2016-2017 Դպրոցական Տարեշրջանի Առիթով՝ Սրբազան Հօր Խօսքը Միջնակարգ Օղակի Աշակերտութեան

Սիրելի աշակերտ-աշակերտուհիներ,

Վերամուտ է կրկին։

Ամէն տեղ ուրախութիւն ու հրճւանք եւ մի քիչ էլ լաց ու կոծ, ճիչ ու անմեղ կանչ, յատկապէս մանկապարտէզներում, որտեղ շատերը նոր դպրոց են մտնում։

Գեղեցիկ տեսարան է եւ սա գրեթէ ամենուրէք է, աշխարհի չորս կողմերում։ Միւս կողմից տարրականի ու միջնակարգերի աշակերտ-աշակերտուհիները սիրոյ ու կարօտի զգացումներով դպրոց են մտնում, նոյնքան կարօտով ողջունում են միմեանց եւ իրենց ուսուցիչներին պարզելով մի գեղեցիկ տեսարան։ Երեւի գտնւեն ոմանք էլ, որ ամառւայ արձակուրդից յետոյ, որոշ դժգոհութեամբ կամ չկամութեամբ են առաջին օրը դպրոց գալիս։

Վերամուտը ամէն պարագայում շատ հաճելի պահեր ու տրամադրութիւն է ստեղծում բոլորի մօտ։ Արդարեւ քրիստոնէական սիրոյ ջերմ զգացումներով ողջունում եմ ձեզ սիրելի աշակերտ-աշակերտուհիներ, տեսուչներ, փոխ-տեսուչներ, ուսուցիչներ եւ ծնողներ, որ այս պահին երջանիկ եւ վառ ապագայի անմեռ յոյսով կանգնած դիտում էք ձեր զաւակներին, թերեւս վերյիշելով ու վերապրելով ձեր վերամուտները։

Գեղեցիկ զուգադիպութեամբ այս տարեշրջանը 2016-2017-ն համընկնում է Ս. Գէորգ զօրավարի տօնին, մի Սուրբ որ ողջ քրիստոնէական աշխարհում, ամենա-ժողովրդական սրբերից է եւ որի անունով հազարաւոր եկեղեցիներ են կառուցւել պատմութեան ընթացքին։

Ձեր դպրոցական առաջին օրը Ս. պատարագ եմ մատուցելու Ս. Գէորգ եկեղեցում եւ յատուկ կերպով աղօթելու եմ ձեզ համար, որպէսզի ձեր 2016-2017 դպրոցական տարեշրջանը լինի յաջողութեամբ եւ Աստծու օրհնութեամբ օծուն, որպէսզի փորձանքներից հեռու մնաք, որպէսզի լինէք աշխատասէր, կարգապահ եւ ձեր տեսչութեան, ուսուցիչների եւ ընդհանրապէս մեծերի հանդէպ յարգալից ու հնազանդ։

Ս. Պատարագի ընթացքին աղօթելու եմ որ ձեր բոլոր դասերում լինէք աշխատասէր, մանաւանդ ձեր հայերէն լեզւի, կրօնի, պատմութեան դասերում լինէք գերազանցապէս օրինակելի։ Մի մոռացէք, որ հայոց լեզուն մեր պաշտպանութեան վահանն է, մեզ իրարու կապող ու միացնող ոսկեայ օղակն է. իսկ քրիստոնէական մեր հաւատը մեզ զօրացնող, ամրացնող, այն ուժն է, որով կը կարողանանք յաղթահարել ամէն տեսակ նեղութիւնների եւ վերջապէս մեր պատմութիւնը մեր հայրենիքի, մեր ժողովրդի կեանքն է։

Այս բոլորը մեզ սովորեցնում է հայ դպրոցը, որ միջնաբերդն է մեր գոյութեան եւ հարազատ տունը հայուն, որուն առաջին ուսուցչապետը եղաւ եւ կը մնայ Ս. Մեսրոպ Մաշտոցը՝ յօրինողը հայոց գրերի։ Վառ ու կենդանի պահելու ենք մեր դպրոցները, որպէս երաշխիք մեր ժողովրդի յաւերժութեան։

Վերամուտի առիթով շնորհաւորում եմ ձեզ սիրելիներ եւ ցանկանում եմ բոլորիդ ամէնից լաւն ու կատարեալը։ Մի մոռացէք, որ զաւակներն էք մի ժողովրդի, որ ունեցել է եւ ունի փառաւոր պատմութիւն, մշակոյթ եւ նաեւ ազատ ու անկախ հայրենիք եւ Արցախ, որոնք տօնում են իրենց անկախութեան 25-ամեակը։ Եւ վերջապէս գիտցէք, որ դուք քաղաքացիներն էք մի հզօր պետութեան՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան, որ այսօր միջազգային ընտանիքում իր ինքնուրոյն տեղն ու դերը ունի։

Բարի վերամուտ եւ աստւածային օրհնութիւն ու յաջողութիւն բոլորիդ։

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ