ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ՝ ԱՆԶԱԼԻ ՔԱՂԱՔ

Անզալիի Սուրբ Աստւածածին եկեղեցու շրջափակում գտնւող Հայոց ազգ. առաջնորդարանի շէնքում բռնկւած հրդեհից պատճառւած վնասների վերականգնողական աշխատանքների կարգաւորման գործընթացին հետամուտ լինելու ուղղութեամբ, շաբաթ, 13 մայիս 2023-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ խորհրդի փոխատենապետ Վահէ Թարոյեանի միօրեայ այցով մեկնեցին Անզալի քաղաք եւ Կուսակալութեան կենտրոնում հանդիպում ունեցան՝ Անզալիի կուսակալ՝ Մոհամադ Փուռէ Խոշսաադաթի, Անզալիի Մշակութային ժառանգութեան տնօրէն՝ Փէյման Թանգբրիսի եւ Իսլ. Խորհրդարանում Անզալիի Պատգամաւոր Ահմադ Դոնեամալի հետ: Սոյն հանդիպման ներկայ է եղել նաեւ Անզալի շրջանի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ Սիմոն Տէր Յովսէփեանը:

Հանդիպման հիմնական օրակարգում քննարկում եւ խորհրդակցութիւն եղաւ աշխատանքների գործընթացի արագացման ուղղութեամբ՝ հաշւի առնելով Ազալիի կլիմայի եւ եղանակային տեղումների դժւարութիւնները: Առ այդ, որոշւեց Թեմական խորհրդի եւ Իսլ. Խորհրդարանի Պատգամաւոր՝ Արա Շահվերդեանի միջոցով, հետեւութիւն տրւի ապահովագրութեան կապւած աշխատանքներին, որպէսզի համապատասխան փոխհատուցումն ստանալով, հնարաւոր լինի անմիջապէս՝ յառաջիկայ երկու երեք ամիսների ընթացքում, աւարտին հասցնել շէնքի տանիքի վերանորոգման աշխատանքները, որով օգտագործելի կը դառնան խանութները իսկ միւս հատւածների վերանորոգման աշխատանքների իրագործումը պայմանաւորւած է ֆինանսաւորման, որի համար նկատի ունենալով ծախսի բարձր գնահատումը, պահանջւում է պետական բիւջէի յատկացում. ուստի այս ուղղութեամբ Իսլ. Խորհրդարանի Պատգամաւոր՝ պրն. Արա Շահվերդեանը՝ Մշակութային ժառանգութեան նախարարութեան ներկայացուցչի եւ Իսլ. Խորհրդարանում Անզալիի Պատգամաւորի հետ կաշխատեն պետական լրացուցիչ բիւջէի ապահովման գործընթացն արագացնել:

Հարկ է նշել, որ հանդիպման ընթացքում քննարկւել են նաեւ շրջանում առկայ մի քանի այլ կալւածների լաւագոյն օգտագործման հնարաւոր տարբերակները, որի իրականացման համար, ըստ Կուսակալի խոստման պայմանների դիւրութիւններ կստեղծւի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ