Երէկ՝ սեպտեմբերի 19-ի կէսօրին Ադրբեջանը լայնածաւալ ռազմական գործողութիւններ է սկսել Արցախի սահմանագծի ողջ երկայնքով՝ յատկապէս թիրախաւորելով խաղաղ բնակչութեանը:
Արցախի եւ ողջ հայութեան համար այս ճակատագրական իրողութիւններով մտահոգ, երէկ անմիջապէս պատերազմի սկսելուց ընդամէնը ժամեր անց, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ «ԱԼԻՔ» հաստատութեան ներկայացուցիչ Սեւան Դանիէլեանը մեծ դժւարութեամբ հեռախօսակապ են հաստատել Արցախի նախկին նախագահ Բակօ Սահակեանի եւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանի հետ:
Այսու ուրախութեամբ մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 24 սեպտեմբեր 2023 թւականի առաւօտեան, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում յընթացս Ս. պատարագի, տեղի է ունենալու Հանրապետական մաղթանք Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի առիթով:
Ս. Սարգիս եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ այդ առիթով քարոզելու է Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Հրաւիրում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, ներկայ գտնւելու եկեղեցական արարողութեանց եւ հաղորդւելու օրւայ խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, 18 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանը, Ազգային Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Մշակոյթի եւ իսլամական յարաբերութեան կազմակերպութեան փորձագէտ տկն․ Ռաշիդ Բէյգիին եւ Ուսումնական բաժնի վարիչ Տկն․ Բաղերիին ու տարբեր երկրներ մեկնող Իրանի դեսպանատների մշակութային կցորդներին, որոնք եկել էին Սրբազան Հօրը հանդիպելու եւ նրա օրհնութիւնն ու բարի խորհուրդներն ստանալու համար։
Կիրակի, 17 սեպտեմբեր 2023 թւականին, Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնեց համաքրիստոնէական Սուրբ Խաչվերացի տօնը։ Այս տօնը Հայ եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկն է՝ Ս․ Խաչի վեր բաձրացման եւ փառաբանութեան տօնը։ Խաչվերացի տօնը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։
Այս առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որին յաջորդեց աւանդական Անդաստանի եւ Ռեհանօրհնէքի արարողութիւնը։
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին տեղեկացնում ենք, որ Ս․ Խաչվերաց տօնի երեկոյեան ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում մատուցւող Ս. եւ Անմահ Պատարագը, տեղի չի ունենալու։
Ուստի յայտնում ենք, որ կիրակի 17 սեպտեմբեր 2023 թւականի առաւօտեան իւրաքանչիւր եկեղեցում, Ս․ եւ Անմահ Պատարագից յետոյ տեղի կունենայ աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան։
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Այսու մեր ժողովրդի սիրելի զաւակներին յայտնում ենք, որ կիրակի, 17 սեպտեմբեր 2023 թւականին Խաչվերաց է, այսինքը՝ տօն վերացման սրբոյ խաչին: Այս առիթով Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ:
Նոյն օրը, երեկոյեան ժամը 4:30-ին, «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի անւանակոչութեան տօնի առիթով, համանուն մատուռում մատուցւելու է Ս. եւ անմահ պատարագ, որի աւարտին տեղի է ունենալու աւանդական Խաչվերացի ռեհանով անդաստան:
Պատարագելու է Արժ. Տ. Գրիգորիս Քհնյ. Ներսիսեանը:
Կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Սկիզբ Ս. պատարագի ժամը 16:30-ին
Քարոզ ժամը 17:30-ին
Անդաստան ժամը 18:00-ին
Երկուշաբթի 18 սեպտեմբեր 2023 թւականին, յիշատակ մեռելոց է:
Մեր ժողովրդի զաւակներին կոչ ենք ուղղում, որ ներկայ լինեն վերոյիշեալ կրօնական արարողութեանց՝ հաղորդւելու համար խաչի ու խաչեալի խորհրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Երկուշաբթի, 4 սեպտեմբեր 2023 թւականին, Սուրբ Մինաս եկեղեցում, Ձեռամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Արժ. Տէր Մաշտոց քհնյ. Խաչատրեանի օրհնւեց Իրանի 54-րդ Համահայկական խաղերի ջահը, որով բոցավառւելու է խաղերի հիմնական մեծ ջահը, որի ջերմութեան ներքոյ կընթանան Համահայկական խաղերը։
Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձի առիթով, կիրակի առաւօտեան, 3 սեպտեմբեր 2023 թւականին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում Սուրբ եւ Անմահ Պատարագից յետոյ կատարւեց Հոգեհանգստեան արարողութիւն Արցախի գոյամարտի ընթացքին նահատակւած հերոսների հոգիների խաղաղութեան համար։
Կիրակի, 3 սեպտեմբեր 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներ` պրն. Արմանդ Դրօրին եւ տկն. Նայիրի Յարութիւնեանին նաեւ Մարզական միութեան նախագահ Արբի Սարգսեանին:
«ԱՐՑԱԽԸ ՀԱՅԿԱԿԱՆ Է ԵՂԵԼ, ՀԱՅԿԱԿԱՆ Է, ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԻՏԻ՛ ՄՆԱՅ»
Արցախի հռչակման 32-րդ ամեակ՝ Սեպտեմբերի 2-ը հայաշխարհը նշեց հոգեհանգստեան արարողութիւններով ու բողոքի երթերով: Այդ առիթով, շաբաթ սեպտեմբերի 2-ի երեկոյեան ժամը 18:30-ին, Թեհրանի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ կիրակնամուտի արարողութիւն, եւ ապա ժամերգութեան աւարտին կատարւեց հոգեհանգստեան յատուկ արարողութիւն՝ յանուն Արցախի Հանրապետութեան նահատակւած հայ զաւակների հոգիների խաղաղութեան համար: