«Բաղ մուզէ դեֆա Մողադդաս» համալիրի Գլխաւոր Տնօրէնն Այցելեց Հայ Նահատակի Ընտանիք

Նոր-Տարւայ և Ս. Ծնունդի առիթով, Թեհրանի Քաղաքապետի խորհրդատու և «Բաղ Մուզէ Դէֆա Մողադդաս» (Սրբազան Պաշտպանութեան Թանգարան) համալիրի գլխաւոր տնօրէն՝ Գեներալ Ջաւադ Խազրային նաև նոյն համալիրի խորհրդի փոխնախագահ և «Բասիջ Մոստազաֆին» կազմակերպութեան տեղակալ՝ Գեներալ Ալի Ֆազլին, շաբաթ յունւարի 14-ին այցելեցին հայ նահատակ զինւոր՝ Զորիկ Մուրադեանի ընտանիքի անդամներին:

Զորիկ Մուրադեանը ծնւել է 28 յունիս 1960-ին: Ընտանիքի միակ արու զաւակն էր: Լրիւ ուսումնական տարիներում գերազանցիկ աշակերտ էր: Թէկուզ ընդունւեց արտասահման ուղարկւող ուսանողների քննութեանը, այդ ընդունակ երիտասարդը միջնակարգի ուսումն անաւարտ թողնելով, զինւորական ծառայութեան անցաւ: Նախ ծառայեց Շահռուդում, ապա Ուրմիայում: Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի սկսւելուց յետոյ փոխադրւեց Փիրանշահր և շուրջ 19 օր պատերազմի սկսւելուց յետոյ նահատակւեց: Դին հողին յանձնւեց 1980 թւի հոկտեմբերի 16-ին:

Սոյն Այցելութեանը ներկայ էին Տ. Մեսրոպ Ռաթէոսեանը, Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի անդամներ՝ Հրայր Շահնազարեանը և Վարդան Բաբախանեանը, Հայ Անձնուրացների Յանձնախմբի անդամ՝ Արտուշ Իսկանդարեանը: Այցելութեան ընթացքին,  ընտանիքի անդամներից ներկայ էին նաև Զորիկի մայրը, քոյրը և քրոջ ամուսինը:

Գեներալ Խազրային ուրախութիւն յայտնեց այս այցելութեան համար և ասաց՝ «լրիւ կարողութեամբ պատրաստ ենք համագործակցելու Իրանի փոքրամասնութիւնների նահատակների յուշերը վառ պահելու համար, քանի որ այսպիսի ծրագրեր պատճառ են դառնում բոլոր իրանցիների համախմբման»:

Գեներալ Ֆազլին էլ իր հերթին ուրախութիւն յայտնեց այցելութեան համար և շեշտեց՝ «Զորիկ Մուրադեանի մայրը, չնայած շատ դժւարութիւններ է ունեցել, բայց Աստծոյ քննութիւնը պարծանքով և յաջողակ է անց կացրել և վստահաբար ընդունւած է Աստծու մօտ»:

Զորիկի մայրը, տկն. Կատարինէն ևս շնորհակալութիւն յայտնեց ներկաներին և ասաց՝ «Մենք հայերս Իրանի մի մասնիկն ենք և մեր երկրի անկախութեան և ապահովութեան համար ոչ մի ճիգ ու ջանք չենք խնայի»: