Առաջնորդ Սրբազան Հայրը Ընդունեց Սրբոց Վարդանանց Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի Ներկայացուցիչներին

Շաբաթ 1 հոկտեմբերի առաւօտեան, թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Սրբոց Վարդանանց եկեղեցու եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներին, որոնք եկել էին Սրբազան Հօր հետ խորհրդակցելու եկեղեցու հիմնադրման 30-ամեակի տօնակատարութեան մասին:

Խորհրդի ատենապետ՝ տկն. Անահիտ Միխայեանը զեկուցեց, որ իրենց եկեղեցում ամիսը մի անգամ Հայ Առաքելական Եկեղեցասիրաց Եղբայրակցութեան հետ համագործակցաբար ունենում են հոգևոր լսարաններ:  Ապա յայտնեց նաև որ 4 պատանիներ ունեն, որոնք կանոնաւոր կերպով եկեղեցի են գալիս և Տէր Հօր անմիջական հսկողութեամբ դպրութեան բաժիններն են սովորում: Խնդրամատոյց եղան, որ Սրբազան Հայրը դպրութեան 4 աստիճաններ շնորհէ ենթականերին:

Այնուհետև խօսւեց եկեղեցու հիմնադրման 30-ամեակին կապւած հարցերին: Սրբազան Հայրը թելադրեց, որ եկեղեցու պատմութիւնը գրւի, ինչպէս նաև նկատի առնւեն այն անձինք, որոնք ժամանակին գործել են եկեղեցում: Խօսւեց նաև յառաջիկայ ամիսներին յարմար ժամանակին տօնել հիմնադրութեան 30-ամեակը յատուկ գեղարւեստական յայտագրով: