Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախումբ

Ալիք - Կրթական Խորհրդի Մշակութային Յանձնախմբի կեանքի կոչման հիմնական նպատակը հայ նոր սերնդի մօտ հետաքրքրութիւն եւ սէր առաջացնելն է մշակութային աշխատանքների նկատմամբ եւ նրանց կառչած պահելն է հայ մշակոյթին:

Յանձնախմբի ներկայ անդամներն են Անահիտ Գրիգորեանը, Արմինէ Գրիգորեանը, Արմինէ Ազոյեանը, Ալինա Յովսէփեանը եւ Բեսի Յովհաննիսեանը: Ժամանակին յանձնախմբում իրենց կարեւոր ներդրումն են ունեցել Ժիզէթ Տէր-Օհանեանը, Էւա Յարութիւնեանը եւ Անահիտ Մարգարեանը:

 Աւելի քան 10 տարի է, որ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ Մշակութային փառատօն է կազմակերպւում հայոց դպրոցների աշակերտների մասնակցութեամբ:

2015 թ. Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով նոյն անւամբ յանձնախմբի ծրագրերի շարանում Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ եւ Մշակութային յանձնախմբի միջոցով կազմակերպւեց նաեւ ազգային-յեղափոխական երգերի փառատօն եւ այն աշակերտութեան կողմից մեծ ընդառաջում գտաւ, որն էլ առիթ դարձաւ այս տարի եւս Մշակութային յանձնախումբը իր ծրագրերի մէջ ներառի նաեւ երգի բնագաւառը:

Ժամանակին 2012 թւականին մշակութային յանձնախումբը կազմակերպեց մի համերգ նոյն սկզբունքով, ընդառաջումը այնքան մեծ էր աշակերտների կողմից, որ իրաւարար կազմը առաջարկեց կեանքի կոչել նաեւ երգչախումբ (շուրջ 40 աշակերտների մասնակցութեամբ), որը մինչեւ այսօր Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի «Նոր ձայներ» երգչախումբ անւամբ շարունակում է իր աշխատանքը, Արփի Սիմրոջեանի ղեկավարութեամբ: 

Մշակութային փառատօներից բացի Մշակութային յանձնախմբի աշխատանքի մաս են կազմում Կրթական խորհրդի Մշակոյթի օրւան նւիրւած ձեռնարկի կազմակերպումը, ուր մեծարւում են հանգստի կոչւած հայ ուսուցիչները եւ Մեծ Եղեռնի ոգեկոչման աշակերտական միջնակարգ Ա եւ Բ բաժինների ձեռնարկը՝ «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, որի բոլոր դերակատարները եւ ելոյթ ունեցողները իրենք աշակերտներն են:

Նշելի է, որ այս ուսումնական տարւայ Մշակութային փառատօնը երգի բնագաւառում կայացաւ փետրւարի 10-ին, երեկոյեան ժամը 4-9-ը Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում եւ փետրւարի 12-ին ու փետրւարի 19-ին առ. ժամը 11-ից մինչեւ երեկոյեան ժամը 8-ը «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում՝ նւագարանի եւ ասմունքի բնագաւառներում: