Գումարւեց Թ. Հ. Թ. 15-րդ Պատգամաւորական ժողովի հերթական՝ 24-րդ նիստը

«ԱԼԻՔ» - Հաշւած օրեր են մնում Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի 15-րդ նստաշրջանի աւարտին:

Առ այդ, երեքշաբթի նոյեմբերի 1-ին ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Պատգամաւորական ժողովի հերթական՝ 24-րդ նիստը 36 պատգամաւորների մասնակցութեամբ:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ եւ ատենապետութեամբ ճրտգ. Գէորգ Վարդանի, նիստը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ պատգամաւորների թւային պատկերի ստուգմամբ: Յատկանշական է, քանի որ Պատգամաւորական ժողովի օգոստոս 30-ի նիստը քւորում չունենալու պատճառով վերածւել էր լսարանի, ուստի Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ներկայացրած բիւջէի օրինագծի յստակեցումը չիրականացաւ այն ժամանակ եւ այն քննարկւեց երէկ՝ պատգամաւորների ձայների մեծամասնութեամբ:

Նիստին, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի կողմից նիւթականի պատասխանատու Մինաս Աղանեանը ներկայացրեց իրանական ընթացիկ տարւայ համար համայնքային աշխատանքների իրականացման գծով Թեմական խորհրդի նախատեսած ծախսերը եւ գանձւելիք գումարները, մի խօսքով տարեկան բիւջէն: Ապա ժողովականները ունկնդրեցին ներկայացւած բիւջէի պատկերը, որը ընդգրկւած էր զանազան գլուխների տակ:

Բիւջէի ներկայացումից յետոյ, պատգամաւորներին հարցումների, տեսակէտների ու առաջարկների արծարծման առիթ տրւեց: Կարեւորւեց տարբեր կալւածների լաւագոյնս օգտագործման անհրաժեշտութիւնը՝ համայնքային բազմաբնոյթ ծախսերը հոգալու նպատակով, անհրաժեշտ համարւեց առաջիկայում յստակ նախագծերի մշակումը, որոնք համայնքային ծախսերի եւ բիւջէի հարցով կը հանդիսանան հասութաբեր:

Ապա Պատգամաւորական ժողովի Տնտեսական յանձնաժողովը ներկայացրեց իր տեսակէտները: Թէժ քննարկումներից յետոյ ձայների մեծամասնութեամբ հաստատւեց Թեմական խորհրդի ներկայացրած բիւջէն՝ 26 թեր, մէկ դէմ եւ 9 ձեռնպահ քւէներով:

Այնուհետեւ յայտարարւեց դադար, որից յետոյ ճրտգ. Նորայր Արամեանի ատենապետութեամբ շարունակւեց ժողովը եւ առիթ տրւեց պատգամաւորներին ընդհանուր գծերով ներկայացնել իրենց տեսակէտները, դիտարկումները եւ առաջարկները: Արտայայտութիւնների ընթացքում կարեւորւեց ընթացիկ աշխատանքներն աւելի արհեստավարժ հունով առաջ մղելու անհրաժեշտութիւնը եւ գնահատւեց համայնքային ու համազգային բազմաբնոյթ աշխատանքների իրականացման հարցով համայնքային բարձր գիտակցութեան առկայութիւնը, համայնքին ծառայելու, զարգացնելու եւ բարգաւաճ դարձնելու անհրաժեշտութիւնը: