Wednesday, 15 March 2023
Միջինք
Անիրաւ տնտեսի կիրակիին յաջորդող չորեքշաբթի օրը համընկնում է, Մեծ Պահքի 24-րդ օրւան, եւ կոչւում է միջինք եւ դա աւետում է, որ Մեծ պահքը հասել է իր կէսին:
Եկեղեցական օրացոյցի համաձայն չորեքշաբթի օրը, միջինքի առաւօտեան` եկեղեցում տեղի է ունենում Արեւագալի ժամերգութիւն, իսկ երեկոյեան սկսում է ստեղի շարականների երգեցողութիւնը։
ՄԻՋԻՆՔԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՈՎՈՐՈՒԹՒՒՆՆԵՐԸ
Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար հայոց կենքում ընդունւած էր Միջինքի ծէսը։ Այդ օրը տանտիրուհիները պատրաստում էին միջինքի բաղարջ, որը յայտնի է նաև միջնաբաղջ, կլոճ, հարեգիլ, միջնակ լոճ, միջնապլիթ, կուտապ և այլ անւանումներով։ Միջինքի մէջ պարտադիր դրւում էր որևէ նշան՝ դրամ, ուլունք, լոբի և այլն։
Հետաքրքրական է Միջինքը կտրելու ծէսը․ երեկոյեան տան աւագը բաղարջ հացը դնում էր տան ամենափոքր անդամի մէջքին և կտրում էր։ Դրանից հաւասար բաժին էին հանում ինչպէս նաեւ տան բոլոր անդամներին, այնպէս էլ ընտանի կենդանիներին և հողին։ Ում բաժնից, որ նշանը դուրս գար, այդ տարւայ ընթացքում նրա յաջողութիւնն ապահովւած էր համարւում։
Հին Ջուղայում հաւատում էին, որ եթէ բաղարջը կտրելու ժամանակ, նշանը դիպչէր դանակին, ընտանիքի ապրուստի աղբիւրը հողն էր լինելու. դանակը գութանի խոփն էր խորհրդանշում։ Այժմւայ մտածողութեան համաձայն` նման պարագայում յաջողութիւնը վերագրւում է ընտանիքի բոլոր անդամներին։
Միջինքին ինչպէ՞ս են լուծում պահքը:
Միջինքի օրը պահքն չի լուծւում, այլ պահւում է նոյնութեամբ: Կարելի է Միջինքին, ազգային սովորոյթը յարգելով, պասուց գաթա թխել ։
Ի՞նչպէս է պատրաստւում պասոց գաթան:
Միջինքին նախորդող երեքշաբթին, եկեղեցում ջրով եւ ձէթով լի կոնք է դրւում, որը լիճք են կոչում, ուր եղեգ խաչի մէջ պատրոյգ է վառւում միմչեւ լոյս։ Յաջորդ օրը ջուրը խմորի հետ խառնելով պատրաստում են այդ օրւայ բաղարջը կամ գաթան, որը կլոճ է կոչւում, եւ դրա մէջ տեադրում են մետաղադրամը։
Ըստ «Անգիր Դպրութեան» լիճքը եւ քառասուն պատրոյգը կապ ունեն քառասուն Մանկանց, երիտասարդ նորահաւատ զինւորների հետ, որոնք Սեբաստիայում իրենց հաւատքը պահելով նահատակւեցին։ Միջինքից անմիջապէս յետոյ Սրբոց Քառասուն մանկանց յիշատակն է։