2016-2017 Դպրոցական Տարեշրջանի Առիթով՝ Սրբազան Հօր Խօսքը Տարրական Օղակի Աշակերտութեան

 

Սիրելի աշակերտներ, թանկագին փոքրիկներ հայոց մանկապարտէզների,

Վերամուտ է կրկին. ձեզանից ոմանք վերադառնում են դպրոց, իսկ ոմանք էլ նոր են գալիս ու նոր եկողներից շատերը յուզումով ու ակնկալիքով են գալիս, իսկ ոմանք էլ անմեղ լաց ու կոծով։ Սա շատ բնական երեւոյթ է. ուրախութիւնն ու լացը մարդկային կեանքի մաս են կազմում. երբեմն մարդ ուրախութիւնից լաց է լինում։ Նոր մանկապարտէզ եկողների լացը անմեղ լաց է, մօրից բաժանւել եւ նոր ՛՛մայրեր՛՛ ունենալու անորոշութիւնն է որ փոքրիկին մղում է լացի, որը սակայն շուտով վերածւելու է ուրախութեան։

Սիրելիներ, այսօր 24 սեպտեմբեր 2016 մեր եկեղեցում մեծ տօն է. այսօր մենք տօնում ենք Ս. Գէորգ զօրավարի յիշատակը։ Ս. Գէորգը շնորհիւ իր զօրաւոր հաւատքի եւ Քրիստոսի հանդէպ ունեցած սիրոյն կարողացաւ յաղթել չարին եւ եղաւ բարիի խորհրդանիշ։

Ուզում եմ, որ դուք էլ Ս. Գէորգի նման ուրախութեամբ ու հաւատքով ապրէք, սիրէք Քրիստոսին, որովհետեւ ինքն էլ սիրեց ու սիրում է մանուկներին եւ դպրոցում սովորէք ձեր լեզուն եւ կրօնը եւ ինչու չէ նաեւ երգել, պարել, ասմունքել եւ այն ամէնը որ, ձեր օրիորդները ձեզ սովորեցնելու են։

Ուզում եմ նաեւ իմանաք, որ դուք բախտաւոր մանուկներ եւ աշակերտներ էք, որովհետեւ հայկական դպրոց ու մանկապարտէզ էք գալիս։ Այսօր աշխարհում հազարաւոր հայ մանուկներ եւ աշակերտներ կան, ովքեր չեն կարողանում հայկական դպրոց ու մանկապարտէզ գնալ, կան նաեւ միլիոնաւոր մանուկներ, աշակերտներ, որոնք դպրոց չեն գնում։

Հետեւաբար դուք բախտաւոր էք եւ ուրախ պիտի լինէք։ Ես աղօթում եմ, որ Աստւած ձեզ պահի ու պահպանի, որպէսզի կարողանաք լաւ կերպով ձեր դասերն ու պարտականութիւնները կատարել եւ լինէք լաւ աշակերտներ Ս. Մեսրոպ Մաշտոցի, որ հայոց լեզուն հնարեց եւ եղաւ մեր բոլորի առաջին ուսուցիչը։

Հայկական դպրոցը մեր տունն է, մեր հարստութիւնն է, մեզ պաշտպանող ու ամրացնող հաստատութիւնն է։ Հետեւաբար պիտի սիրենք ու պահպանենք մեր դպրոցները իբրեւ մեր գոյութեան միջնաբերդերը։

Դպրոցական վերամուտի առիթով շնորհաւորում եմ ձեզ սիրելի մանուկներ, աշակերտներ, ուսուցիչներ ու ծնողներ եւ ցանկանում եմ ձեզի բարեբեր, արդիւնաւէտ եւ օրհնաբեր տարի։

Թող Աստծու օրհնութիւնն ու շնորհքը ձեզ հետ եւ ձեր վրայ լինեն, որպէսզի լինէք լաւ աշակերտներ։

Բարի վերամուտ եւ աստւածային օրհնութիւն բոլորիդ։

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ