Saturday, 06 February 2021
Հայ ազգի մեծանուն եւ իր հիւանդ գառը օտարի առողջ գայլին չզիջող եւ Ս. Մեսրոպին սատարող ու իր աշակերտներով Աստւածաշունչը հայերէն թարգմանող արժանաւոր հայրապետ Ս. Սահակ Կաթողիկոսըը որդին էր Ներսէս Մեծ կաթողիկոսի: Նա Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայրապետի սերնդի վերջին ներկայացուցիչն էր: Նա իր վաղամեռիկ մօր կողմից սերում էր քաջամարտիկ Մամիկոնեան տոհմին: Ուստի Տարօնում նրանց անմիջական հոգածութեան ներքոյ զարգանալը` նրան վերածեց լեգենդար Հայրապետի` որը իր խելամիտ հովւութեան շնորհիւ տարածաշրջանում ապրող ազգերին եւ կայսրութիւններին ի մասնաւորի` Հայաստանին պարգեւեց երկարատեւ խաղաղ տարիներ։ Նրա դուստրը` Սահականուշը պիտի դառնար վասն հաւատքի եւ վասն հայրենեաց` իմացեալ մահով անմահացած Ս. Վարդան Մամիկոնեան Զօրավարի մայրը։ Վերջինս իր մօր եւ Հայրապետ մեծ հօր շնչով եւ դաստիարակութեամբ պիտի դառնար Հաւատքի եւ Հայրենիքի պաշտպանութեան Ռահվիրա։