ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Չորեքշաբթի, թւականիս մարտի 8-ին, Ազգային Առաջնորդարանում ատենապետութեամբ ճրտպ. Նորայր Արամեանի եւ ներկայութեամբ Հայաստանի Համահայկական խաղերի Համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանի հանդիպում կայացաւ համայանքիս մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հիմնական օրակարգում էր Համահայկական 8-րդ ամառային խաղերը, որի բացման արարողութիւնը կը կայանայ Գիւմրիում իսկ խաղերը կանցկացւեն 2023 թւականի օգոստոսի 5-19-ը ընկած ժամանակահատւածում:

Հանդիպման սկզբին Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը անդրադառնալով Համահայկական խաղերին մասնակից լինելու կարեւորութեանը յայտնեց, որ Համահայկական խաղերը հայութեանը միաւորում եւ երիտասարդների միջեւ միասնութիւն է ձեւաւորում: Հետեւաբար, ֆինանսական բոլոր դժւարութիւններով հանդերձ, պէտք է աշխատել առանձնայատուկ ոգեւորութեամբ եւ ընդգրկուն կազմով մասնակից լինել Համահայկական խաղերին:

Հանդիպման ընթացքում պրն. Հենրիկ Խալոյեանի կողմից ընդհանուր բացատրութիւններ ներկայացւեցին Հայաստանի Համահայկական խաղերի՝ նախապատրաստական, կազմակերպչական եւ խաղերի ծրագրում ներառւած մարզաձեւերի կապակցութեամբ: Պրն. Խալոյեանը նաեւ յայտնեց, որ Հայաստանի Համաշխարհային Համահայկական խաղերի մարզախմբերի մասնակցութեան կանոնագրութեան 2-րդ գլխի համաձայն Թեմական խորհրդի կողմից կեանքի կը կոչւի Գործադիր յանձնախումբ՝ համայնքիս մարզամշակութային միութիւնների ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Հանդիպման աւարտին պրն. Նորայր Արամեանը գնահատեց համայնքում աշխատող բոլոր միութիւնների գործունէութիւնը եւ յաջողութիւն մաղթեց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ