Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՍՏԾՈՒ ՏԵՍԻԼՔՈՎ ԺԱՄԱՆԱԿԸ ՅԱՒԵՐԺԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

«Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ. կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես»։ (Երեմիա 33։3)

Այս օրերին, ամանորեան եւ մեր Փրկչի ծննդեան տօներից ճառագայթող հաւատքի ջերմութեամբ շնչող քրիստոնեայ մարդը, գոհունակութեան ու փառաբանանքի խորը զգացումներով լիացած, ի տես ներկայ օրերի չարաղէտ դէպքերի, արիւնահեղ պայքարների, եղբայրասպան կռիւների, եղբայրատեաց ու անմարդկային վերաբերմունքի, կոչւած է ականջ տալու մարգարէի վերոյիշեալ յորդոր-պատգամին, դրանով դէպի խաղաղութիւն իր երթը ամրացնելու, որպէսզի դէպի եղբայրասիրութիւն ու սիրոյ կեանք իր ընթացքը լինի հաստատակամ եւ աստւածահաճ։

Մարգարէն ի լուր եւ ի տես իր ժողովրդի անառակութեան, իր բանտախցից յորդորում էր ժողովրդին Աստծուն կանչելու, որպէսզի Աստծու օրհնութեամբ, կարողանայ հեռու մնալ քանդիչ ու աւերիչ երեւոյթներից։ Երեմիայից առաջ, մի ուրիշ մարգարէ՝ Մեծն Եղիան Աստծուն կանչելով, պարտութեան մատնեց Բահաղի կեղծ մարգարէներին, որոնք պատճառ էին եղել, որ Աքաաբ՝ Իսրայէլի թագաւորը, իր կնոջ Յեզաբէլի ազդեցութեան ներքոյ, հեռանար Աստծուց եւ ընթացք տար կռապաշտութեան։

Աստւած լսում, օգնում եւ գթութեամբ ողորմում է բոլոր նրանց, ովքեր կանչում են նրան, այսինքն դառնում են առ Աստւած եւ հայցում իր առաջնորդութիւնն ու հովանաւորութիւնը։ Հին Կտակարանի ժողովուրդի կեանքը վկայութիւնն է Աստծու ՛՛պատասխաններին՛՛ իր Աստծուն կանչելուն, քանի որ մարգարէն ասում է.- «Ով որ Տիրոջը օգնութեան կանչի, կը փրկւի»(Յվ. 2։31)։

Եկեղեցու պատմութիւնն ու եկեղեցական աւանդութիւնը մեզ յուշում են Աստծու միջամտութեան, ինչպէս նաեւ, առաջնորդութեան, ի պատասխան իրեն ուղղւած կանչին ու դարձին։

Առ Աստւած դարձ նշանակում է մերկացում մեղքերից եւ վայելք՝ աստւածային օրհնութեան։ Դրա համար է, որ մարգարէները եւ ի լրումն ժամանակի, մեր Տէրը Քրիստոս եւ այնուհետ իր առաքեալներն ու աշակերտները միշտ զգուշացրել են ժողովրդին, որ լինեն զգաստ ու զգօն, այլեւ հաւատարիմ ու յանձնառու աստւածային պատւիրանների գործադրութեան մէջ։

Պօղոս առաքեալը խրատում է իր եկեղեցու անդամներին յորդորելով, որ ուշադրութիւն դարձնեն իրենց ապրելակերպին յաւելելով. «Մի՛ ապրէք անմտօրէն, այլ իմաստունների նման, օգտագործեցէ՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են։ Ուստի անմտութիւն մի՛ արէք, իմացէ՛ք, թէ Տէրն ի՛նչ է ուզում ձեզնից»(Եփ. 5։15-17)։

Աստւածաստեղծ մարդը կոչւած է ապրելու Աստծու կամքի համաձայն, աւելին, ան կոչւած է իր կեանքով ու գործով Աստծուն փառաբանելու։ Նա՝ մարդը իր գործով, ձեռքի աշխատանքով Աստծու Փառքը պիտի հիւսէ իր կնիքը դնելով անոր վրայ. մարդն է, որ կը գործէ, երկիրը վերածելով դրախտանման այգու։ Այդ բոլորը անում է ժամանակի մէջ եւ ժամանակի համար ի խնդիր յաւերժութեան։ Արդարեւ ժամանակն իր տարածքով մարդու արժեւորում է իբրեւ աստւածաստեղծ արարած. միւս կողմից մարդը իր կոչման բերումով ապրում է ժամանակի մէջ եւ այստեղ նա ինքն իրեն գտնում է երկու բեւեռների առաջ՝ ծնունդ եւ մահ։ Ծնւած ժամանակի մէջ ու ժամանակով պարուրւած, կարո՞ղ է այնպէս նւաճել ժամանակը, որ ինք յաղթական ու հաստատակամ իր երթը շարունակի դէպի յաւերժութիւն, թէ ոչ ՛՛խոտանման՛՛ կեանքով ինքն իրեն դատապարտում է կորստի։

Ասւում է ժամանակը փոխում է մարդին, բայց մարդը չի կարող ժամանակը փոխել. Այո՛, ժամանակը յարատեւ շարժման մէջ է, որեւէ մէկը չի կարող այն կասեցնել եւ կամ ետ բերել, սակայն մարդը կարող է ժամանակը նւաճել, այն օգտագործել բարիով ու բարի գործերով։ Էականը ինչպէս է օգտագործւում ժամանակը։

Ինչ գեղեցիկ ու ներշնչող են սաղմոսերգուի բառերը.

«Արդարեւ, մարդու կեանքը խոտի է նման,

ծաղկում է այնպէս, ինչպէս վայրի ծաղիկ,

երբ խորշակը փչում է նրա վրայ, այլեւս դադարում է

գոյութիւն ունենալուց։

Նրա տեղն անգամ չես իմանայ»(Սղ. 103։15-16).

Սակայն Աստծու հովանու ներքեւ եւ հաւատով ապրողները արժանանում են Տիրոջ հոգածութեան եւ գնահատանքին։

«Սակայն Տիրոջ հոգածութիւնն անվախճան է.

իր արդար վարմունքը մշտական է

իրենից ակնածողների հանդէպ,

նրանց հանդէպ որոնք հաւատարիմ են իր ուխտին

եւ չեն մոռանում գործադրել իր հրահանգները»(Սղ. 103։17-18)։

Մարդ արարածը իրեն շնորհւած կեանքը ժամանակի տարածքին մէջ տնտեսելու եւ այն ՛՛խոտի նման՛՛ անյայտացնելու հրամայականի առաջ է կանգնած. ահա մարտահրաւէրը, որի ի պատասխան դարերով գիտնականներ, փիլիսոփաներ փորձած են պատասխան գտնել, բացատրութիւններ տալ ժամանակի էութեան մասին։

Ո՞րտեղ է մարդը ժամանակի մէջ։ Ժամանակ կոչւած տարածքում կա՞յ ինչ որ բան, որ մնում է. Աւետարանը ասում է «Նոյնիսկ եթէ երկինքն ու երկիրը անհետանան, իմ խօսքերը չեն անհետանայ»(Մտ. 24։3)։

Այո՛, կեանքում կան բաներ, որոնք կ՛անցնեն, որովհետեւ չեն դիմանայ պատմութեան փորձաքարին եւ բաներ էլ կան, որ մնայուն ու յաւիտենական են, որովհետեւ յաւիտենականութեան կնիքով են շաղախւած։ Մեզ համար յաւիտենական է Աստծու խօսքը, կենդանի է ու ներշնչող միաժամանակ։

Դարերով մարդիկ, ովքեր սաղմոսերգուի բառերով հաւատարիմ են եղել Աստծու ու աստւածային ճշմարտութիւններին անդրանցել են ժամանակը, այն նւաճել են եւ կարողացել են ժամանակ կոչւած պաստառին վրայ իրենց յետքը թողուլ։

Աստծու խօսքերով կենսաւորւած ու լիցքաւորւած մարգարէներն ու Քրիստոսի առաքեալները անընդհատ յիշեցուցեր են, որ ժամանակը իմաստաւորւում է միայն ու միայն գործով, աշխատանքով։ Ժամանակը անժամանակ է դառնում բարութեամբ օծուն գործերով։ Աստւած դարերով իր մարգարէների միջոցաւ իր խօսքը փոխանցեց մարդուն, որպէսզի նրանով նա ժամանակը լաւագոյն կերպով օգտագործի. աւելին ի լրումն ժամանակի իր Որդուն ղրկեց, որպէսզի Նա յաւիտենական կեանքի դռները բաց անէր մարդկութեան առաջ։

Աստւածորդին ժամանակի անհունի միջից անցաւ, մարդուն յաւիտենականութիւն շնորհելու համար.«Ով հաւատում է ինձ, թէպէտ եւ մեռնի, կ՛ապրի»(Յհ. 11։25) ասաց Քրիստոս։ Քրիստոսով ապրւած կեանքը նոր է ու յաւիտենական, որովհետեւ ինքն է միաժամանակ Տէրը ժամանակին ու անոր տարածքին, դրա համար Պետրոս առաքեալը ասում է «Այս եւս մի՛ մոռացէք, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարւայ պէս է, եւ հազար տարին մէկ օրւայ պէս»(Բ. Պտ. 3։8)։ Առաքեալից հարիւրաւոր տարիներ առաջ սաղմոսերգուն ասել է.«Որովհետեւ քո աչքին հազար տարին երեկւայ պէս մի ակնթարթ է, գիշերւայ մէկ պահի պէս, որ արդէն անցած է»(Սղ. 90։4)։

Տօնական այս օրերին, երբ կրկին անգամ, ակամայ ժամանակ կոչւած իրականութեան խորհուրդը մեր միտքը չարչրկում է եւ միւս կողմից էլ երբ Ծննդեան խորհուրդը մեզ յիշեցնում է Քրիստոսով նոր ու յաւիտենական կեանքի տեսիլքը, պարտաւորւում ենք մեր հայեացքները ուղղելու դէպի երկինք, որտեղից 2016 տարիներ առաջ լսւեց խաղաղութեան, սիրոյ եւ հաճութեան պատգամը իբրեւ մեկնակէտ նոր կեանքի, ժամանակը նւաճելու միջոց եւ աշխարհը խաղաղութեամբ վերանորոգելու առիթ։

«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,

խաղաղութիւն երկրի վրայ

եւ հաճութիւ՜ն մարդկանց միջեւ»(Ղկ.2։14)։

Այսօրւայ աշխարհը տագնապում է խաղաղութեան, սիրոյ եւ հաճութեան պակասից. ահաբեկչութիւնն ու եղբայրասպան կռիւները, թշնամական եւ երբեմն անմարդկային վերաբերմունքի դրսեւորումը մարդկութիւնը մեծ մարտահրաւէրների առաջ են դրել։ Ո՞րտեղ ենք գնում…։ Մինչեւ ե՞րբ այս անմարդկային երեւոյթները պիտի խանգարեն մարդկութեան կեանքը։

Ահա հարցումներ, որոնց պատասխանում է մեր Տէրը.«Ես եկայ, որպէսզի կեանք ունենան, եւ կեանքը լինի առաւել լեցուն» (Յհ. 10։10)։ Այո՛ Քրիստոսով ապրւած կեանքը սիրոյ, խաղաղութեան, հաւատքի եւ յարութեան կեանքն է. վկայ Քրիստոսի եկեղեցին իր հարուստ պատմութեամբ, վկայ մեր ժողովուրդի կեանքը, որ լի է եղել հալածանքներով, աւեր-աւարով, ցեղասպանութեամբ եւ սակայն հակառակ այդ բոլորին ան այսօր կայ եւ որեւէ մէկ ժամանակից աւելի լուսավառ տեսիլքով իր կեանքն է կերտում տեսիլքովը յաւիտենական կեանքին։

Մեր ժողովուրդը իր դարաւոր պատմութեան ընթացքին եղաւ հաւատարիմ հետեւորդը իր Փրկչին, որով զօրացած ու լուսաւորւած ստեղծագործեց եւ իր ստեղծագործութեամբ Աստծուն փառաբանեց։ Այսօր էլ նա իր պատմական հայրենիքի մի մասի վրայ Անկախ իր պետականութեամբ եւ ժողովուրդով արար աշխարհին վկայում է, որ թէեւ ինք ժամանակի մէջ ծնւած է, սակայն իր պատմութեամբ ՛՛յիշատակութեան արժանի արիական գործերով՛՛ ժամանակը նւաճած է ու դարձել է յաւերժին ժառանգորդ։ Աւելին, իր հայրենիքից հեռու սակայն իր կեանքի իւրաքանչիւր րոպէն, իր հայրենիքով շնչող ու կարօտով ապրող հայ ժողովրդի զաւակները, նոյն հաւատքով ու յանձնառութեամբ, գործում են ու երազում իրենց հայրենիքը։

Թեհրանահայ գաղութը եւս իբրեւ անբաժան մասնիկը Հայկազնեան ազգին ապրում է ու գործում, շնչում է ու ստեղծագործում միշտ տեսիլքովը իր ամբողջական հայրենիքի։

Այս խոհերով կոչ եմ անում մեր ժողովրդի բոլոր զաւակներին, որ սիրոյ, խաղաղութեան, հաճութեան, փոխադարձ յարգանքի եւ յատկապէս միասնութեան, համատեղ գործակցութեան ու հանդուրժողութեան շինիչ զգացումներով դիմաւորենք Ամանորեան եւ Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները եւ տօներից ճառագայթող սիրոյ, հաւատքի ու յոյսի զգացումներով միմեանց շնորհաւորենք ու փոխադարձ բարեմաղթութիւններով միմեանց, մեր ողջ ժողովրդի հայրենիքում թէ հայրենիքից դուրս ցանկանանք Աստծու օրհնութիւններով ու շնորհքով լեցուն օրեր, տարիներ։ 

Յիշենք, որ միասնութեամբ ու համատեղ տօնակատարութեամբ տօները մեզ համար առաւել եւս դառնում են զօրութեան եւ ներշնչումի աղբիւր։ Իրարմով եւ իրարու հետ գործելով հզօրանանք եւ իբրեւ հզօր մի ազգի ժառանգորդներ շնորհաւորենք միմեանց ասելով.

Շնորհաւոր նոր տարի եւ գալիք Ս. Ծնունդ. Ամէն։

ԱՂՕԹԱՐԱՐ՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

 ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 30 Ապրիլի 2024;
ԼԱ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ