ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ - ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ

 

Աշխարհի խաւարում կորած եւ մեղսասիրութեան պատճառով Աստծուց հեռացած, օտարացած եւ թշնամի դարձած մարդու փրկութեան աստւածային ծրագիրը այսօր իր լրումին էր հասնում: Հազարաւոր տարիներ առաջ Մեսիայի զոհողութեամբ, խաչի մահւամբն ու կենդանի պատարագումովը մարդկային ցեղի մեղքից ու մահւանից ազատագրւելու առնչւած բոլոր մարգարէութիւնները իրենց կատարումն ու ամբողջացումը գտնում էին Յիսուսի Քրիստոսի անձի մէջ:

Աւագ Ուրբաթը մէկ կողմից հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ խոնարհ ծառայի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, իսկ միւս կողմից էլ նրա մեռելներից հրաշափառապէս յարութիւն առնելովը լինում է նոր ու յարութեան կեանքի, յաղթական ու յաւիտենական կեանքի, փառքի ու փառաւորեալ կեանքի սկիզբն ու մեկնակէտը: 

Միայն եթէ Ծաղկազարդի կիրակիից սկսեալ յաջորդող վեց օրերը մինչեւ նրա թաղման ուրբաթը նկատի ունենանք, բազում Հին Կտակարանեան մարգարէութիւններ են իրականանում Քրիստոսի որպէս Մեսիա այսինքն՝ Օծեալ Փրկիչ անձի մէջ: Տանք մի քանի օրինակներ.-

-          Զաքարիա մարգարէ Քրիստոսի մարմնաւորապէս աշխարհ

գալուստից 500 տարիներ առաջ մարգարէանում էր Յիսուսի որպէս հեզ ու խոնարհ թագաւոր Երուսաղէմ քաղաք մուտքը եւ անառարկելի ճշգրտութեամբ մատնանշում էր, թէ ինչպէս նա իշու եւ իշու քուռակի վրայ նստած էր գալու (Զք 9.9-12):

-          41-րդ Սաղմոսում Քրիստոսից հազար տարի առաջ

մարգարէացւել էր, թէ ինչպէս նրա ամենամտերիմ ընկերը նրան դաւաճանելու էր (Սղ 41.9):

-          69-րդ սաղմոսում գրւել է, թէ ինչպէս Աստծու տաճարի հանդէպ

նրա ունեցած նախանձախնդրութիւնը կրակի նման այրում էր նրան (Սղ 69.9), եւ դա իրողապէս ցոյց տւեց երբ Երուսաղէմի տաճարը մաքրագործեց ամէն տեսակ լումայափոխներինց ու աղաւնեվաճառներից:

-          Վերնատան մէջ վերջին ընթրիքիը իր հաստատած

Հաղորդութեան կամ սուրբ պատարագի խորհուրդը կատարումն էր Երեմիայի մարգարէութեան 31-րդ գլխում ասւած Նոր ուխտի կնքման խոստումը (31.31-33), որ Քրիստոս հաստատեց ասելով. «բոլորդ էլ խմէք սրանից. Սա իմ արիւնն է, որով նոր ուխտ է կնքւում Աստծու հետ եւ որը շատերի համար թափւում է իրենց մեղքերի թողութեան համար» (Մտ 26.28):

-          Քրիստոս էր Զատկական Գառը, որի արեամբ համայն մարդկութիւնը ստանալու էր

մեղքերի քաւութիւն եւ թողութիւն ու նա խաչւեց ճիշտ այն պահին, երբ հրէական Զատկի գառնուկն էին մորթում (տեսնել հետեւեալ համարները Ծնն 3.15, 22.1-14, Ելք 12, եւայլն):

-          Դարձեալ  Քրիստոսից 1000 տարիներ առաջ 2-րդ Սաղմոսում գրւել էր, թէ ինչպէս

ժողովուրդները դաւաճանութեան ծրագրեր էին մշակում, աշխարհի թագաւորները պատրաստւում էին եւ իշխանները միաբանւում Տիրոջ եւ նրա Օծեալի (Յիսուսի) դէմ, ինչպէս նաեւ 22-րդ սաղմոսում հրաշալի մանրամասնութեամբ ներկայացւում էր հրեայ եւ հռոմէացի հեթանոս ժողովրդների թշնամանքը եւ ատելութիւնը եւ Քրիստոսին խաչելը: Խաչի դիմաց կանգնած ծաղրում էին նրան եւ գլուխ շարժելով՝ ասում էին. «Տիրոջն ապաւինեց. Տէրը թող փրկի նրան. Թող ազատի նրան, եթէ հաւանեց նրան» (Սղ 22.8), սա հրեաները արեցին նոյնութեամբ (Մտ 27.40-43):

-          Խաչելութեան ժամանակ Քրիստոս Մեսիական մարգարէութիւնն է արտասանում

ասելով. «Աստւա՛ծ իմ, Աստւա՛ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Սղ 22.1, Մտ 27.46):

-          Խաչելութեան ժամանակ հռոմէացի զինւորները իրար միջեւ

Բաժանում են Քրիստոսի հագուստները եւ նրա պատմուճանի վրայ վիճակ են գցում: Սա նոյնութեամբ մարգարէացւել էր հազար տարիներ առաջ (Սղ 22.18 հմմտ Մտ 27.35):

-          Դարձեալ նոյն սաղմոսում մարգարէացւել էր Քրիստոսի

խաչելութիւնը, թէ ինչպէս նրա ձեռքերն ու ոտքերը ծակծկելու եւ նրան պրկելու են խաչին վրայ, այնպիսի ձեւով, որ մինչեւ իսկ նրա ոսկորները կարող էին համրել (Սղ 22.16-17 հմմտ Մտ 27.35):

-          69-րդ սաղմոսում խօսում է նաեւ, թէ ինչպէս երբ նա ծառաւում է, խաչի վրայ նրան քացախ

տալու են խմելու (Սղ 69.21 հմմտ Մտ 27.48):       

-          Զաքարիա մարգարէն մարգարէանալով յիշեցնում էր, թէ ինչպէս

Քրիստոս որպէս հովիւ սպանւելու էր եւ ոչխարներն էլ պիտի ցրւէին (Զք 13.7) եւ սա իրականացաւ Քրիստոսի ձերբակալման ժամանակ (Մր 14.50):

-          Եսայիի մարգարէութեան 53-րդ գլխի մէջ էլ անժխտելի

օրինակներով ներկայացւում է Քրիստոսը, որպէս տառապող ծառայ, անմեղը, անբիծն ու արդարը մեղաւոր անիրաւ ու անարդար մարդկութեան փոխարէն եւ սիրոյն յօժարաբար ամէն անարգանք, վիշտ, ցաւ, տառապանք, ծեծ, պատիժ ու վէրք է կրում, առանց բերանը բացելու. մորթւելու տարւող ոչխարի նման: Նա յանցաւորների հետ է սեպւում բայց նրա գերեզմանը հարուստի հետ է լինում: Սա իրականացաւ լրիւ: Նա երկու աւազակների միջեւ խաչւեց (Ղկ 23.33), բայց թաղումի ժամանակ նրան թաղեցին հարուստ Յովսէփ Արեմաթացու ժայռափոր գերեզմանում (Ղկ 23.53): 

Եւ շատ ուրիշ մարգարէութիւններ, որոնք անհնար է սոսկ պատահականութիւն լինեն: Ուստի Քրիստոս մեր Տէրը աշխարհ էր եկած հիմնական մէկ նպատակի համար, մարդը փրկել մեղքից ու մահից եւ դա անելու էր փոխանորդական մահով, այսինքն՝ մեր փոխարէն ինքն իրեն որպէս զոհ պատարագելով երկնաւոր Հօրը: Եւ ինչպէս Զատկական գառան արիւնը, որը քսւած էր լինելու տների դռան երկու սեմերին եւ սատակիչը այն տեսնելով անցնելու էր առանց վնասելու եբրայեցիների անդրանիկներին, նոյնպէս էլ Քրիստոս Աստծու անմեղ Գառան արիւնը, որ մեր սիրոյն թափւեց Խաչափայտին վրայ, փրկելու եւ ազատագրելու է բոլոր իրեն հաւատացողներին եւ այն իրենց սրտերում ընդունողներին: 

Նկարներ Համար 2016040201- 2016040210 - 2016040213

 

Այս առումով թւականիս 26 մարտի երեկոյեան ժամը 6:00-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Քրիստոսի թաղման կարգի յիշատակութիւնը: Եկեղեցիների դասի կենտրոնում ծաղիկներով զարդարւած դրւել էին Քրիստոսի գերեզմանը խորհրդանշող սեղանները, որոնց վրայ կային Աւետարանն ու Ս. Խաչը եւ վառւած մոմերը: Երեկոյեան ժամերգութեան ընթացքին սեղանի առաջ ծնկաչօք երգւեց թաղման կարգի յատուկ «Սուրբ Աստւածը», ապա կատարւեց նախատօնակը «Պարգեւատուն ամենեցուն...» շարականի երգակցութեամբ, որին յաջորդեց օրւայ քարոզը եւ աւարտին էլ երգւեց «Խաչի Քո Քրոստոս...» շարականը, որի ընթացքին հանդիսապետող եկեղեցականը բուռվարով խնկարկեց սեղանը, խորանը, դասն ու ժողովուրդը եւ ապա մեծ խաչը ձեռին պահպանիչով օրհնեց հաւատացեալներին ու խաղաղութեամբ արձակեց նրանց: 

Սրբոց թարգմանչաց եկեղեցում արարողութեան հանդիսապետեց ու յաւուր պատշաճի քարոզեց  Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում, Ս. Աստւածածին եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում ծխատէր քահանաների հետ միասին արարողութեան մասնակցեցին ու քարոզեցին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը, Գերշ. Տ. Նորայր Ս. եպս. Աշըգեանն ու Հոգշ. Տ. Շնորհք Վրդ. Աշըգեանը: