Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Կրթական Խորհրդի Ամանորեայ Միջոցառում 2023

Չորեքշաբթի, յունւարի 25-ին, Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Թեմական խորհրդի հովանաւորութեամբ` Հայ Արհեստաւորների միութեան հիւրընկալ յարկի տակ իրականացաւ Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն:

Ամէն տարի, Սուրբ Ծննդեան եւ Ամանորեայ տօներից յետոյ Կրթական խորհուրդը կազմակերպում է այս միջոցառումը, կրթութեան ոլորտում ծառայութիւն մատուցող բոլոր անհատներին հաւքելով մի յարկի տակ, առիթ է ընձեռնում մէկ անգամ եւս շնորհաւորելու միմեանց եւ վայելելու Սրբազան Հօր ներկայութիւնն ու նրա օրհնութիւնները:

Միջոցառմանը ներկայ էին Թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի ատենապետ՝ Նորայր Արամեանը, նոյն խորհրդի Կրթական խորհրդի հետ կապ՝ Անի Միրզախանեանը, խորհրդի անդամ՝ Հայրիկ Աղանեանը, տեսուչներ, ուսուցիչ-ուհիներ, Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամները եւ իրանահայ ուսուցիչների միութեան ներկայացուցիչները եւ հիւրեր:

Կրթական խորհրդի շնորհաւորանքի խօսքը փոխանցեց փոխատենապետ՝ Կարինէ Բալըքճեանը, ով շնորհաւորելով ներկաներին ասաց. «Մի տարով էլ կը մեծանայ մոլորակը, իսկ մարդկային ցանկութիւնները, մաղթանքները, շնորհաւորանքները կը մնան նոյնը...Ակամայից յիշեցի մեծն Սահեանի խօսքերը. «Նոր տարի է գալիս: Ուզում եմ շնորհաւորանքի խօսքեր գտնել իմ տոհմ ու տակի աւագների եւ կրտսերների համար, իմ ազգի բոլոր մեծերի ու փոքրերի համար: Մենք տոկալու եւ ապրելու ենք, քանի աշխարհը կայ, քանի աշխարհում մարդկութիւն կայ եւ մարդկութեան մէջ՝ մարդկայնութիւն:
Սիրելիներ այս հաւատով էլ ոտք դնենք Նոր տարւայ շէմին եւ բոլոր սրտով բոլորին մաղթենք՝ շնորհաւո՜ր Նոր տարի»»:
Նա իր յետագայ խօսքում շեշտը դրեց, թէ ինչպէ՞ս պահպանել հայկական ինքնութիւնը ահռելի ինֆորմացիայի դարաշրջանում:
Նա ակնարկեց, որ վերոնշեալի մասին Կրթական խորհուրդը նախկինում մատնանշել է, եւ այսօր էլ կրկին հարկ է համարում անդրադառնալ, որ նոր տեխնոլոգիաների դարում՝ համացանցի ահռելի ինֆորմացիայի շրջապտոյտում, օր ըստ օրէ կանգնում ենք նոր մարտահրաւէրների առջեւ: Այդ մարտահրաւէրներին դիմակայելու եւ հայկական ինքնութիւնն ու դիմագիծը պահպանելու համար, մեր ուսուցիչները պէտք է կարողանան ցուցաբերել անասելի ճկունութիւն, կամք եւ համբերատարութիւն, այս պայմաններում առաւել քան երբեւէ միասնական ու ճիշտ մօտեցումներով, դասաւանդման նորարարական մեթոդներ կիրառելով, դասերն աւելի հաճելի եւ գրաւիչ դարձնելով, նրբօրէն աշակերտներին ներքաշել դէպի ազգայինը, դէպի աւանդականը, եւ որն էլ կը հանգեցնի մեր երեխաների հայկական դաստիարակութեան, կրթութեան եւ ազգային գիտակցութեան բարձրացմանը:
«Նա նշեց, որ չնայած հանդիպման առիթը տօնական է, սակայն 2020 թւականի չարաբաստիկ պատերազմից յետոյ, բոլորս չենք կարողանում ուղղել մէջքներս, ազգովի մտահոգութեան, թախիծի եւ տագնապի մէջ ենք: Բնականաբար չենք էլ կարող սրտանց ուրախանալ, երբ հայրենիքում եւ Արցախում մոլեգնում են թշնամու մահատենչ սպառնալիքները»:
Նա մէջբերեց օրեր առաջ Սրբազան Հօր կողմից հնչեցրած կոչից. «Այսօր ահա՛ Ղարաբաղը կեանքի ու մահւան գոյապայքարի արանքում է յայտնւել, շրջափակման ենթարկւած ու զրկւած կեանքի եւ գոյապրուստի ամենատարրական միջոցներից։ Այսօր Ղարաբաղի ու ղարաբաղցու խաղաղութիւնն ու խաղաղ կեանքը ազերիական մահաբեր փոթորիկի մէջ է յայտնւած։ Այսօր հերոսական Ղարաբաղի երկնակամարի վրայ սաւառնում է մահւան ստւերը։ Այսօր հայակերտ ու ազատատենչ Արցախը որեւէ մէկ ժամանակից աւելի յուսավառ նայւածքով նայում է իր հայաստանցի ու սփիւռքում ապրող իր հայրենակիցներին նրանցից առաւել ուժ, զօրակցութիւն, պայքարի եւ պահանջատիրութեան ոգեշունչ յանձնառութեան ակնկալիքով»։
Նա դիմեց ներկաներին, որ անսալով Սրբազան Հօր եւ Վեհափառ Արամ առաջինի կոչին բոլորը ջանք չխնայեն քաջալերելու մեր աշակերտներին, նրանց ծնողներին, թեհրանահայ համայնքին, թէ՛ յունւարի 27- ի համահաւաքին, աշխոյժ մասնակցութիւն ցուցաբերելով սատար լինեն մեր արցախցի քոյրերին ու եղբայրներին եւ թէ՛ մասնակից լինեն իրականացւող յետագայ բոլոր ծրագրերին»:
Փոխատենապետը իր խօսքի աւարտին կրկին շնորհաւորելով ներկաներին՝ մաղթեց նորանոր անձնական եւ աշխատանքային յաջողութիւններ եւ բազաթիւ ձեռքբերումներ: Ցանկացաւ, որ Նոր տարին իր հետ բերի խաղաղութիւն եւ համերաշխութիւն, ի մասնաւորի Հայաստանին, Արցախին ի սփռիւս աշխարհի:

Միջոցառման գեղարւեստական բաժնի պատասխանատւութիւնը այս տարի ստանձնել էր հայոց ազգային «Թունեան-Թովմասեան» դպրոցը: Դպրոցի աշխատակազմը՝ տեսչուհի՝ Արսինէ Խաչատրեանը, փոխտեսչուհի՝ Արսինէ Բոնիադեանը եւ ուսուցչուհիները մի քանի ժամ շարունակ աշխուժութիւն, բարձր տրամադրութիւն եւ ժպիտներ պարգեւեցին բոլոր ներկայ գտնւողներին:
Նախատեսւած էր հաճոյական խաղեր եւ հետաքրքրաշարժ առաջադրանքներ, ասմունքների եւ երգերի գեղեցիկ կատարումներով հանդէս եկան մեր սիրելի ուսուցիչները, որոնք էլ աւելի բարձրացրեցին ներկաների տրամադրութիւնը։

Նոր տարւայ առիթով դպրոցների պաշտօնեաներին նւէրներ յանձնեց պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը:
Միջոցառման աւարտին, Սրբազան Հայրը իր հայրական խօսքը, շնորհաւորանքն ու օրհնանքը յղեց բոլորին:

Սրբազան Հայրն իր խօսքում նշեց հետեւեալը. «Ես ուզում եմ սրտանց ու կրկին անգամ շնորհաւորել Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով, սակայն երբ մենք մտաբերում ենք Հայստանում եւ Արցախում տեղի ունեցած անսպասելի, անմարդկային արարքների մասին, մեր մի աչքի մէջ ուրախութիւն է, միւս աչքի մէջ արցունք, բնական է մենք աղօթում ենք, եւ հաւատում ենք, որ աղօթքը նրանց առաւել եւս զօրացնում է, իրենց դիմադրողականութիւնը առաւել եւս կրկնապատկում է, տոկալու կամքը պողպատացնում է եւ կը կարողանան իրենց կեանքը շարունակել: Այսօրւայ աշխարհը ապերախտ աշխարհ է, այսօրւայ մարդկութիւնը դժբախտաբար իր անձի թշնամին է, մարդ արարածներ են՝ Հայաստանում, Ղարաբաղում եւ Ադրբեջանում եւ այս մարդիկ են, որ իրար թշնամի են, այս պարագային ադրբեջանցին, թուրքը, որոնք ոչ մի կերպ չեն խնայում, նորածնին, մանուկին, երիտասարդին, տարեցին, ծերունուն եւ սա անմարդկային, սադայէլական մտածելակերպ ու վերաբերմունք է մարդու նկատմամբ, բայց մենք պիտի տոկանք»:
Սրբազանն իր խօսքը շարունակեց այսպէս. «Ես հաւատացած եմ, որ պիտի մեր հողերը չմնայ իրենց, պիտի գայ մի օր, որ մենք դարձեալ մեր ոտքերի վրայ պիտի կանգնենք եւ պիտի կարենանք մեր արեան գնով ազատագրել այդ նւիրական, այդ սուրբ հողը: Աշխարհում անկարելի բան չկայ, եւ պիտի չմոռանաք, որ մենք պահանջատէր ժողովուրդ ենք, մէկ ու կէս միլիոն հայերի արեան կանչը Դէր Զօրից է կանչում, հազարաւոր նահատակների արիւնը Արցախից է մեզ կանչում, հետեւաբար պիտի շարունակենք մեր կեանքի գոյապայքարը ու ամէն առիթով պիտի վերանորոգենք մեր ուխտը հաւատարմութեան մեր հայրենիքի, մեր հոգեւոր եւ ազգային արժէքների նկատմամբ»:
Սրբազան Հայրն իր գնահատանքի խօսքն յղեց Կրթական խորհրդին, այս գեղեցիկ հաւաքոյթը, ձեռնարկը կազմակերպելու համար, կրկին շնորհաւորեց ներկաներն, եւ աւելացրեց, որ սա առիթ է, որ մենք մեր երեխաներին հայրենասիրութիւնը հայրենաճանաչութեամբ փոխանցենք եւ որպէս վերջնաբան աւելացրեց աշուղի խօսքերը. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, վհատւելու չէ, վերջ կունենան կուգան ու կերթան»։

Կրթական խորհուրդը իր խորին շնորհակալութեան եւ երախտիքի խօսքն է յայտնում բոլոր գործընկերներին, կրթական ոլորտի նւիրեալներին, Հայ Արհեստաւորների միութեան յարգարժան վարչութեանը, Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանին, «Թունեան-Թովմասեան» դպրոցի պաշտօնէութեանը, «Ակունք» պարային համոյթի գեղարւեստական ղեկավար՝ Կարինէ Մանուչարեանին եւ պարուհիներին, «Սէթ սուրճ» , «Քեշիշեան մսամթերք» ընկերութիւններին, Սուքիասեան ընտանիքին, «Շանթ-Մարիամեան» դպրոցի ծնողական խորհրդին եւ բոլոր օժանդակող անձանց:

Կրթական Խորհրդի Հանրակապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ