Մամուլի ասուլիս Մեծ Եղեռնի 101-ամեակի կապակցութեամբ

Նախաձեռնութեամբ Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցը նշող յանձնախմբի շաբաթ ապրիլի 23-ին, Թեհրանի հայոց ազգային առաջնորդարանում տեղի ունեցաւ մամուլի ասուլիս:

Ասուլիսի ընթացքում թեմիս բարեխնամ առաջնորդ Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը և Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը պատասխանեցին Իրանի տարբեր լրատւամիջոցներից հրաւիրւած թղթակիցների հարցումներին:

Սկզբում յանձնախմբի անդամ Արթին Բաբայեանն անդրադառնալով Թուրքիայի կողմից ժխտման քաղաքականութեանը, բացատրեց մամուլի ասուլիսի նպատակն ու առանցքը:

Այնուհետեւ Սրբազան հայրն ու դոկտ. Կարէն Խանլարեանը պատասխանեցին ներկաների հարցումներին:

Սրբազան հայրը պատասխանելով ցեղասպանութեան հարիւրամեակից յետոյ հայոց Մեծ Եղեռնը Թուրքիայի կողմից պաշտօնապես ճանաչւելու հեռանկարին, ընդգծեց, որ հայ ժողովուրդը հետեւողակնօրէն շարունակելու է իր պահանջատիրութիւնը և վստահ է, որ մի օր վերականգնւելու է արդարութիւնը և հայ ժողովուրդը տէր է կանգնելու իր իրաւունքներին:

Դոկտ. Կարէն Խանլարեանը նոյնպէս պատասխանելով հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցում Իրանի իսլամական հանրապետութեան դերակատարութեան մասին հարցումին, ասաց, որ Իրանը անպաշտօն ու կիսապաշտօնական կերպով ընդունել է Հայոց Ցեղասպանութեան փաստը եւ նկատի առնելով այն իրականութիւնը, որ Իրանը դարեր շարունակ եղել է կրօնական ու ազգային փոքրամասնութիւնների խաղաղ համակեցութեան կենտրոնն ու նրա հազարամեայ պատմութեան մէջ չի կարելի գտնել մարդկութեան դէմ ոճրագործութեան որեէ հետք, Իրանի իսլամական հանրապետութիւնը, որպէս ահաբեկչութեանը, բրտարարքներին ու ծայրահեղականութեանը դէմ պետութիւն իր ներդրումը կարող է ունենալ հայոց պահանջատիրութեան պաշտպանութեան ուղղութեամբ:

Հարցազրոյցի ժամանակ գերաշնորհ Սրբազան հայրն ու իսլամական խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւորը հանգամանօրէն պատասխանեցին իսլամացած հայերի, Թուրքիայի միջոցով հայկական եկեղեցիների բռնագրաւման ու նաև տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների ու յատկապէս ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միջոցով կրօնական փոքրամասնութիւնների դէմ գործադրւող ոճիրների կապակցութեամբ հարցումներին: