Սրբազան Հայրը Մասնակցեց Հայաստան-Իրան Համատեղ Կազմակերպած ԷՔՍՊՕ 2016 Առաջին Ցուցահանդէսի Բացման Արարողութեան

Չորեքշաբթի 5 հոկտեմբեր 2016-ի առաւօտեան Թեհրանի ցուցահանդէսների մնայուն վայրում տեղի ունեցաւ բացումը «Հայաստան Էքսպօ 2016 Առաջին Ցուցահանդէսին»:

Արարողութեանը նրեկայ էին երկու երկրներից Իրանի հանքերի, առեւտրի եւ արդիւնաբերութեան փոխ նախարար դոկտ. Հոսէյն ԷսՖահբոդը եւ Հայաստանի զարգացման եւ ներդրումների փոխ նախարար պրն. Յովհաննէս Յովհաննիսեանը , Իրանում Հ. Հ. արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Արտաշէս Թումանեան, տարբեր երկրների դեսպաններ, պետական այրեր եւ հայ համայնքի գործարարներ։

Սոյն բացառիկ ձեռնարկ-միջոցառման հրաւիրւած էր նաեւ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, որ Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Ռուբիկ Կարապետեանի ընկերակցութեամբ ներկայ գտնւեց եւ բացման հանդիսութեան եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ։ Առաջնորդ Սրբազան հայրը նախ իր գոհունակութիւնը յայտնեց այս առիթով շնորհաւորեց կազմակերպողներին շեշտելով, որ «այս ցուցահանդէսը կազմում է ոսկեայ մի օղակ աւելցած Իրան Հայաստան յարաբերութիւնների ոսկեայ շղթայի վրայ։ Պատմութիւնը վկայում է, որ երկու հարեւան երկրները ամէն անգամ երբ միասին են եղել կարողացել են օրհնութիւն լինել նաեւ իրենց շրջապատի ժողովուրդներին եւ երկրներին»։

Թեմակալ առաջնորդի արտայայտութիւններից յետոյ փոխ նախարարի, դեսպանի եւ առաջնորդ Սրբազան հօր ձեռամբ բացումը կատարւեց ցուցահանդէսի, որը տեւեց մինչեւ հոկտեմբերի 8-ը։