Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԻՐԱՆԻ 53-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆԸ ՈՂՋՈՒՆԵՑ՝ 66-ԱՄԵԱՅ «ԱՐԱՐԱՏ»-Ի ՖՈՒՏԲՈԼԻՆ

Մենք միասին քայլելու ենք դէպի արդարութիւն ու խաղաղութիւն, իրականացնելու մեր ժողովրդի արդար նպատակները: Այս ոգով լիցքաւորւած, չորեքշաբթի, սեպտ. 7-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանում բացումը կատարւեց Իրանի 53-րդ Համահայկական խաղերի, որը նւիրւած էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» ֆուտբոլի խմբի հիմնադրման 66-ամեակին: Խաղեր, որի նախաձեռնողն է Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութիւնը:

Կովիդ համաճարակի հետեւանքով մէկամեայ դադարից յետոյ մեկնարկած Համահայկական խաղերի բացման հանդիսութեանը ներկայ էին մեծ թւով հայրենակիցներ: Խանդավառ մթնոլորտում մեկնարկած Իրանի Համահայկական խաղերի սկզբում պատկերասփռւեց «Արարատ» ֆուտբոլի խմբի ժամանակի խաղերից պատկերներ, իսկ պաշտօնական մեկնարկը կատարւեց Տէրունական աղօթքով, կատարմամբ Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Տաւիղ» եւ Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» երգչախմբերի, ղեկավարութեամբ՝ Արփի ՍիմրոջեանՆազարեանի: Ապա սկաուտների միջոցով մարզադաշտ բերւեց Իրանի պետական եւ Հ.Մ.Ա.Կ.-ի դրօշները եւ երգչախմբի միջոցով կատարւող Իրանի պետական հիմնի ու «Արարատ»-ի օրհներգի ներքոյ ծածանւեցին դրօշակները: Այնուհետեւ շքերթով մարզադաշտում տեղակայւեցին հետեւեալ մարզական խմբերը՝ ՀԲԸՄ-ի, ՀՀԸՄ-ի, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան, Նոր Ջուղայի Հ. Մ. Մ. «Արարատ» միութեան, Նոր Ջուղայի Փերիոյ Կրթասիրաց միութեան, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան, Հ. Մ. «Սիփան» միութեան, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի, Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղեր՝ Թաւրիզի եւ Ուրմիայի եւ Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական խմբերը: Այս տարւայ Համահայկական խաղերի ջահը միասնութիւնն էր հինգ ջահերի, որոնցից չորսը օրեր առաջ օրհնւել էին քահանայ հայրերի միջոցով Թեհրանի Ս. Սարգիս, Ս. Մինաս, Ս. Թարգմանչաց եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիներում, «Արարատ»-ի վետերան ֆուտբոլիստ ջահակիրներն էին՝ Համբարձում Դարաբիդեանը, Կոստանդ Յարութիւնեանը, Մարգար Ներսիսեանը, Յովիկ Հաթամզադէն, որոնց միջոցով չորս ջահերը տեղափոխւել էին «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռ, իսկ այդ ջահերի միասնականութիւնից վառւեց հինգերորդ՝ հիմնական ջահը ֆուտբոլի վետերան Վրէժ Խեչումեանի միջոցով եւ բոցավառւեց 53-րդ Համահայկական խաղերը խորհրդանշող ջահը: Ջահակիրներին ուղեկցում էին «Արարատ»-ի վետերան ֆուտբոլիստները՝ իւրաքանչիւրը «Արարատ»-ի ֆուտբոլի ակադեմիայի երկու փոքրիկ սաների ձեռքերը բռնած: Ջահի բոցավառման արարողութիւնը մէկտեղւած էր ճոխ հրավառութեամբ: Ընթացքում ներկայացւեց բոլոր ջահակիրների կենսագրական տւեալները, նաեւ տեսաֆիլմով արտերկրում գտնւող «Արարատ» ֆուտբոլի վետերանները իրենց շնորհաւորանքները յղեցին: Ընթացքում հնչեցին իրաւարարների եւ մարզիկների երդումները, որոնք կարդացին բասկետբոլիստ եւ ՖԻԲԱ-ի անդամ Թալին Թահմազեանը եւ բասկետբոլիստ Գէորգ Յարութիւնեանը:

Միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Հենրիկ Խալոյեանը, ով կարեւորեց մարզամշակութային միութիւնների դերը, որոնք իրենց աշխատանքներով կը կարողանան այս վերիվայրումներով լի աշխարհում մարդկութեան ալեկոծ նաւը ապահով ափ հասցնել: Նա ընդգծեց, որ այս նպատակի իրականացման համար Հ.Մ.Ա.Կ.-ը ամէն գնով կը փորձի իրականացնել իր առաքելութիւնը, անկախ այն խնդրից որ կը ստանայ պետական նպաստ թէ ոչ: Ապա հրաւիրւեց խօսք փոխանցելու Իրանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Մեհրդադ Ղարդաշին, ով Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահ Խոսրաւանի Նիայի շնորհաւորական պատգամը փոխանցելով, կարեւորութեամբ անդրադարձաւ իրանահայ մարզիկների դերին եւ մեծարեց իրանահայ նահատակների յիշատակը: Ապա իր խօսքը փոխանցեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը: Իր ելոյթի ընթացքում նա կարեւորութեամբ անդրադարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ի մարզամաշկութային բազմազան ոլորտներում տասնամեակներ ծաւալած աշխատանքներին, ընդգծելով, որ մեր բոլոր միութիւնները, ի մասնաւորի «Արարատ»-ը կարիք ունեն երկրի մարզական պատասխանատուների ֆինանսական նաեւ հոգե-մտաւոր հովանաւորութեանը: Նա նշեց, որ որպէս պատգամաւոր լրջօրէն հետամուտ է լինելու միութիւնների իրաւունքների իրականցմանը:

Օրւայ որպէս եզրափակիչ խօսք, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը ընթերցեց Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի յղած պատգամը, որի մի բաժնում ասւել էր. «Համահայկական խաղերը խթան ուժ կը հանդիսանան Հայրենիքում ու Սփիւռքում ապրող ամէն մի հայի համար ու նաեւ խրախուսման եւ զարգացման ոգեշնչող ազդակ պիտի դառնան ձեզ, որ նախանձախնդիր կերպով ծառայէք մեր ժողովրդին, միշտ լինելով քաջարի ու վճռակամ ազգանւէր եւ Աստւածահաճոյ՝ մեր հայրենիքը զարգացնելու, մեր եկեղեցին պայծառացնելու սրբազան գործում»:

Օրւայ հաղորդավարներ՝ Սարինէ Թորոսեանը, Նոյ Նազարեանը, Միշէլլա Միրզախանեանը եւ Թրէյսի Նաւասարդեանը, իրենց ոգեշնչող արտայայտութիւնների ընթացքում նշեցին, որ յուլիսի 24-ին տեղի է ունեցել Իրանի ազգային Օլիմպիական կոմիտէի գործադիր մարմինների պաշտօնական նիստը, որի ընթացքում Հ.Մ.Ա.Կ.-ը ներկայացել է որպէս Իրանի ազգային Օլիմպիական կոմիտէի երկու բացառիկ ակումբներից մէկը՝ քւէարկութեան լիարժէք իրաւունքով: Նշւեց նաեւ, որ մայիսի 22-ին կնքւել էր Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան ֆուտբոլի ակադեմիայի աշխատանքի համաձայնագիրը, որի պատախսանատուն է իրանահայ անւանի ֆուտբոլիստ Էդմոնդ Բզիկը: Հաղորդավարները նաեւ շնորհաւորեցին «ՀՈՒՍԿ» հաստատութեան հիմնադրման 40-ամեակը: Միջոցառման գեղարւեստական բաժնում պարային առանձին եւ միասնական կատարումներով հանդէս եկան Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախումբը, պարուսոյց՝ Սրբուհի Բաբայեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան «Կակաչ» պարախումբը, գեղարւեստական ղեկավար՝ Արուս Աւագեան, պարուսոյց եւ փորձավար Արմինէ Աւագեան, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Նայիրի» պարախումբը, գեղարւեստական ղեկավար՝ Արտաւազդ Աւետիսեան, Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի «Գարուն» պարախումբը, գերաւեստական ղեկավար՝ Կարինէ Պետրոսեան, փորձավար Լիոնա Շահնազարեան, Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան կից «Ակունք» պարային համոյթը, գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ՝ Կարինէ Մանուչերեան, միասնական պարը ղեկավարեց՝ Սրբուհի Բաբայեանը, համադրութեամբ պարախմբերի ղեկավարների: Երգերի կատարմամբ հանդէս եկաւ «Սաուլ Դաստ» խումբը նաեւ խմբի առանձին մենակատարները:

Հանդիսութեանը ներկայ էին Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան, Իրանի սպորտի, Քաղաքապետարանի եւ պետական շրջանակների ներկայացուցիչներ, Իրանում ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչներ, Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, ազգային մարմինների, «Ալիք» հաստատութեան, ինչպէս նաեւ իրանահայ համայնքի մարզա-մշակութային միութիւնների ներկայացուցիչներ:


Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ Հատիսի

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ