Զեկոյց՝ Ս. Թարգմանչաց Եկեղեցու Եկեղեցական Խորհուրդի Աշխատանքներից

Թեհրանի Հայոց Թեմի նորանշանակ եկեղեցական խորհուրդները մի քանի ամիս է, որ սկսել են իրենց աշխատանքները:  Նրանց ծրագրերը հանրութեան փոխանցելու համար յարաբերական Մարմնի կողմից զրուցել ենք մի քանի եկեղեցական խորհրդների հետ, որի հակիրճ զեկոյցներից մէկը ներկայացնում ենք ստորև:

Ս. Թարգմանչաց եկեղեցւոյ խորհրդի ատենապետ՝ պրն. Մարտիրոս Ասլանեանը յայտնեց՝

Խորհուրդս իր աշխատանքն սկսել է 2015 թւի յունիսի 20-ից:  Մինչև այսօր մեր նիստերը կանոնաւոր կերպով կայացել են պատւոյ նախագահութեամբ Տ. Կոմիտաս Ղարախանեանի:

Մեր աշխատանքները կարելի է բաժանել երկու մասի, առաջին՝ կրօնական տօների, որոնք պատշաճ կերպով տօնակաարւում են, երկրորդ՝ շինարարական-նորոգումների աշխատանքներ:

Առաջին բաժնում, Վարդավառի՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ մատուցւել է Ս. և Անմահ Պատարագ, որտեղ քարոզել է Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:  Ս. Աստւածածնի Վերափոխման Տօնի առիթով ևս մատուցւեց Պատարագ, որից յետոյ խորհրդիս կողմից պատրաստւած և արարողութեան ընթացքում օրհնւած խաղողի կապոցները բաժանւեցին ժոլովրդի մէջ:  Թարգմանչաց Տօնի առիթով ևս Թ. Հ. Թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի նախագահութեամբ մատուցւեց Սուրբ և Անմահ Պատարագ, որտեղ քարոզեց Սրբազան Հայրը, ապա օրհնւեց և բացումը կատարւեց եկեղեցու շրջափակում կառուցւած գրախանութը, որից յետոյ նաև օրհնւեց եկեղեցու մուտքի նոր դուռը:

Այս ընթացքում, կատարւել են մի շարք նորոգութեան և շինարարական աշխատանքներ:  Եկեղեցին օժտւել է 7 գազի զովամուղներով, որն ամռան շոգին բաւականաչափ օգտակար եղաւ հաւատացեալներին:  Իսկ եկեղեցու շրջափակում ամառւայ օրերին տեղադրւեցին խմելու ջրի երկու սառնարաններ:

Ծրագիր ունենք ապագայում մի շարք նորոգութիւններ կատարել և հնարաւորութեան դէպքում բարձրացնել եկեղեցու հոսանքի ուժգնութիւնը:

Հարկ է նշել, որ խորհուրդս այս ընթացքում հանդիպում է ունեցել նաև Թեմական Խորհրդի կողմից նշանակւած կապ՝ պրն. Վարդան Բաբախանեանի հետ:

Անցնող ամիսների ընթացքում, Վարդանանց, Ս. Գէորգ և Ս. Սարգիս տօների առիթով, կազմակերպել ենք ընթրիք երեկոներ՝ Վարդան, Վահան, Անդրանիկ, Սիմոն, Գէորգ և այլ համապատասխան անուններ ունեցող մեր հայրենակիցների մասնակցութեամբ: