Շաբաթ, սեպտեմբերի 4-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ հանդիպում՝ Կրթական հետազօտութիւնների եւ պլանաւորման կազմակերպութեան (سازمان پژوهش و برنامه ریزی آموزشی) ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկայ էին կրթադաստիրակչութեան փոխնախարար, կրթական հետազօտութիւնների եւ պլանաւորման կազմակերպութեան ղեկավար՝ Հոջաթ ալ-Իսլամ դոկտ. Ալի Լաթիֆին, դասագրքերի հեղինակային գրասենեակի եւ իմաստութեան եւ կրօնական գիտութեան բաժնի տնօրէն՝ Հոջաթ ալ-Իսլամ դոկտ. Մոլային, կրթադաստիարակութեան նախարարութեան գիտահետազօտական ինտիտուտի գիտական խորհրդի անդամ, եւ իմաստութեան ու կրօնակագիտութեան բաժնի փորձագէտ՝ պրն. Դելբարին եւ բարձրաստիճան պաշտօնեաներ:
Կրթական խորհրդից կողմից ներկայ էին ատենապետ՝ Ալֆրէդ Կարապետեանը, Տէր Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը, Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախագահ՝ Անի Մանուկեանը եւ Կրօնի ուսուցուհին՝ Սիլւա Գրիգորեանը:
Հանդիպման սկզբում Ալֆրէդ Կարապետեանը հակիրճ ներկայացրեց կրօնի, եկեղեցիների, դպրոցների եւ միութիւնների չափազանց կարեւոր դերակատարութիւնը համայնքում: Այնուհետեւ անդրադառնալով Կրօն առարկայի 10-րդ, 11-րդ եւ 12 –րդ դասարանների դասագրքերի վերանայմանն ու նիւթերի նոյնականացմանը նշեց, որ դասագրքերի միասնական եւ մասնաւոր բաժանումը պատճառ է հանդիսանում, որ աշակերտները աւելի խորթ մօտեցում ունենան այն բաժնին, որը ընդհանուր է ազգային փոքրամասնութիւնների կրօնի դասագրքերում:
Այս խնդրից ելնելով առաջարկութիւն եղաւ ապագայում միասնական եւ առանձին բաժինները միատեղւեն եւ կազմւի մէկ ընդհանուր դասագիրք, որի մէջ կը զետեղւի քրիստոնէական դաստիարակութեան համար անհրաժեշտ առաջնային նիւթերը: Ատենապետի կողմից անդրադարձ եղաւ նաեւ Յովհաննու Աւետարանին, որն այժմ դասաւանդւում է համալսարանի գերլիսանս մակարդակում, նա ասաց, որ Յովհաննու Աւետարանն ըստ էութեան կարող է լրիւօրէն քրիստոնէական դաստիարակութիւնը փոխանցել աշակերտին:
Իսկ ինչ վերաբերւում է կրօնի դասագրքի մասնաւոր բաժնին, այն ասորի հայրենակիցների կողմից կազմւած դասագիրք է, որը գործածութեան մէջ է դրւել շուրջ 35 տարի առաջ եւ հայ աշակերտներն էլ տարիներ շարունակ ըստ այդ դասագրքի մասնակցել են կոնկուրսին՝ համալսարանի մուտքի քննութիւններին:
Ատենապետը շեշտեց, որ այդ դասագրքերի կազմութեան գործընթացին հայ ներկայացուցիչերը երբեւէ մասնակցութիւն չեն ունեցել եւ դրա հետեւանքով վերջերս իրականացւել են հանդիպումներ ասորի ներկայացուցիչների հետ, այնուհետեւ հանդիպում է տեղի ունեցել նոր դասագրքերի կազման պատասխանաու գրասենեակի (سازمان تالیف کتاب درسی) պաշտօնեաների հետ, որոնց արդիւնքում ձեռք է բերւել համաձայնութիւն՝ 10-րդ, 11-րդ եւ 12 –րդ դասարանների դասագրքերի վերանայմանն ու նիւթերի նոյնականացման առընչութեամբ:
Կրթական հետազօտութիւնների եւ պլանաւորման կազմակերպութեան ղեկավարներ հանդիպման ընթացքում նշեցին, որ Կրօնի դասագրքերի մասնաւոր բաժնի վերաբերեալ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում եւ հայ ու ասորի ներկայացուցիչների կողմից երկուստեք համաձանութեամբ պէտք է ընտրւեն դասագրքերի նիւթերը ու նկատի ունենալով սահմանւած ստանդարտները կարող են սկսել աշխատանքները: Որոշւեց, որ առաջիկայում կազմւի դասագրքից մէկ դասի նմուշ եւ ներկայացւի կազմակերպութեանը:
Պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց, որ՝
• յետագայում յանձնախմբերի կողմից դասագրքերի՝ թէ՛ ընդհանուր, թէ՛ մասնաւոր բաժինների պատրաստման, վերանայման կամ մէկտեղման դէպքում հայ ներկայացուցիչները պէտք է անպայմանօրէն իրենց դերակատարութիւնն ունենան այդ յանձնախմբերի կազմերում:
• 10-րդ, 11-րդ եւ 12 –րդ դասարանների դասագրքերը հնարաւոր է դիւրինացնել եւ միատեղել:
• Եթէ հնարաւոր լինի, դասագրքերի մասնաւոր բաժինը պատրաստել այնպէս, որ իր մէջ ներառի նաեւ ընդհանուր բաժնի կարեւոր մասերը, ապա մօտ ապագայում հնարաւոր կը լինի այս երկու դասագրքերի միատեղումը եւս:
Հանդիպումը բաւականին յագեցած էր եւ խոստումնալից:
ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
http://tehranprelacy.com/9-content-hy/news-hy/3825-2022091005?tmpl=component&print=1#sigProId81029eed3b