Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԶԵԿՈՅՑ Հ.Մ. «ՍԻՓԱՆ» ՄԻՈՒԹԵԱՆ «ՆԱՅԻՐԻ» ՍՐԱՀՈՒՄ



Թ.Հ.Թ. Թեմական խորհուրդը իր մէկամեայ գործունէութիւնը համայնքի սեփականութիւնը դարձնելու նպատակով նախաձեռնել է ժողովրդական հանդիպումների շարան Թեհրանի հայահոծ քաղաքամասերի միութիւններում:

Միջոցառումների կազմակերպման գործում իր համագործակցութիւնն է բերել խորհրդին կից Յարաբերական մարմինը: Հերթական հանդիպումների շարանում շաբաթ, թւականիս նոյեմբերի 5-ի երեկոյեան հանդիպում-զեկոյցը կազմակերպւել էր Թեհրանի Սասուն քաղաքամասի Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում:

Հանդիպման սկզբում, Թեմական խորհրդին կից Յարաբերական մարմնի ատենապետ Հարմիկ Նաւասարդեանը անդրադառնալով ժողովրդական հանդիպում-զեկոյցների շարանի նպատակներին, որն է ժողովրդին իրազեկ դարձնել կատարւող եւ կատարւած աշխատանքների մասին, հրաւիրեց Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանին, Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանին, «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ Արմինէ Սէթխանեանին, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների վարչութեան ատենապետ Ռուբիկ Սարգսեանին, Կարիքաւորներին օժանդակող մարմնի (ԿՕՄ) ատենապետ Մուշեղ Ծատուրեանին, Ուսանողական ֆոնդի փոխատենապետ Սեւակ Սեդրակեանին եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Եկեղեցական խորհրդի նախագահ Քարոլին Մանդանեանին:

Ի պատասխան հաղորդավարի հնչեցրած հարցումին, Թեմական խորհրդի եւ յարակից մարմինների գործունէութեան, դժւարութիւնների եւ խնդիրների մասին համապարփակ գծերով անդրադարձաւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը: Նա ընդգծեց, որ Թեմական խորհրդին կից աշխատում են ազգային 9 մարմիններ, եկեղեցական 6 խորհուրդներ եւ Թեհրանի հայոց թեմին առնչւող 7 քաղաքներ՝ Ռաշտ, Անզալի, Արաք, Սարի, Գորգան, Ղազւին եւ Մաշհադի ազգապատկան կառոյցների վերահասութիւնը եւս: Թեմական խորհրդի ատենապետը համապարփակ գծերով անդրադարձաւ խորհրդի որդեգրած քաղաքականութիւններին, հիմնական դժւարութիւններին, որոնցից ամենակարեւորը համարեց բիւջէի հսկայական բացը, կարեւորութեամբ նշեց պետական շրջանակների հետ սահուն յարաբերութիւններին, որի առումով գնահատեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ աջակցութիւնն ու համագործակցութիւնը: Նա անդրադարձաւ Թեմական խորհրդի կողմից նախագծւած մի շարք ծրագրերի մասին, ինչպէս «Արարատ» դպրոցի վերակառուցման, «Արտակ Մանուկեան» ազգային թանգարանի տարածքի բարեկարգման կամ Անզալիում գտնւող Աղաջանի հանգստի կենտրոնի բարեկարգում եւ ընդգծեց, որ այս ծրագրերի իրականացումը պահանջում է հսկայական բիւջէ եւ յոյս յայտնեց, որ ժամանակին հնարաւոր լինի դրանց իրականացումը, ի նպաստ համայնքի բարեկարգման:

Ապա զեկոյցներով հանդէս եկան մարմինների եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչները, ովքեր մանրամասն ներկայացրեցին իրենց պատկան կառոյցներում Թեմական խորհրդի նիւթական եւ բարոյական աջակցութեամբ իրականացրած աշխատանքները: Ընթացքում զեկուցաբերները անդրադարձան զանազան բնագաւառներում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ պատգամաւոր Արա Շահվերդեանի անվերապահ համագործակցութեան մասին: Նրանք ներկայացրեցին առկայ դժւարութիւնները, օրէցօր աւելացող ծախսերը եւ կիրառւող այն քայլերը, որոնց հիմնական նպատակն է ծառայել ժողովրդին, ըստ հնարաւորին: «Ա. Աւետիսեան» ազգային բուժարանի Խնամակալ մարմնի նախագահ Արմինէ Սէթխանեանը տեղեկացրեց, որ օրերս «Բիմէ Սալամաթ»-ի կողմից բուժարանը ընտրւել է, որպէս լաւագոյն բուժկենտրոններից մէկը, որը առաջիններից է եղել դեղատոմսերը էլեկտրոնային դարձնելու առումով:

Վերջում ներկաներին առիթ տրւեց հարցումների, որոնց պատասխանում էին մարմինների ու խորհուրդների ներկայացուցիչները:

Լուրը՝ «Ալիք»-ից