Կրթական Խորհրդի Ուսման Մակարդակն Ուսումնասիրող Յանձնախումբ

Ալիք – Կրթական Խորհրդի Ուսման Մակարդակն Ուսումնասիրող Յանձնախումբը, որի նպատակն է զանազան գիտական աշխատութիւններով ուսումնասիրել հայոց դպրոցներում կրթական մակարդակի որակը եւ այն բարձրացնել համապատասխան առաջադրանքների հիման վրայ եւ ներկայացնել Կրթական խորհրդին։

Այս յանձնախումբը առաջին անգամ կեանքի է կոչւել 2005 թ. հոկտեմբերին՝ ժամանակի Կրթական խորհրդի կողմից։ Յանձնախումբը տարբեր անձնակազմերով 2005 թ. աշխատել է մինչեւ այսօր՝ բացառութեամբ անցեալ Կրթական խորհրդի ժամանակաշրջանում։

Այժմ յանձնախմբի կազմի անդամներն են՝

- Ալիս Խաչեան՝ ատենապետ PHD

- Իւետ Մուրադխանեան՝ փոխատենապետ, անգլերէն լեզւի եւ թարգմանութեան լիսանս

- Շաքէ Խուդաբախշեան՝ քարտուղար, հիւանդապահութեան ճիւղի գերլիսանս (մագիստրոս)

- Մարիէտ Դաւթեան՝ նիւթականի պատասխանատու, ֆրանսերէն լեզւի գերլիսանս  (մագիստրոս)

- Էմմա Մանսուրեան՝ անդամ, էլեկտրոնիկայի ճարտարագէտ

- Հերմինէ Աղաքեան՝ յանձնախմբի երկար տարիների անդամ, որը այժմ իր ծնողներին խնամելու պատճառով անկարող է Ֆիզիկապէս մասնակցել յանձնախմբի աշխատանքներին, սակայն նրա մտքերն ու տեսակէտները օգտակար են լինում աշխատանքներում։

- Լինդա Եադգարեան՝ անդամ

Յանձնախումբը իր շուրջ տասնամեայ աշխատանքներում երկու ուսումնասիրութիւն-զեկոյց է ներկայացրել Կրթական խորհրդին։ 

Այս զեկուցագրերում մանրամասն անդրադարձ կայ յանձնախմբի կատարած աշխատանքներին։

Բոլոր այս աշխատանքներում յանձնախմբի հետ համագործակցել են ծնողներ, աշակերտներ եւ ուսուցիչ-ուսուցչուհիներ, որոնց մասին մատնանշւած է զեկուցագրերում։

Զեկուցագրի եզրափակիչ բաժնում յանձնախումբը յստակ ներկայացրել է իր տեսակէտը՝ հայոց դպրոցներում ուսման մակարդակը բարձրացնելու ուղղութեամբ:

Իսկ 2015-2016 ուսումնական տարւայ աշխատանքների մասին խօսելիս կարելի է նշել հետեւեալ խնդիրները.

- Գիտական մեթոդներով գնահատել ուսուցիչների գործունէութիւնը։

- Շարունակական աշխատանքը շատ կարեւոր է այս յանձնախմբի համար, ուստի նկատի ունենալով Կրթական խորհրդի կազմերի փոփոխութիւնը աշխատել ենք պահպանել ծրագրերի շարունակականութիւնը:

2015-2016 ուսումնական տարեշրջանում կատարւել են հետեւեալ աշխատանքները՝

- Ուսումնասիրւել է հայոց դպրոցներում (S.W.O.T.) (առկայ առաւելութիւններն ու բացթողումները, սպառնալիքներն ու առիթները), որի համար յատուկ հարցարաններ են պատրաստւել եւ ուղարկւել հայոց դպրոցներին։

- Կազմակերպւել են ուսուցչական work shop-ներ կամ սեմինարներ, որը նախկինում եւս ունեցել ենք եւ յաջող արդիւնք է տւել։ Հարկ է նշել, որ նախորդ սեմինարին մասնակցել էին 35 ուսուցիչներ, ովքեր բաւարարւած էին եւ գոհ այս աշխատանքից, ուստի որոշեցինք շարունակել այն։

- Կազմակերպել ենք դասախօսութիւններ ուսուցիչների եւ աշակերտութեան համար։

- Ուսուցիչների գնահատման աշխատանքի արդիւնքում, դասաւորւել են բոլոր ուսուցիչների անձնական արխիւները։

Կարելի է եզրակացնել, որ այս յանձնախումբը իր փորձառութեամբ եւ գիտական մակարդակով լուրջ դերակատարութիւն կարող է ունենալ մեր կրթական ասպարէզում, այն պայմանով որ ցանկութիւն լինի օգտւել նրանց փորձից եւ առաջարկներից։