Հարցազրոյց Ազգային Առաջնորդարանի Հաշւեքննիչ Մարմնի հետ

Թ.Հ.Թեմի Յարաբերական Մարմինը ստորև ներկայացնում է իր հարցազրոյցը, Ազգային Առաջնորդարանի Հաշւեքննիչ Մարմնի Ա և Բ ատենապետներ՝ պարոնայք Ռուբիկ Բալալեանի և Հայդուկ Մուրադխանեանի, և նոյն մարմնի Ա. Ատենադպիր՝ պրն. Արին Խոսրովեանի հետ: 

Հարց՝ Նախ խնդրում եմ ներկայացնել Հաշւեքննիչ Մարմինը:

- Հաշւեքննիչ Մարմինն ընտրւում է Պատգամաւորական Ժողովի կողմից և կարող է ունենալ մինչև 11 հոգի անդամ: Իրաքանչիւր ընտրւած մարմնի գործունէութեան շրջանը 3 տարի է:  Այս շրջանի անդամներն ընտրւել են 15-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի կողմից, 21 փետրւարի 2015 թւին: Մեզանից բացի միւս անդամներն են՝ պրն. Զօրիկ Ֆարհադեանը՝ Բ. Ատենադպիր, Հանգուցեալ պրն. Գրիշ Մանուկեանը և պրն. Ռաֆիկ Բէգիջանեանը: Արդէն երկրորդ շրջանն է ինչ այս խումբն ընտրւում է որպէս Հաշւեքննիչ Մարմին: Անդամները որոշեցին երիտասարդ մասնագէտ անդամներ էլ աւելացնել մարմնին, ուստի Պատգամաւորական Ժողովին ներկայացրեցինք 3 հաշւապահական լիսանս ունեցող երիտասարդուհիներ՝ տկն. Լեռնիկ Քէշիշեան, օր. Անի Իսկանդարեան և օր. Էլին Հայրապետեանին: Պատգամաւորական Ժողովի հաստատումից յետոյ, այս երիտասարդ խումբն էլ աւելացաւ մեր մարմնին:

Մեր գործը շատ պատասխանատու, ծանր և լայնածաւալ աշխատանք է, դժբախտաբար, այս երիտասարդները շատ քիչ են մասնակցել աշխատանքներին: 

Հարց. Որո՞նք են  Ձեր աշխատանքները և ի՞նչ եղանակով են կատարւում դրանք:

- Հաշւեքննիչ Մարմինը պարտականութիւն ունի հաշւեքննութեան ենթարկել Ազգային Առաջնորդարանի ենթակայ բոլոր կառոյցների՝ եկեղեցիների, դպրոցների, մանկապարտէզների և շրջանների (Ղազւին, Ռաշտ, Անզալի, Սառի, Գորգան և Մաշհադ) եկեղեցիների հաշիւները:  Դժբախտաբար, մարդուժի պակասի պատճառով, 1388 թւից մինչև հիմա անձամբ չենք կարողացել շրջանի եկեղեցիների հաշւեքննութիւնը կատարել: Բայց բոլոր եկեղեցիները Առաջնորդարանից ստացած շրջիկ դրամով (تنخواه)   աշխատում են և ժամանակին իրենց հաշիւները ներկայացնում են առաջնորդարանի հաշւապահութեանը:

Աշխատում ենք մի քանի ժամանակ մէկ Թեհրանում գտնւող մարմինների և կենտրոնների հաշիւները տեղում ստուգել: Ստուգում ենք իրենց աշխատանքները և ծախսերը: Ջանացել ենք իրենց հաշւապահութիւնը փոխել նոր մէթոդների և կոմբիոտերացնել: Ամենամեծ հաշիւները Ա. Աւետիսեան Ազգային Բուժարանի հաշիւներն են, որոնք տարբեր հաստատութիւնների, օր. Սոցիալ Ապահովութեան Կազմակերպութեան (سازمان تأمین اجتماعی) կամ տարբեր ապահովագրութեան կենտրնների հետ հաշիւներ ունեն: Բարեբախտաբար, այս վերջին տարիներին յարմար մասնագէտ է աշխատում բուժարանի հաշւապահական բաժնում, որ որոշ չափով բուժարանի հաշւապահական խնդիրներում դիւրացրել է մեր աշխատանքը: 

Բարեբախտաբար, Առաջնորդարանի բոլոր կենտրոնները զերծ են հարկայինի վճարումից(مالیات بردرآمد) : Բոլոր դպրոցները կրթութեան նախարարութեան հսկողութեան տակ լինելով, արդէն ազատւած են հարկայինի վճարումից: 20 տարի է արդէն, նոր օրէնքի համաձայն, եկեղեցիները, մանկապարտէզները և առաջնորդարանին վերաբերող անշարժ գոյքերը նոյնպէս զերծ են մնում հարկային վճարումից: Միայն բուժարանի եկամուտն է, որի հիման վրայ պէտք է հարկ վճարւի, բայց քանի որ բուժարանն իր անւան հետ կրում է «Բարեգործական» անունը, պետական հաշւեքննիչներն աւելի բարիացակամ են մօտենում բուժարանի եկամուտի հարկայինի վճարումին: Բայց ինչ ևէ ռոճիկների հարկերը և ապահովագրութիւնը (بیمه) անպայման ժամանակին պէտք է վճարւեն:

Հարց. Ի՞նչպէս են պատրաստւում Ձեր զեկոյցները:

- Ջանացել ենք մեր զեկոյցները պատրաստել գիտական և վերջին ստանդարդների հիման վրայ, բայց և հանդերձ հնարաւորինի չափ հասկանալի: Իւրաքանչիւր կենտրոնի հաշւեքննութեան զեկոյցը կազմւում է առանձին և պարունակում է առաջին մասում ելքի և մուտքի պատկերը, երկրորդ՝ նկատւած կէտերը (բացթողումներ կամ դրական կէտեր): Այս բաժնում զեկուցւում է նաև թէ անցեալ շրջանում նկատւած բացթողումներն արդեօք վերացւել են թէ ոչ: Իսկ զեկոյցների երրորդ բաժնում մատնանշւում է հաշւեքննութեան արդիւնքը և մարմնի կարծիքը:

Զեկոյցը ներկայացւում է Պատգամաւորական Ժողովին և պատճէնը՝ Թեմական Խորհրդին:  Ապա հաշւեքննւած կենտրոնի համար որոշ ժամկէտ է որոշւում որպէսզի այդ ժամանակաշրջանում թերութիւնները կամ բացթողումները դասաւորի: Դրանից յետոյ այդ կենտրոնն արդիւնքը յայտնում է Թեմական Խորհրդին և սոյն խորհուրդը՝ հաշւեքննիչ մարմնին:

Հայաստանից հաշւապահական անգլերէնից հայերէն բառարան ենք գտել և դրա օգնութեամբ մեր զեկոյցները ճիշտ հայերէն հաշւապահական բառերով ենք կազմում, իհարկէ զուտ հաշւապահական բառերի պարսկերէնն էլ նշւում են մեր զեկոյցներում, որպէսզի կամաց-կամաց մաքուր հայերէն հաշւապահական բառեր տեղ գտնեն մեր մէջ:

Իւրաքանչիւր տարեվերջի հաշիւները, անցեալ տարիների հաշիւների հետ ընդհանրական համեմատութիւն են արւում:

Վերջում հարկ է նշել, որ Թեմական Խորհրդի անցեալ շրջանի նիւթականի պատասխանատու՝ պրն. Ռաֆիկ Գալստեանը շատ մեծ աշխատանք կատարեց Հ.Թ. Թեմական Խորհրդի բոլոր մարմինների և խորհուրդների յարաբերութիւնները  բարելաւելու Հաշւեքննիչ Մարմնի հետ: Հէնց այդ պատճառով է, որ այսօր այդ խորհուրդները և մարմինները շատ սերտ և լաւ յարաբերութիւններ ունեն հաշւեքննիչ մարմնի հետ, հանգիստ և ժամանակին դիմում են մեզ իրենց խնդիրները և հարցերը լուծելու համար: Երկկողմ յարաբերութիւնները փոխհասկացողութեան հիմքի վրայ են դրւել և ինչ նիւթական խնդիր կամ թերութիւն, որ մեր կողմից նկատւում են, խորհուրդները աշխատում են ժամանակին ուղղել և գործադրել:

Բոլորն էլ հնարաւորին ճիգ ու ջանք են դնում որպէսզի թերութիւնները վերացնեն, բայց դրանով հանդերձ մենք անթերի չենք: