Երեքշաբթի, 6 յունիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան նախկին պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանին:
Երկուշաբթի, 29 մայիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ․ Ս․ Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանսի եւ Արժ․ Տ․ Արիստակէս քհնյ. Շահմիրեանի մեկնեց Մաշհադ քաղաք, Ասթան Ղոդս Ռազաւիի հրաւէրով, մասնակցելու «Արդարութիւն բոլորի համար եւ բռնադատում ոչ ոքու» խորագրով միջազգային համագումարին։
Կիրակի, 28 մայիս 2023-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Ս. եւ Անմահ Պատարագի մատուցմամբ, Հանրապետական Մաղթանքի կատարումով եւ Սարդարապատի, Ղարաքիլիսայի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերին զոհւած հերոսների հոգիների հոգեհանգստեան կարգով, յիշատակւեց Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադրութեան 105-ամեակը:
Այսու ուրախութեամբ յայտնում ենք,
որ յառաջիկայ ուրբաթ 9 յունիս 2023 թ.
տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց:
Այս տօնն համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով ուրբաթ 9 յունիս 2023 թ.
Հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի
եւ Կազմակերպութեամբ
Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների
կազմակերպւել է միօրեայ ուխտագնացութիւն դէպի Ղազւին:
Արձանագրութիւնների համար դիմել
Ազգային Առաջնորդարանի`
Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակ
եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ Եկեղեցու գրասենեակ:
Արձանագրութիւնները՝ 3, 4, 6 Յունիս 2023
Ժամը՝ 9:30-ից 15:30-ը
ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու Թեհրանի եւ Ղազւինի մեր հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ յառաջիկայ ուրբաթ 9 յունիս 2023-ին, տօնն է Սրբոց Կուսանացն Հռիփսիմեանց: Սրբոց Հռիփսիմեանց տօնը համընկնում է Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցու անւանակոչութեան տօնին:
Այս առիթով, ուրբաթ 9 յունիս 2023-ի առաւօտեան, ուխտագնացութիւն է կազմակերպւել դէպի Ղազւինի Ս. Հռիփսիմէ եկեղեցին: Նոյն օրը առաւօտեան տեղի է ունենալու հանդիսաւոր Ս. պատարագ եւ յաւուր պատշաճի քարոզ. ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին հովանաւորելու, պատարագելու եւ քարոզելու է թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան-ը:
Յաւարտ Ս. եւ Անմահ պատարագի կատարւելու է հոգեհանգստեան յատուկ արարողութիւն եկեղեցու բարերարի եւ իր վաղամեռիկ դստեր հոգիների խաղաղութեան համար:
Արդարեւ կոչ ենք անում մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին, որ մասնակցեն վերոյիշեալ ուխտագնացութեան եւ եկեղեցական արարողութիւններին լիցքաւորւելու եւ վերանորոգւելու իրենց քրիստոնէական հաւատի մէջ:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Թեհրանահայ համայնքի պատւիրակութիւնը մասնակցութեամբ՝ Իրանի Իսլ. Խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Թեմական խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանի, Արժ. Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի, Արժ. Տ. Մաշտոց քհնյ. Խաչատրեանի եւ ազգային մարմինների, միութիւնների ու եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների, Իմամ Խոմէյնիի մահւան 34-րդ տարելիցի առիթով, երկուշաբթի մայիսի 29-ին, ներկայ գտնւեց Իրանի Իսլամական յեղափոխութեան Հիմնադիր Առաջնորդ հանգուցեալ Իմամ Խոմէյնիի դամբարանում, Իրանի կրօնական փոքրամասնութիւնների համար կազմակերպւած ծրագրին:
Մայիսի 28-ի երեկոյեան եզրափակւեց Թեհրանի հայոց թեմում Մայիսեան յաղթանակին նւիրւած միջոցառումների շարանը՝ նորանոր Մայիսեան յաղթանակներ կերտելու տեսլականով: Այդ առիթով գեղարւեստական-բանախօսական յայտագրով յագեցած ծրագիր էր կազմակերպւել երէկ՝ մայիսի 28-ի երեկոյեան Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ եւ «Հայ կին» միութեան կից «Անահիտ» միութեան համագործակցութեամբ, միութեան «Արցախ» սրահում:
Հայ ժողովրդի ազգային տօների տօն Մայիսի 28-ի 105-ամեակի միջոցառումները այս տարի մեր համայնքում նշւեցին աննախադէպ խանդավառութեամբ, որի նպատակն էր Մայիսեան յաղթանակների ոգին մեր ժողովրդի մօտ վերարթնացնելը:
Ուրբաթ, մայիսի 26-ի երեկոյեան Մայիսեան ոգով տոգորւած հայրենակիցները համախմբւել էին «Արարատ» մարզաւանում, ուր իրականացաւ գեղարւեստական յայտագիր եւ դաշտահանդէս, նախաձեռնութեամբ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան եւ Իրանի Հայ արհեստաւորների միութեան համագործակցութեամբ: