Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՔՐԻՍՏՈՍ՝ ՓՐԿԻՉ ԱՇԽԱՐՀԻ

 

Բեթղեհէմում Մարիամի ծննդաբերութեան ժամանակը հասաւ, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարաուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանատնում նրանց համար տեղ չկար»։ (Ղկ. 2։8)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, Ամէն.

Ղուկաս Աւետարանիչը գեղեցիկ կերպով պատմում է Քրիստոսի ծննդեան հետ կապւած դէպքերը։ Արդարեւ, Հռոմի Օգոստոս կայսեր հրամանագրով, ողջ կայսրութեան տարածքում գտնւող բնակիչների մարդահամար էր անցկացւելու։ Ամէն մարդ պարտ էր իր հայրենի քաղաքը գնալ արձանագրութեան համար։ Յովսէփ Դաւթի ցեղից լինելով, Գալիլիայի Նազարէթ քաղաքից Հրէաստանի Բեթղեհէմ քաղաքը եկաւ իր նշանածի՝ Մարիամի հետ, որ յղի էր։

Ահա այստեղ, Բեթղեհէմում, Յովսէփ չի կարող հիւրանոցներից որեւէ մէկում տեղ գտնել. ճարահատեալ քաղաքի մերձակայքում գտնւող մի քարայրում, որ եւ ծառայում էր որպէս ախոռ անասունների համար, պատսպարւեց իր խօսեցեալին՝ Մարիամի հետ, եւ ահա ինչ զուգադիպութիւն այնտեղ անասունների բարի նայւածքին ներքեւ ծնւում է Քրիստոս, խանձարուրի մէջ են փաթաթում նրան ու դնում մսուրի մէջ, «որովհետեւ իջեւանատանը նրանց համար տեղ չկար»։

Աստւած բազմաթիւ անգամներ ու բազմազան կերպերով իր մարգարէների միջոցաւ ինքն իրեն յայտներ էր եւ ի լրումն ժամանակի իր Միածին Որդուն ղրկեց իբրեւ Փրկիչ, մարդկութիւնը իր մեղքերից սրբելու եւ նրան յաւիտենականութեան առաջնորդելու։ Աշխարհը սակայն փակեր էր իր ականջներն ու աչքերը աստւածային յայտնութեան առաջ։ Իսկ երկինքը, ի տես եւ ի լուր Քրիստոսի ծննդեան, կարծես պատռւում է ու երկնային էակների ու հրեշտակների միջոցով, հոգեթով մեղեդիի երգակցութեամբ, առաւօտեան ցօղի անարատութեամբ, աշխարհին տալիս է խաղաղութեան ու հաճութեան պատգամը, որպէս սկիզբ նոր կեանքի.-

«Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում,

խաղաղութիւ՜ն երկրի վրայ

եւ հաճութիւ՜ն մարդկանց միջեւ»(Ղկ.2։14)։

«Խաղաղութիւն երկրի վրայ եւ հաճութիւն մարդկանց միջեւ», ահա Քրիստոսի հրաշափառ ծննդեան խորհրդից ճառագայթող ճշմարտութիւնը, որի բացակայութիւնից տագնապահար աշխարհը փնտռտուքի մէջ էր։

Քրիստոս աշխարհ եկաւ մարդուն շնորհելու նոր կեանք։ Մարդկութեան շնորհւած կեանքը խաղաղութեան կեանք է. երկրաւոր կեանքի վերջին պահերին իր առաքեալներին ասում է.-«Խաղաղութիւն եմ թողնում ձեզ. իմ խաղաղութիւնն եմ տալիս, որ տարբեր է այս աշխարհի տւած խաղաղութիւնից»(Յհ. 14։27)։ Այո, Փրկչին տւած խաղաղութիւնը տարբեր է աշխարհի տւած խաղաղութիւնից, որովհետեւ ան խարսխւած է սիրոյ եւ գերագոյն զոհողութեան վրայ։ Խաղաղութեան կեանքի պատւանդանը սէրն է, սէր որ անանձնական է, որ ինքն իրեն բաշխում է իր նմանին։ Իր նմանը ես եմ, դու ես, նա է, իր նմանը նաեւ անկարն ու անտունն է, հիւանդն ու կարիքաւորն է։ Այլ խօսքով իր նմանը ողջ մարդկութիւնն է, որի փրկութեան համար Քրիստոս աշխարհ եկաւ։

Քրիստոսի ծննդեան գիշերը, երկինքը վկայում է Փրկչի ծննդեան, երբ հրեշտակների միջոցաւ աւետիս է տրւում դաշտերում իրենց հօտերին պահակութիւն անող հովիւներին «Մի՛ վախենաք, ես մի աւետիս եմ տալու ձեզ, որ մեծ ուրախութիւն պիտի պատճառի ամբողջ ժողովրդին. այսօր Դաւթի քաղաքում ծնւեց ձեր Փրկիչը, որ Օծեալ Տէրն է»(Ղկ. 2։10-11)։

Յիսուսի տաճար ընծայման առիթով, երբ իր ծնողները նրան տաճար տարին համաձայն Մովսիսական օրէնքի, նոյն միջոցին Սիմէոն ծերունին, Ս. Հոգու առաջնորդութեամբ, տաճար է մտնում եւ փոքրիկը տեսնելիս իր գիրկն է առնում նրան եւ Աստծուն գոհութիւն տալով ասում է.-

«Այժմ, ո՛վ Տէր, համաձայն քո խոստման՝

թող որ քո ծառան մեռնի խաղաղութեամբ,

քանզի աչքերս տեսան Փրկչին,

որ ուղարկեցիր դու բոլոր ժողովուրդներին,

որպէս լոյս լուսաւորելու հեթանոսներին

եւ լինելու փառքն Իսրայէլի՝ քո ժողովրդի»(Ղկ.29-32)։

Խոստումը, որի ակնարկում է Սիմէոնը, Ս. Հոգուց իրեն տրւած էր իբրեւ գնահատանք իր արդար եւ աստւածավախ մարդ լինելուն եւ որ է «չպիտի մեռնէր մինչեւ չտեսնէր Տիրոջ Օծեալին»(Ղկ.2։26)։

Քրիստոսի ծնունդով իրագործւեց մարդու փրկագործութիւնը, որպէս արտայայտութիւն Աստծու սիրոյն. Պօղոս առաքեալ ասում է.- «Բայց Աստւած մեր հանդէպ ունեցած իր սէրը յայտնեց դրանով, որ երբ տակաւին մեր մեղքերի մէջ էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ»(Հռ. 5։8)։ Հետեւաբար փրկութիւնն իրագործւում է խոստովանելով Քրիստոսին իբրեւ Տէր եւ հաւատալով, որ Աստւած Նրան յարութիւն տւեց մեռելներից, այլ խօսքով Քրիստոսին ընդունել իբրեւ Տէր եւ Փրկիչ, այնպէս ինչպէս Սիմէոն Ծերունին նրան ընդունեց։

Քրիստոսի հրաշափառ ծննդեան գերազանց խորհուրդը անկեալ մարդին մաքրելն ու Աստծու առաջնորդելն է. Աստծուն առաջնորդել նշանակում է մարդը աստւածային ճշմարտութիւններով, հաւատքի, յոյսի եւ սիրոյ առաքինութիւններով ու յաւիտենականութեան տեսլականով կենսաւորւել ու լիցքաւորել է։ Ծննդեան գիշերը աշխարհը իր անտարբերութեամբ չկարողացաւ տեսնել ու հասկանալ պարզ քարայրում տեղի ունեցած այդ հրաշալի դէպքը, որ կատարւում է ամենահամեստ ու խոնարհ պայմաններում եւ որ հետագային, ողջ մարդկութեան կեանքը կերպարանափոխող մի նոր հանգրւան էր լինելու։

Աստւածորդու հրաշափառ ծնունդով երկինքն ու երկիրը, մի անգամ եւս կամրջւեցին սիրոյ եւ խաղաղութեան ծիածանով, աշխարհը ողողելով աստւածային շնորհքովն ու օրհնութեամբ։ Աստւածորդու մարդեղութեամբ երկինքը, մի անգամ եւս, ժպտաց մարդկութեան, որ այնքան կարիքը ունէր անմեղ ու անարատ ժպիտի ցոլացումին իր կեանքի վրայ։

Այսօր դժբախտաբար շատ քիչեր են որոնք այդ ժպիտի քաղցրութիւնը զգում ու նրանով ապրում են։ Մարդկութեան կեանքի տիրական մէկ երեսը եղել է հեշտասիրութիւնը, հաճոյամոլութիւնը, նիւթապաշտութիւնը, վնասակար ցանկութիւնները եւ ի վերայ այսր ամենայնի, անտարբերութիւնը աստւածային ճշմարտութիւնների նկատմամբ։ Այսպիսիների կեանքը թշնամանք է Քրիստոսի խաչին, որ մեզ համար զոհագործութեան եւ սիրոյ գերագոյն խորհրդանիշն է։

Դարերով սակայն Քրիստոսի եկեղեցու հաւատացեալները ապրեցին ու գործեցին Քրիստոսի հրաշափառ ծննդեան խորհուրդից ճառագայթող սիրով, սէր որ նրանց կապեց իրենց Փրկչին, սէր որ նրանց մղեց մեծ զոհողութեանց, նեղութիւնների ու հալածանքների եւ սակայն ամուր մնացին իրենց սիրոյն մէջ, քանի որ նրանք Քրիստոսին էին ընդուներ իրենց մէջ եւ իրմով նոր արարած էին նորոգութեամբ Ս. Հոգւոյն.-«Որեւէ մէկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է, նա այլեւս այն չէ, ինչ որ նախապէս էր, որովհետեւ նա ամբողջութեամբ նորոգւեց։ Եւ այս նորոգումը գալիս է Աստծուց, որ Քրիստոսի միջոցով մեզ հաշտեցրեց իր հետ ու նաեւ պաշտօն տւեց մեզ, որ այդ հաշտութիւնը պատգամենք բոլոր մարդկանց»(Բ.Կր. 5։17-18)։

Մեր հայրերը իրենց պատմութեան վերջին երկու հազար տարիները ապրեցին Քրիստոսի հրաշափառ ծննդեան խորհուրդով։ Նրանք Քրիստոսին միացած առաքեալի բառերով յայտարարեցին.-«Ուրեմն ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց՝ նեղութիւ՞նը, անձկութիւ՞նը, հալածա՞նքը, սո՞վը, մերկութիւ՞նը, վտա՞նգը կամ սու՞րը»(Հռ.8։35)։ Այո, մեր ժողովուրդը չարչարւեց ու հալածւեց, ՛՛ոչխարի նման սպանդանոց՛՛ տարւեց սակայն հաւատարիմ մնաց իր Փրկչին եւ դրա համար այդ բոլորից յաղթական դուրս եկաւ շնորհիւ Նրան, ով սիրեց մեզ։

Այսօր, որպէս հայ եկեղեցու զաւակներ կոչւած ենք յետադարձ ակնարկով դիտելու մեր հայրերի յաւերժաբոյր կեանքը, որով նրանք իրենց հոգու ու մտքի ստեղծագործութիւնը եղող հայ մշակութային գանձերը՝ ճարտարապետութիւն, երաժշտութիւն, գրականութիւն վերածեցին դէպի երկինք ճենճերող խնկաբոյր աղօթքի։ Կոչւած ենք հետեւելու նրանց կեանքի օրինակին եւ խաղաղութիւնն ու հաճութիւնը ապրենք մեր կեանքով մեր ընտանիքների, մեր միութիւնների, մեր հայրենիքի եւ ընդհանրապէս մեր կեանքի մէջ։

Սիրոյ եւ խաղաղութեան կեանքով նոր մարդ ենք դառնում եւ նորոգւելով վերակենդանացնելու ենք մեր Տիրոջ պատկերը մեր վրայ. ու իբրեւ նորոգւած եւ սրբւած պիտի կարողանանք միմեանց հանդէպ հանդուրժող ու ներող լինել, իրար հանդէպ աւելի սէր ունենալ եւ այդ բոլորով Աստծուն փառաբանել։

Ծննդեան տօնակատարութիւններով զօրանանք ու ամրանանք, քանի որ կրօնական թէ ազգային տօնակատարութիւնները աղբիւր են զօրութեան եւ ամէն բարիքի։ Արտասահմանեան թէ հայրենիքեան մեր կեանքը նորոգենք ու շէնացնենք մեր ժողովրդի տեսիլքների հեռանկարով, վերյիշելով Աստւածաշունչ Մատեանի ՛՛արքայական օրէնքները՛՛ սիրիր քո ընկերը ինչպէս ինքդ քեզ, սիրիր քո հայրենիքն ու եկեղեցին, լեզուդ ու պատմութիւնը ՛՛ինչպէս ինքդ քեզ՛՛ եւ ընդունիր Քրիստոսին քո սրտում ու հոգում, որպէսզի դառնաս ժառանգորդը յաւերժի։

Այս խոհերով եւ ակնկալութեամբ շնորհաւորում եմ իմ սիրելի ժողովրդի բոլոր զաւակներին, որտեղ որ լինեն։ Շնորհաւորում եւ աղօթում եմ մեր եկեղեցական եւ քաղաքական ղեկավարութեան, մեր քոյր թեմերի առաջնորդներին եւ իրենց ազգային իշխանութեանց եւ ժողովրդին։ Աղօթում եմ նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր Առաջնորդին եւ երկրի ղեկավարութեան ու նաեւ Սուրիոյ, Իրաքի, Լիբանանի, Եմէնի եւ ընդհանրապէս աշխարհի բոլոր երկրների խաղաղասէր ժողովուրդների համար, կրկնելով մեր հայրերի մաղթանք շնորհաւորանքը.

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ

Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս. Ամէն.

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 29 Ապրիլի 2024;
Լ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ