Հայաստանից Ժամանած Բժիշկներն այցելեցին Ազգային Առաջնորդարան

Շաբաթ 12 նոյեմբեր 2016-ի կէսօրին Առաջնորդ Սրբազան հայրը ընդունեց Հայաստանից ժամանած ճառագայթային բուժման մասնագէտ բժիշկների պատւիրակութեան:

Այցելութեանը ներկայ էին նաև գիտաժողովի կազմակերպիչ, Երևանի «Վառան Արմենիա» նորակառոյց ընկերութեան խորհրդի նախագահ՝ դոկտ. Մոհամմադ Շահրամին, նոյն ընկերութեան ներկայացուցիչ՝ պրն. Շանթ Շահնազարեանը և «Ալիք» հաստատութեան տնօրէն՝ պրն. Արա Շահնազարեանը։

Խումբն եկած է Իրան, մասնակցելու ճառագայթային բուժման գիտաժողովին, որտեղ երկու երկրների մասնագէտներ ջանանում են ռադիօթռափի մասնագիտութեան գիտելիքներ փոխանցել միմեանց:

Ողջոյնի և բարեգալստեան խօսքից յետոյ, Սրբազան Հայրը նախ համառօտ բացատրութիւններ տւեց Թեհրանի Հայոց Թեմի և ընդհանրապէս հայերի Իրանում ունեցած իրաւունքների, հայ եկեղեցիների և ազգային դպրոցների մասին:

Սրբազան Հայրն իր խօսքերի մէջ արտայայտւեց նաև որ կրօնական փոքրամասնութիւնների միմեանց հետ գոյակցութեան մշակոյթն Իրանում գալիս է պատմութիւնից, կրօնական փոքրամասնութիւններն այստեղ ունեն իրենց իրաւունքները:  Աւելացնելով որ հայերը, լինելով քրիստոնեայ փոքրամասնութիւն այս երկրում, ևս ունեն իրենց եկեղեցիները, կրօնական և ազգային արարողութիւնները և դպրոցները:

Առաջնորդ Սրբազանը նաև շեշտեց, որ իրանահայերն ունեն հնարաւորութիւն հայերէն լեզւով գրքեր տպելու, ապա Իրանում տպւած «Նոր Կտակարան»-ը և Մեծ Եղեռնի վերաբերեալ տպւած երկու գրքերից մէկական օրինակ նւիրեց իւրաքանչիւրին: