու ոգով կայ, ծաղկած է մեր վերանկախացեալ հայրենիքն ու հերոսական Արցախը, ծաղկուն է Ցեղասպանութեամբ մեզի պարտադրւած Սփիւռքը, որ ամէն օրը եւ օրւան իւրաքանչիւր րոպէն ապրում ու ստեղծագործում է իր ամբողջական հայրենիքի տեսիլքով։ Մեզ մնում է վերանորոգել մեր ուխտն ու հաւատարմութիւնը քրիստոնէական մեր հաւատքին ու ազգային ինքնուրոյնութեան եւ տէր կանգնելով մեր նոր սերունդին որ լինելու է ապագայ պահանջատէրն ու տէրը իր հայրենիքին։

Ծաղկազարդեան խորհուրդով պայծառակերպւենք, որպէսզի լինենք Սէր-Քրիստոսի ճառագայթարձակ ու լուսապայծառ աստղը մեր շրջապատում. Ամէն։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ