«Հակադաստիարակչութիւն»՝ «դաստիարակչութեան» նպատակով

Աշխարհն այսօր առաջ է գնում, գիտա-կրթական եւ դաստիարակչա-հոգեբանական մեթոդները ներթափանցում են մարդու համակեցութիւն ժամանակակից տեսաբանութիւններով, թելադրելով նոր մտածողութիւն, իսկ մեզ մօտ արի ու տես (թէկուզ մի դպրոցում), որ միջնադարեան կրթական մեթոդն է դեռ կոտրւած անիւի նման պտտում:

«ԱԼԻՔ» - Տէր Թոդիկի դպրոցի մասին լսել էք, թէ ո՞չ, դա միջնադարեան կրթական համակարգում գործող տէրթոդիկեան դաստիարակչական մեթոդներն էին՝ ցուցափայտով աշակերտների գլխին խփելը, աքացի տալը եւ այլն ու զաւեշտալին այն էր, որ որեւէ մէկը չէր կարող բողոքել:

Դեռեւս աւելի վաղ՝ նախնադարեան հասարակութեան մէջ երեխաների դաստիարակութիւնը վստահւում էր առաւել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք քաջատեղեակ էին դաստիարակման առաւել յաջողած մեթոդներին: Ինչեւէ ապագայում այն վերափոխւեց...

Իսկ ինչպէս են մեր դպրոցներից մէկում՝ «Մարիամեան» տղայոց դպրոցում փոխտեսուչն ու որոշ ուսուցիչներ վարւում մեր երեխաների հետ: Պարզւում է, որ չնայած այն բոլոր ջանքերի, որ ի գործ են դնում համայնքի պատասխանատուները՝ պահպանելու մեր կրթահամակարգը, յանկարծ երիտասարդ փոխտեսուչը դուրս է գալիս իր հունից ու կորցնելով բանականութիւնը՝ խփում է աշակերտին՝ ու սա առաջին դէպքը չի ցաւօք: Կամ նոյն դպրոցում պարսիկ ուսուցիչը ապտակում է աշակերտին՝ տետրակը մոռանալու համար: Իհարկէ՝ մանրամասների մէջ խորանալու դէպքում կարելի է նաեւ այլ օրինակներ եւս բերել, իսկ ուր մնաց առողջ տրամաբանութիւնը, որը պարտադիր պէտք է ուղեկցի մեր մատաղ սերունդի դաստիարակութեամբ զբաղւող տեսուչներին, փոխտեսուչներին, ուսուցիչներին ... ուրեմն՝ ի դերեւ են դառնում այն ջանքերը, որոնք ուղղւած են կոպիտ ասած՝ եղածը փրկելուն: Չգիտեմ, այստեղ երեւի հոգու միակ մխիթարանքը կարող է լինել այն, որ տէրթոդիկեան մեթոդը համատարած երեւոյթ չէ մեր կրթահամակարգում:

Այս խնդրի արծարծումը բխել է «Ալիք»-ին տրամադրած ծնողի նամակ-բողոքից եւ յետայսու առաւել՝ առանց վարանելու՝ հետեւողական արձագանգներ կը լինեն մեր էջերում եւ փաստացի կը նշւեն դպրոցի եւ պատասխանատու անհատի անունները, քանի որ կարծես աներեւոյթ նախազգուշացումները չեն տալիս ցանկալի արդիւնքներ, իսկ այստեղ այսօր համայնքային «զոհասեղանին» մեր լինելութեան հարցն է, իր բոլոր անկանխատեսելի հետեւանքներով:

Աշխարհն այսօր առաջ է գնում, գիտա-կրթական եւ դաստիարակչա-հոգեբանական մեթոդները ներթափանցում են մարդու համակեցութիւն ժամանակակից տեսաբանութիւններով, թելադրելով նոր մտածողութիւն, իսկ մեզ մօտ արի ու տես (թէկուզ մի դպրոցում), որ միջնադարեան կրթական մեթոդն է դեռ կոտրւած անիւի նման պտտում:

Յ. Գ.- Անմիջապէս նշենք, որ դպրոցի փոխտեսուչը արդէն իսկ հեռացւել է աշխատանքից:

Գնալով այս նամակի հետքերով եւ նամակին ամբողջական ընթացք տալու նպատակով՝ կապ հաստատեցինք Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի ատենապէտ՝ Սեւան Դանիէլեանի հետ, ով մեզ հետ զրոյցում նշեց, որ ցաւօք այս դպրոցում սա առաջին դէպքը չէ եւ մանրամասնեց՝ ««Մարիամեան» դպրոցի հարցը միայն այս միջադէպով չի սահմանափակւում, արդէն մի շարք խնդիրներ մինչ այս դրսեւորւել էին եւ, դժբախտաբար, այս դպրոցում բազմաթիւ խնդիրներ կան: Այս ուսումնական տարւայ սկզբից եւեթ այս դպրոցի հետ կապւած հարցերը մեր սեղանին են դրւել: Դա այն դէպքում, երբ մենք ընդամենը երեք ամիս է, որ սկսել ենք մեր գործունէութիւնը: Ուսումնական տարւայ սկզբից հէնց այս հարցերը մեր սեղանին էին, մինչեւ որ այս վերջին դէպքն էլ ցաւօք գրանցւեց»:

Պրն. Դանիէլեանը յաւելեց նաեւ, որ ընդունւած օրէնքի համաձայն մեր հայկական դպրոցներում բացի պարսկերէն առարկաներից, որոնք բնականօրէն դասաւանդւում են պարսկերէն լեզւով, հայկական դասաժամեր էլ կան, որոնք իրական եւ կարեւոր խթան են հայեցի դաստիարակութեանն ուղղւած, եւ հայկական դասաժամերի դասաւանդման համար բաւական շատ ներդրում է արւել, որպէսզի հասնենք նրան, ինչ որ այսօր կայ՝ այսինքն՝ հասել ենք նրան, որ մեր ազգային դպրոցներում 8 ժամ հայոց լեզու, կրօն եւ հայոց պատմութիւն դասաւանդւի: Ու յանկարծ նկատւեց, որ այս դպրոցում հայոց լեզւով դասաւանդւող դասաժամերը բաւականին քիչ են դասաւանդւում եւ խնդիրների հիմնահարցը այս դպրոցում սա է ու այստեղից է ամէն ինչ ակունք առել: Իրականում, նման պատկեր է բացայայտւել՝ ըստ Ուսումնադաստիարակչութեան նախարարութեան ճշտած նորմերի, այստեղ 30 րոպէ աւելի քիչ է դասաւանդւել ազգային լեզւով առարկաները: «Այս հարցին մենք բաւական հետեւել ենք եւ հարցը քննարկւել է փոխտեսչի հետ նաեւ, բայց ցաւօք չկարողացանք նրա հետ որեւէ արդիւնքի հասնել եւ տեսուչն էլ այն համագործակցութիւնը, որ պէտք է ունենար մեզ հետ չի ունեցել..., հիմա հանդիպել ենք դպրոցի տեսչին, նրան ենք ներկայացրել դասացուցակը եւ հրահանգել, որ անպայմանօրէն հայերէն դասաժամերը դասաւանդւեն ուսումնադաստիարակչութեան նորմերի համաձայն, եւ քանի որ ամէն ինչ ըստ օրէնքի է նախատեսւած, տեսուչը չկարողացաւ ընկրկել:

Խնդիրներ կային նաեւ փոխյարաբերութիւններում՝ փոխտեսուչծնող, փոխտեսուչ-աշակերտ յարաբերութիւններում: Եւ այս բոլոր ընդհանրական հարցերի եզրայանգումը վերջին միջադէպով բերեց վերջին եզրակացութեան՝ դպրոցի փոխտեսուչն հեռացւեց զբաղեցրած պաշտօնից: Մենք յստակ համոզւած ենք մեր այն սկզբունքում, որ մեր իւրաքանչիւր քայլ ուղղւած է աշակերտների առողջ դաստիարակութեանը եւ ծնողների հետ բարեկիրթ վերաբերմունքին ու դրանց պահպանմանը»,- խօսքը եզրափակեց Կրթական խորհրդի ատենապետը: