ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԹԵՀՐԱՆԻ ՀԻՆԳ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒՄ

Դեկտեմբերի 31-ին, կէս գիշեր անց եւ Յունւարի 1-ին, տնօրինութեամբ Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի Սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց՝ Ս. Սարգիս, Ս. Աստւածածին, Սրբոց Վարդանանց, Սրբոց Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում:

Սուրբ Սարգիս մայր եկեղեցում Ամանորի պատարագ մատուցեց Թեմակալ Առաջնորդը: Յընթացս քարոզի Սրբազան Հայրը ակնարկելով Նոր տարւայ խորհրդին, յորդորեց ժողովրդին Քրիստոսի յաւիտենական խօսքով նորոգւեն եւ զօրութիւն ստանան: Ապա ակնարկելով Ներսէս Շնորհալի հայրապետի Առաւօտ լուսոյ հոգեւոր երգի այս հատւածին, որ ասում է. «Ով հնութիւններ նորոգող (Քրիստոս) ինձ էլ նորոգիր նոր զարդերով» Պօղոս առաքեալին ձայնակեցելով կոչ ուղղեց հաւատացեալներին, որ մոռանալով իրենց հին ինքնութիւնն ու ապրելակերպը, նոր մարդ դառնան Քրիստոսին նմանւելով ապրեն արդարութեամբ ու սրբութեամբ»: Սրբազան Հայրը նաեւ յաւելեց, տօնական այս օրերը իմաստաւորւում են այն չափով, որ մենք ընդառաջ ենք գնում նրանց:

Առաւօտեան Յունւարի մէկին Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Արժ. Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը:
Սրբազան Հայրն, իր զոյգ պատգամների ընթացքին, հաւատացեալներին կոչ արեց Քրիստոսի կենարար եւ յաւիտենական խօսքով նորոգւել, Պօղոս առաքեալի բառերով կերպարանափոխւել ու կեանքում առկայ մարտահրաւէրներն ու դժւարութիւնները դիմագրաւելով բիւրեղացւած օրէցօր նմանւել մեր Տէր Յիսուս Քրիստոսին։

Առաջնորդ Սրբազան Հայրն իր խօսքի միւս բաժնում յիշատակեց պատմութեան ընթացքին հայ ժողովրդի կրած հալածանքներին ու նեղութիւններին, որոնք չկարողացան վերացնել նրան։ Սրբազան Հայրը յաւելեց, որ հայ ժողովուրդը ամէն անգամ յառնելով պահել ու պահպանել է իր գոյութիւնը։ Նա ակնարկեց նաեւ աշխարհի առկայ մրրկայոյզ վիճակին, որը լեցուն է մարտահրաւէրներով։

Սրբազան Հայրը իր խօսքը եզրակացնելով ասաց, որ ըստ Պօղոս առաքելի մարդու նորոգումը տեղի է ունենում այն ժամանակ երբ Քրիստոսին ընդունում ես որպէս քո Փրկիչը։ Ապա յորդորեց այս ամանորեան օրերին Քրիստոսով վերանորոգելով փոխակերպենք շրջակայքը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ