Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Thursday, 04 June 2020

Ուր. ԽԸ. օր Յինանց: Պահք

Ուր. ԽԸ. օր Յինանց: Պահք

Ղկ 21.5-38։ Գրծ 27.1-28.16։ Հդ 1.16։ Հհ 13.16-30։ Մտ 23.1-39։ Մր 13.1-37։

Ղուկաս

5Եւ երբ ոմանք տաճարի մասին ասում էին, թէ գեղեցիկ քարերով եւ աշտարակներով է զարդարուած, նա ասաց. 6«Այդ բոլորը, որ տեսնում էք, պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի»։ 7Հարցրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, ե՞րբ կը լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ այդ պատահելու լինի»։ 8Եւ նա ասաց. «Զգո՛յշ կացէք, չխաբուէք. որովհետեւ շատերը պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն թէ՝ ես եմ Քրիստոսը, եւ թէ՝ ժամանակը մօտեցաւ. նրանց յետեւից չգնաք։ 9Եւ երբ լսէք պատերազմների եւ խռովութիւնների մասին, չզարհուրէք. որովհետեւ պէտք է, որ նախ այդ բաները պատահեն. բայց աշխարհի վախճանը շուտով չի լինելու»։ 10Այն ժամանակ ասաց նրանց. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ. 11եւ մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհաւիրքներ եւ մեծամեծ նշաններ երկնքից։ 12Բայց այս բոլորից առաջ ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, ժողովարանների ու բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ իմ անուան համար։ 13Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան։ 14Արդ, ձեր մտքում դրէք սա. նախօրօք մի՛ մտահոգուէք պատասխան տալու համար, 15որովհետեւ ես ձեզ կը տամ բերան եւ իմաստութիւն, որին չեն կարողանայ հակառակել կամ պատասխան տալ ձեր բոլոր հակառակորդները։ 16Դուք պիտի մատնուէք ե՛ւ ծնողներից, ե՛ւ եղբայրներից, ե՛ւ ազգականներից, ե՛ւ բարեկամներից, ու ձեզնից ոմանց պիտի սպանեն։ 17Եւ պիտի ատուէք բոլորից իմ անուան համար։ 18Բայց ձեր գլխից մի մազ անգամ չպիտի կորչի։ 19Եւ ձեր համբերութեամբ պիտի շահէք ձեր հոգիները»։ 20«Բայց երբ տեսնէք Երուսաղէմը՝ շրջապատուած զօրքերով, այն ժամանակ իմացէ՛ք, որ նրա աւերումը մօտ է։ 21Այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, թող փախչեն լեռները, եւ նրանք, որ Երուսաղէմի մէջ են, թող խոյս տան, իսկ նրանք, որ գաւառներում են, թող քաղաք չմտնեն, 22որովհետեւ դրանք վրէժխնդրութեան օրեր են, որպէսզի կատարուեն բոլոր գրուածները։ 23Բայց այն օրերին վա՜յ է յղիներին եւ ստնտուներին, որովհետեւ մեծ տագնապ պիտի լինի երկրի վրայ եւ բարկութիւն՝ այս ժողովրդի հանդէպ։ 24Նրանք սրի պիտի քաշուեն, գերի պիտի տարուեն բոլոր հեթանոսներից. եւ Երուսաղէմը ոտքի կոխան պիտի լինի ազգերից, մինչեւ որ լրանան հեթանոսների ժամանակները»։ 25«Եւ նշաններ պիտի լինեն արեգակի, լուսնի եւ աստղերի վրայ։ Եւ երկրի վրայ պիտի լինի հեթանոսների տագնապ՝ ծովի եւ խռովութեան նման ահեղ ձայնի պատճառով, 26աշխարհի վրայ գալիք պատահարների վախից եւ նախազգացումից մարդիկ պիտի մեռնեն, որովհետեւ երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն։ 27Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն եկած՝ ամպերի վրայ, զօրութեամբ եւ մեծ փառքով։ 28Եւ երբ սկսուի այս բանը լինել, վե՛ր կացէք եւ ձեր գլուխները բարձրացրէ՛ք, որովհետեւ մօտ է ձեր փրկութիւնը»։ 29Եւ նրանց ասաց մի առակ. «Նայեցէ՛ք թզենուն եւ ամէն մի ծառի. 30երբ իրենց բողբոջը ցոյց են տալիս, տեսնում էք այն ու դրանից իմանում էք, որ մօտ է ամառը։ 31Նոյնպէս եւ դուք, երբ տեսնէք այս բոլորը կատարուած, իմացէ՛ք, որ Աստծու արքայութիւնը մօտ է։ 32Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի։ 33Երկինքը եւ երկիրը կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։ 34«Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզնից. գուցէ ձեր սրտերը ծանրանան զեխութեամբ եւ հարբեցողութեամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ յանկարծակի հասնի ձեր վրայ այն օրը. 35որովհետեւ այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրայ, որոնք բնակւում են երկրագնդի ամբողջ երեսին։ 36Արթո՛ւն կացէք այսուհետեւ, ամէն ժամ աղօ՛թք արէք, որպէսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինէք կանգնելու մարդու Որդու առաջ»։ 37Եւ ցերեկը ուսուցանում էր տաճարի մէջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լերան վրայ, որը կոչւում էր Ձիթենեաց։ 38Եւ ամբողջ ժողովուրդը առաւօտները վաղ շտապում էր նրա մօտ՝ տաճարում նրան լսելու համար։

Գործք

27 Երբ մեզ հրամայուեց նաւարկել դէպի Իտալիա, Պօղոսին եւ մի քանի այլ կալանաւորների յանձնեցին Սեբաստեան գնդից մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր. 2եւ բարձրանալով ադրամինտական մի նաւ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաեւ Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը։ 3Յաջորդ օրը իջանք Սիդոն։ Եւ Յուլիոսը, Պօղոսի հանդէպ մարդասիրութիւն ցուցաբերելով, նրան հրաման տուեց գնալ բարեկամների մօտ խնամք ստանալու։ 4Այնտեղից դուրս գալով, քանի որ քամին հակառակ կողմից էր, նաւարկեցինք Կիպրոսի մօտով աւելի ցած։ 5Ապա Կիլիկիայի եւ Պամփիւլիայի մէջտեղում, բաց ծովի միջով նաւարկելուց յետոյ իջանք Լիկիայի Միւռա քաղաքը։ 6Եւ այնտեղ հարիւրապետը գտնելով ալեքսանդրեան մի նաւ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ մտցրեց։ 7Եւ բազում օրեր դանդաղ նաւարկելուց յետոյ դժուարութեամբ հասանք մինչեւ Կնիդիայի մօտերքը. եւ երբ քամին թոյլ չտուեց մեզ, նաւարկեցինք Կրետէի եզերքով ներքեւ, մինչեւ Սաղմոնիայի մօտերքը։ 8Նրա եզերքով դժուարութեամբ անցնելուց յետոյ, հասանք մի տեղ, որ կոչւում էր Գեղեցիկ նաւահանգիստ, եւ որին կից էր Ղասէա քաղաքը։ 9Եւ քանի որ շատ ժամանակ էր անցել, եւ նաւարկելն էլ վտանգաւոր կը լինէր, մինչեւ իսկ ծոմապահութեան օրերն էլ արդէն անցել էին, Պօղոսը նրանց խրատ տուեց եւ ասաց. 10«Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նաւարկութիւնը չարիքով եւ բազում վնասով է լինելու ոչ միայն բեռների եւ նաւի համար, այլեւ մեր անձերի»։ 11Բայց հարիւրապետը նաւապետին եւ նաւատիրոջն աւելի էր լսում, քան Պօղոսի խօսքերը։ 12Երբ նաւահանգիստը ձմեռելու համար անյարմար թուաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպէսզի մի գուցէ կարողանան հասնել Փիւնիկէ քաղաքը եւ ձմեռել Կրետէի այդ նաւահանգստում, որը նայում էր դէպի հարաւակողմը եւ ցամաքամասը։ 13Եւ երբ հարաւի մեղմ քամին փչեց, կարծեցին, թէ կը հասնեն այնտեղ, ուր դիմում էին։ Եւ նաւարկելով՝ Կրետէի եզերքի մօտով անցան։ 14Ոչ շատ ժամեր յետոյ նաւի շուրջը բարձրացաւ մի կատաղի քամի, որ կոչւում է Եւրացիկլոն։ 15Երբ նաւը քշուեց եւ քամու դէմ չկարողացաւ պայքարել, տեղի տուեցինք եւ գնում-գալիս էինք։ 16Եւ դիմելով դէպի մի կղզի, որը Կլօդա էր կոչւում, դժուարութեամբ կարողացանք բռնել մակոյկը, որը նաւի վրայ քաշեցինք. 17ապա օգնութեան միջոցներ օգտագործելով՝ նաւը ներքեւից կապեցին. վախենալով, որ գուցէ յորձանուտի մէջ ընկնեն, առագաստը իջեցրին. եւ այնպէս գնում-գալիս էին։ 18Եւ քանի որ մենք ամենասաստիկ տագնապի մէջ էինք, յաջորդ առաւօտ բեռները ծովը թափեցին։ 19Իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքերով նաւի գործիքները ծովը նետեցին։ 20Երբ բազում օրեր ո՛չ արեւ եւ ո՛չ էլ աստղեր էին երեւում, ու փոթորիկն էլ նոյն սաստկութեամբ շարունակւում էր, մեր փրկութեան ամէն յոյս վերացել էր։ 21Եւ որովհետեւ շատ օրեր քաղցած էին, Պօղոսը, կանգնելով նրանց մէջ, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինձ պէտք է անսայիք ու Կրետէից չելնէիք եւ այս չարիքն ու վնասը չքաշէիք։ 22Արդ, ձեզ խրատում եմ, որ քաջալերուէք, որովհետեւ, բացի նաւից, ձեզնից եւ ոչ մէկի կեանքին վնաս չպիտի հասնի. 23որովհետեւ այս գիշեր Աստծու հրեշտակը, որին պատկանում եմ ես ու ծառայում, երեւաց ինձ ու ասաց. 24«Մի՛ վախեցիր, Պօղո՛ս, դու կայսեր առաջ էլ պէտք է ներկայանաս. եւ ահա բոլոր նրանց, որ այդ նաւի մէջ քեզ հետ են, Աստուած քեզ է շնորհել»։ 25Դրա համար էլ քաջալերուեցէ՛ք, մարդի՛կ, որովհետեւ հաւատ ունեմ Աստծու վրայ, թէ կը լինի այնպէս, ինչպէս որ ինձ ասուեց։ 26Միայն թէ՝ մենք պէտք է մի կղզի ընկնենք»։ 27Երբ տասնչորսերորդ գիշերը եղաւ, եւ մենք Ադրիականի անդունդների վրայ դեռ օրօրւում էինք, գիշերուայ կէսին նաւավարները կարծեցին, թէ ցամաք են հասել։ 28Ջրի խորութիւնը չափող գունդը ցած գցելով՝ երեսունեօթը մետր խորութիւն գտան. որոշ տարածութիւն կտրելուց յետոյ նորից գցեցին եւ քսանութ մետր գտան։ 29Վախենալով, թէ մի գուցէ խութերով տեղ կ՚ընկնեն, յետեւի կողմից չորս խարիսխներ ցած գցեցին. անձկութեամբ տենչում էին, որ այգը բացուի։ 30Բայց նաւավարները ուզում էին նաւից փախչել. ուստի մակոյկը ծով իջեցրին այն պատճառաբանութեամբ, որ իբր թէ առջեւի կողմից էլ են խարիսխներ գցելու։ 31Պօղոսը հարիւրապետին եւ զինուորներին ասաց. «Եթէ դրանք նաւի մէջ չմնան, դուք ազատուել չէք կարող»։ 32Այն ժամանակ զինուորները մակոյկի պարանները կտրեցին ու դէն գցեցին։ 33Եւ երբ այգը բացուելու մօտ էր, Պօղոսը բոլորին խնդրեց, որ կերակուր ուտեն՝ ասելով. «Այս տասնչորսերորդ օրն է, որ դուք քաղցած՝ սպասումով էք անցկացնում եւ դեռ ոչինչ չէք կերել։ 34Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտէք, քանի որ դա հէնց ձեր փրկութեան համար է. որովհետեւ ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»։ 35Եւ երբ այս ասաց, հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհութիւն տուեց, կտրեց եւ սկսեց ուտել։ 36Ամէնքը քաջալերուեցին. եւ իրենք էլ կերակուր կերան։ 37Նաւի մէջ բոլորս երկու հարիւր եօթանասունվեց հոգի էինք։ 38Երբ կերակրով յագեցան, ցորենը ծովը թափելով՝ նաւը թեթեւացրին։ 39Եւ երբ այգը բացուեց, երկիրը չէին ճանաչում, բայց նշմարում էին մի ծովախորշ, որ ծովափ կարող էր լինել. եւ խորհում էին, թէ հնար լինէր նաւը այնտեղ հասցնել եւ փրկել։ 40Ուստի խարիսխները յատակից կտրելով՝ ծովի մէջ բաց թողեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին ու քամուն տուեցին՝ դէպի ծովի ափի կողմը։ 41Ընկնելով երկու ծովերի միջեւ գտնուող մի ծանծաղուտ՝ նաւը ծռեցին. եւ նաւի առաջակողմը յատակին խրուելով, անշարժ մնաց, իսկ յետեւի կողմը ալիքների սաստկութիւնից ջարդուփշուր էր լինում։ 42Այն ժամանակ զինուորները խորհուրդ արեցին, որ կալանաւորներին սպանեն, որպէսզի ոչ ոք չլողայ ու փախչի։ 43Սակայն հարիւրապետը նրանց խորհրդին արգելք եղաւ, որովհետեւ ուզում էր Պօղոսին ազատել. ուստի հրամայեց, որ, ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետուեն, 44իսկ միւսները՝ ոմանք տախտակների վրայ, ոմանք էլ նաւի այլ բեկորների վրայ ցամաք ելնեն։ Եւ այսպէս ամէնքը, փրկուելով, ցամաք ելան։
28 Երբ արդէն փրկուած էինք, այն ժամանակ իմացանք, թէ այն կղզու անունը Մելիտինէ էր։ Եւ բարբարոս բնակիչները մեր հանդէպ չափից աւելի մարդասիրութիւն ցոյց տուին. 2խարոյկ վառեցին եւ մեզ բոլորիս ընդունեցին՝ տեղացող անձրեւի եւ ցրտի պատճառով։ 3Եւ երբ Պօղոսը բաւականին շատ չոր ճիւղեր հաւաքեց եւ խարոյկի վրայ դրեց, մի իժ կրակի տաքութեան պատճառով դուրս գալով՝ կախուեց նրա ձեռքից։ 4Եւ երբ բարբարոսները գազանին նրա ձեռքից կախուած տեսան, միմեանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թէպէտ ծովից փրկուեց, բայց Արդարութիւնը նրան թոյլ չտուեց, որ ապրի»։ 5Ապա Պօղոսը գազանին կրակի մէջ թափ տուեց, եւ իրեն ոչ մի վատ բան չպատահեց. 6իսկ նրանք սպասում էին, որ նա կ՚ուռչի կամ կ՚ընկնի ու յանկարծակի կը մեռնի։ Շատ սպասելուց յետոյ, երբ տեսան, որ նրան որեւէ վնաս չհասաւ, նորից խօսքը դարձրին եւ ասում էին. «Սա մի աստուած է»։ 7Այդ տեղի շրջակայքում գտնւում էին ագարակները Պոպլիոս անունով մի մարդու, որ կղզու գլխաւորն էր. սա երեք օրով մեզ իր մօտ ընդունեց եւ սիրով հիւրընկալեց։ 8Եւ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով եւ փորլուծութեամբ հիւանդացած, անկողին ընկնի։ Պօղոսը նրա մօտ մտաւ եւ աղօթելով ձեռքը նրա վրայ դրեց ու նրան բժշկեց։ 9Եւ երբ այս պատահեց, ուրիշ հիւանդներ էլ, որ կղզում կային, գալիս էին ու բժշկւում։ 10Սրանք մեծ պատիւներով պատուեցին մեզ, եւ երբ գնում էինք, ինչ որ պէտք էր, տուեցին։ 11Եւ երեք ամիս յետոյ բարձրացանք դիոսկուրեանների նշանը կրող ալեքսանդրեան մի նաւ, որը ձմեռել էր կղզում։ 12Եւ Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք։ 13Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն. եւ երբ մի օր յետոյ հարաւի քամին փչեց, երկու օրում եկանք Պատիողոս, 14ուր եւ գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ եօթը օր մնանք իրենց մօտ։ Եւ ապա ելանք Հռոմ։ 15Եւ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչեւ Ապփիոսի հրապարակը եւ Երեք կրպակները։ Պօղոսը նրանց տեսնելով՝ գոհութիւն տուեց Աստծուն ու քաջալերուեց։ 16Եւ երբ Հռոմ մտանք, հրաման տրուեց Պօղոսին, որ առանձին բնակուի իր պահապան զինուորի հետ միասին։

 


Յուդա

1 Յուդան՝ ծառան Յիսուս Քրիստոսի եւ եղբայրը Յակոբոսի, հեթանոսներիդ, որ սիրուած էք Հայր Աստծուց, պահուած եւ ընտրուած Յիսուս Քրիստոսի համար. 2թող ողորմութիւնը, խաղաղութիւնը եւ սէրը առատ լինեն ձեզ համար։ 3Սիրելինե՛ր, ամէն ջանք յանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին. 4քանի որ ձեր մէջ սողոսկել են ոմանք, որ վաղուց իսկ սահմանուած էին սոյն դատապարտութեան համար, ամբարիշտ մարդիկ, որ մեր Աստծու շնորհը վերածեցին անառակութեան եւ ուրացան մեր միակ Իշխանին եւ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին։ 5Կ՚ուզենայի ձեզ յիշեցնել, — թէեւ դուք այդ բոլորը գիտէք, — որ Աստուած նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից. իսկ ապա կորստեան մատնեց անհաւատներին։ 6Եւ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանութիւնը, այլ լքեցին իրենց բնակութեան տեղը, յաւիտենական կապանքներով խաւարի մէջ պահեց դատաստանի մեծ օրուայ համար, 7ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նոյն ձեւով պոռնկացան՝ անբնական կրքերի յետեւից ընկնելով եւ յաւիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։ 8Նոյն ձեւով էլ, սրանք եւս, քնի մէջ զառանցելով, մարմին են պղծում, Աստծու իշխանութիւնն արհամարհում, երկնային փառաւոր էակներին հայհոյում, 9այն դէպքում, երբ Միքայէլ հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսէսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակուեց հայհոյալից խօսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տէրը քեզ սաստի»։ 10Իսկ սրանք հայհոյում են այն բանի դէմ, որ չգիտեն. եւ ինչ բաներ, որ բնազդով գիտեն, ինչպէս անբան անասունը, նրանցով էլ ապականւում են։ 11Վա՜յ նրանց, որոնք Կայէնի ճանապարհով ընթացան եւ ըստ Բաաղամի մոլորութեան՝ սայթաքեցին վարձի յետեւից ընկնելով եւ կորան Կորխի պէս իրենց ըմբոստութեան պատճառով։ 12Նրանք ատելի բանսարկուներ են, որոնք ընթանում են իրենց ցանկութիւնների յետեւից՝ իրենց սէրերով եւ խարդախութեամբ, մասնակից են լինում սիրոյ ճաշին՝ անպատկառօրէն իրենք իրենց պարարտացնելու համար. սրանք հողմակոծ անջուր ամպեր են, պտղակորոյս ծառեր, անպտուղ, կրկնակի մեռած, արմատախիլ եղած. 13ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամօթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահուած յաւիտենական խաւարի վիհը։ 14Նրանց մասին մարգարէացել է նաեւ Ենոքը՝ եօթներորդը Ադամից սկսած, եւ ասել. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ 15դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները»։ 16Սրանք տրտնջացողներ են եւ բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկութիւններին. նրանց բերանները ամբարտաւան խօսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտութիւն են անում շահի համար։

 

 

Յովհաննէս

16Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց։ 17Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք։ 18Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. 19հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ։ 20Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ՚ուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»։ 21Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»։ 22Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում։ 23Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ։ 24Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում։ 25Եւ սա Յիսուսի կրծքովն ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»։ 26Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»։ Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային։ 27Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ։ Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»։ 28Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց. 29որովհետեւ ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին։ 30Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ։ Եւ գիշեր էր…

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ

23 Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց. 2«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները. 3ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում։ 4Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք։ 5Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը։ 6Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել 7ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ։ 8Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք։ 9Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է։ 10Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը։ 11Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի։ 12Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ։ 13Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն։ 14Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում։ 15Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 16Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին։ 17Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել։ 18Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան։ 19Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է։ 20Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ։ 21Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ։ 22Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողնել։ 23Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս։ 24Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ։ 25Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի։ 26Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ։ 27Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ։ 28Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք. 29«Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»։ 30Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին։ 31Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»։ 32«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից։ 33Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 34որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ։ 35Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»։ 36«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։ 37Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ. 38բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»։

Մարկոս

13 Երբ նա տաճարից դուրս էր գալիս, իր աշակերտներից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, տե՛ս ինչպիսի՜ քարեր են սրանք, եւ ինչպիսի՜ շինուածք»։ 2Յիսուս նրան պատասխան տուեց եւ ասաց. «Տեսնո՞ւմ ես այդ բոլոր շինութիւնները. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դրանց քարը քարի վրայ չպիտի թողնուի, որ չքանդուի»։ 3Եւ մինչ նստած էր նա Ձիթենեաց լերան վրայ, տաճարի դիմաց, Պետրոսն ու Յակոբոսը եւ Յովհաննէսն ու Անդրէասը, առանձին, հարցրին նրան. 4«Ասա՛ մեզ, ե՞րբ պիտի լինի այդ, եւ ի՞նչ կը լինի նշանը, երբ կատարուելու լինի այդ բոլորը»։ 5Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ կացէք, ոչ ոք ձեզ չխաբի, 6որովհետեւ շատեր պիտի գան իմ անունով եւ պիտի ասեն՝ ե՛ս եմ Քրիստոսը, եւ շատերին պիտի մոլորեցնեն։ 7Սակայն երբ լսէք պատերազմների ձայներ կամ պատերազմների լուրեր, չխռովուէք, որովհետեւ այդ պէտք է որ լինի, բայց դեռ աշխարհի վախճանը չէ։ 8Ազգ ազգի դէմ պիտի ելնի եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ տեղ-տեղ երկրաշարժներ պիտի լինեն, սով եւ համաճարակ ու խռովութիւններ. բայց այդ բոլորը սկիզբն է երկանց։ 9Եւ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատեանների, եւ ժողովարանների մէջ պիտի տանջուէք. եւ ինձ համար կուսակալների ու թագաւորների առաջ պիտի կանգնէք՝ ի վկայութիւն նրանց։ 10Բայց նախ պէտք է, որ Աւետարանը քարոզուի բոլոր հեթանոսների մէջ։ 11Եւ երբ ձեզ տանեն յանձնելու, առաջուց հոգ մի՛ արէք եւ մի՛ մտածէք, թէ ինչ պիտի խօսէք, այլ, ինչ որ ձեզ տրուի այդ նոյն ժամին, ա՛յն խօսեցէք, որովհետեւ դո՛ւք չէ, որ պիտի խօսէք, այլ՝ Սուրբ Հոգին։ 12Եղբայրն իր եղբօրը մահուան պիտի մատնի, եւ հայրը՝ որդուն. եւ որդիները հայրերի դէմ պիտի ելնեն ու պիտի սպանեն նրանց։ 13Եւ իմ անուան համար բոլորից պիտի ատուէք. բայց ով որ մինչեւ վերջ համբերի, նա կը փրկուի»։ 14«Եւ երբ տեսնէք սարսափելի պղծութիւնը՝ տեղ գտած այնտեղ, ուր չպէտք է լինէր (ով կարդում է, թող իմանայ), այն ժամանակ նրանք, որ Հրէաստանում են, լեռները թող փախչեն. 15եւ ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. 16եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու։ 17Բայց վա՜յ յղիներին եւ ստնտուներին այն օրերին։ 18Աղօթեցէ՛ք, որ ձմեռ ժամանակ չլինի դա։ 19Այդ օրերը պիտի լինեն օրեր այնպիսի նեղութիւնների, որոնց նմանը չի եղել երբեք արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ չի էլ լինի։ 20Եւ եթէ Աստուած այդ օրերը իր ընտրեալների համար չկարճէր, ոչ մի մարդ չէր ազատուի. բայց նա իր ընտրեալների պատճառով, — որոնց ընտրեց, — կարճեց այդ օրերը։ 21Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի, թէ՝ «Ահա՛ այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», չհաւատաք. 22որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ մոլորեցնելու նպատակով, եթէ հնար լինի, նոյնիսկ ընտրեալներին։ 23Բայց դուք զգո՛յշ եղէք. ահա առաջուց ձեզ ամէն ինչ ասացի»։ 24«Բայց այդ օրերին, այդ նեղութիւնից յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ։ 25Եւ աստղերը երկնքից վայր պիտի թափուեն, եւ երկնքում զօրութիւնները պիտի շարժուեն։ 26Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով։ 27Եւ այն ժամանակ պիտի ուղարկի իր հրեշտակներին ու պիտի հաւաքի իր ընտրեալներին չորս կողմերից, երկրի ծագերից մինչեւ երկնքի ծագերը»։ 28«Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հէնց որ նրա ոստերը կակղեն, եւ նրա վրայ տերեւ դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. 29նոյնպէս եւ դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջեւ։ 30Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուեն։ 31Երկինք ու երկիր կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»։ 32«Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը։ 33Զգո՛յշ եղէք, հսկեցէ՛ք ու աղօթեցէ՛ք, քանի որ չգիտէք, թէ ե՛րբ է ժամանակը. 34ինչպէս հեռու երկիր գնացած մի մարդ, որ կը թողնի իր տունը եւ իր ծառաներին իշխանութիւն կը տայ եւ իւրաքանչիւրին՝ իր գործը, եւ դռնապանին կը պատուիրի, որ արթուն լինի։ 35Արդ, արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ։ 36Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի։ 37Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք»։

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ