ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Կանոնագրութիւն Թեհրանի Հայոց Թեմի

Հոդվածների ցուցակագիր

ՆԱԽԱԲԱՆ

Ա- Իրանի հիմնական եւ քաղաքացիական օրէնքների համաձայն՝ իրանահայութիւնը, ենթակայ լինելով երկրի օրէնքներին եւ ճանաչելով որպէս կրօնական փոքրամասնութիւն, ունի կրօնի, դաւանանքի, պաշտամունքի ու ծէսի ազատութիւն, ինչպէս նաեւ կրօնի, լեզւի եւ ազգային մշակոյթի դասաւանդութեան եւ խորհրդարանում իր առանձին ներկայացուցիչներն ունենալու իրաւունք: Իսկ անձնական խնդիրներում ենթակայ է իր կրօնի եւ դաւանանքի օրէնքներին ու աներկբայելի սովորութիւններին որոնց հիման վրայ վարում է իր եկեղեցական, կրօնական ու կրթական գործերը՝ համապատասխան ժողովների եւ մարմինների միջոցով:

Բ- Թեհրանի հայոց թեմի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ իր համայնքը իրենց կրօնական գործերը վարում են համաձայն Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների, սովորութիւնների ու աւանդութիւնների եւ ենթարկւում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հոգեւոր բարձր իշխանութեան:

Գ- Թեհրանի հայոց թեմի մաս են կազմում հետեւեալ շրջանների Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող հայ համայնքներն ու նաեւ այն նորակազմ համայնքները, որոնք Թեմական խորհրդի առաջարկով եւ Պատգամաւորական ժողովի հաստատումով՝ մաս կը կազմեն Թեհրանի հայոց թեմի եւ ներառւած կը համարւեն սոյն կանոնադրութեան մէջ:

  1. Թեհրան
  2. Ղազւին
  3. Ռաշտ
  4. Անզալի
  5. Սարի
  6. Գորգան
  7. Մաշհադ
  8. Համադան
  9. Արաք
  10. Քերմանշահ

Թեհրան քաղաքը բաժանւում է հետեւեալ թաղերի.

  1. Սասուն (Զարքեշ, Վահիդիէ եւ Նարմաք)
  2. Մաջիդիէ
  3. Հեշմաթիէ
  4. Ս. Սարգիս եկեղեցու թաղ
  5. Ս. Աստւածածին եկեղեցու թաղ

Թաղերի թիւը, ըստ հայ ազգաբնակչութեան տեղաշարժի, Թեմական խորհրդի առաջարկութեամբ եւ Պատգամաւորական ժողովի վաւերացումով, կարելի է փոփոխութեան ենթարկել:

Այսու հաստատւում է սոյն կանոնադրութիւնը, որի մէջ նախատեսւած օրէնքների ու կանոնների համաձայն պիտի տարւեն Թեհրանի հայոց թեմի ազգային, հասարակական, եկեղեցական, վարչական, կրթական եւ տնտեսական գործերը:


Հիմնական Սկզբունքներ Եւ Ընդհանուր Կանոններ

ՅՕԴՒԱԾ 1.
Թեհրանի հայոց թեմին պատկանող Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր զաւակները, առանց սեռի խտրութեան, վայելում են նոյն եկեղեցու կանոններից եւ աներկբայելի աւանդութիւններից բխած, ինչպէս նաեւ սոյն կանոնադրութեամբ նախատեսւած բոլոր իրաւունքները՝ միաժամանակ ենթակայ լինելով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին, աւանդութիւններին, ինչպէս նաեւ ներկայ կանոնադրութեան թելադրանքներին եւ նրանց հիման վրայ կեանքի կոչւած իրաւասու ժողովների եւ մարմինների որոշումներին:

ՅՕԴՒԱԾ 2. 
Թեհրանի հայոց թեմի օրէնսդիր ժողովն ու Գերագոյն իշխանութիւնը թեմի Պատգամաւորական ժողովն է, որի անդամներն ընտրւում են ժողովրդի ուղղակի քւէներով եւ որի հաստատած կանոնադրութեան եւ կայացրած որոշումների համաձայն ղեկավարւում են թեմի ազգային, հասարակական, կրօնական, կրթական, տնտեսական եւ վարչական գործերը:

ՅՕԴՒԱԾ 3.
Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստն է Թեհրան քաղաքը: Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ նրանցից բխած մարմինների կենտրոնն է ազգային առաջնորդարանը, իսկ միւս բոլոր ազգային մարմիններն ու թաղային ժողովները իրենց նիստերը գումարում են պատկան թաղի ազգային հաստատութեանց մէջ:

ՅՕԴՒԱԾ 4.
Թեհրանի հայոց թեմի սահմաններում գտնւող եկեղեցիները, դպրոցական շէնքերը, կտակի կամ նւիրատւութեան միջոցով համայնքի սեփականութիւնը կազմող շարժական կամ անշարժ գոյքերն ու կալւածները, համայնապատկան գերեզմանատները եւ ազգապատկան այլ հիմնարկները, իրենց շարժական եւ անշարժ բոլոր գոյքերով եւ կայքերով, կազմում են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անկապտելի սեփականութիւնը:
Վերոյիշեալ սեփականութեանց կառավարման եւ օգտագործման իրաւունքը պատկանում է Թեմական խորհրդին՝ յանձին պետական պատկան հաստատութեան մօտ պաշտօնապէս արձանագրւած ՇՈՐԱՅԷ ԽԱԼԻՖԵԳԱՐԻ ԱՐԱՄԱՆԷՅԷ ԻՐԱՆ-ի անւամբ (իրանահայութեան առաջնորդարանի խորհուրդ):

ՅՕԴՒԱԾ 5.
Թեհրանի հայոց թեմի բոլոր ժողովներն ու մարմինները, ի բաց առեալ սոյն կանոնադրութեամբ նախատեսւած այն մարմինների, որոնք նշանակւում են Թեմական խորհրդի կամ այլ իրաւասու մարմինների կողմից, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ոգու եւ սովորութիւնների համաձայն, կեանքի են կոչւում ընտրական սկզբունքներով:

ՅՕԴՒԱԾ 6.

  • ա- Ընտրելու իրաւունք ունեն, առանց սեռի խտրութեան, 18 տարին լրացրած այն բոլոր ազգայինները, որոնք տւեալ ընտրութեան քւէարկութեան թւականից առնւազն վեց ամիս առաջ ապրել են իրենց ընտրական շրջանում:
  • բ- Ընտրւելու իրաւունք ունեն, առանց սեռի խտրութեան, 25 տարին լրացրած այն բոլոր ազգայինները, որոնք տւեալ ընտրութեան քւէարկութեան թւականից առնւազն վեց ամիս առաջ ապրել են իրենց ընտրական շրջանում:

ՅՕԴՒԱԾ 7.
Ընտրւելու իրաւունքից զրկւում են այն ազգայինները, որոնք.

  • ա- Պետական օրէնքով քրէական յանցանքի համար զրկւած են քաղաքացիական իրաւունքներից, մինչեւ պատժարկման շրջանի լրանալը կամ իրենց իրաւունքների վերականգնումը:
  • բ- Լրիւ կերպով չեն վճարել իրենց ծխական տուրքը, բացի այն անհատները, որոնք եկեղեցական պատկան մարմինների որոշումով՝ ազատ են կացուցւել կամ ազատ կը կացուցւեն տուրք վճարելուց:

ՅՕԴՒԱԾ 8.

  • ա- Ոչ ոք չի կարող միաժամանակ անդամակցել երկու մարմինների կամ ժողովների, ի բաց առեալ այն դէպքում, երբ այս կանոնադրութեամբ հակառակն է նախատեսւած:
  • բ- Թեմական խորհրդի անդամ ընտրւելիս՝ եթէ ենթակայ անդամ է Պատգամաւորական ժողովի, ինքնաբերաբար դադարում է այդ ժողովի անդամ լինելուց եւ նրա փոխարէն Պատգամաւորական ժողովին անդամակցում է տւեալ ընտրաշրջանի անձնափոխանորդը:

ՅՕԴՒԱԾ 9.

Որեւէ մարմնի կամ ժողովի անդամ իրենից հաշւառու ժողովում չի կարող քւէի իրաւունքից օգտւել այն խնդիրների քւէարկութեան ժամանակ, որոնք առնչւում են նոյն մարմնի հաշւետւութեան:

ՅՕԴՒԱԾ 10.

  • ա- Ամէն ժողով կամ մարմին ունի իւր մնայուն դիւանը՝ բաղկացած ըստ անհրաժեշտութեան մէկ կամ երկու ատենապետերից եւ մէկ կամ երկու ատենադպիրներից:
  • բ- Նիւթական-տնտեսական գործառնութիւն ունեցող մարմինների դիւանի կազմի մէջ ներառւում է նաեւ մի գանձապահ եւ ի պահանջեալ հարկի՝ մի գոյքապահ:
  • գ- Դիւանի պարտականութիւնն է հսկել պատկան ժողովի կամ մարմնի աշխատանքների կանոնաւոր ընթացքի եւ տրւած որոշումների գործադրութեան վրայ:

ՅՕԴՒԱԾ 11.

  • ա- Բոլոր ժողովներն օրինական են, երբ նիստին ներկայ է տւեալ ժողովի անդամների պարզ մեծամասնութիւնը, այն է ընդհանուր թւի կէսից մէկով աւելի ժողովականներ:
  • բ- Ժողովներում բոլոր որոշումները տրւում եւ ընտրութիւնները կատարւում են վճռական ձայնով ժողովին մասնակցող անդամների պարզ մեծամասնութեան քւէով, բացի առաջնորդ ընտրելու կամ հրաժարեցնելու եւ ներկայ կանոնադրութիւնը փոփոխութեան ենթարկելու խնդիրները քննութեան առնելու եւ վճռահատելու պարագայում, երբ անհրաժեշտ է պատկան ժողովի անդամների ընդհանուր թւի ձայների երկու-երրորդի մեծամասնութեան ապահովումը:
  • գ- Որեւէ ժողովականի առաջարկով կը կատարւի փակ քւէարկութիւն:
  • դ- Քւէարկութեան մասնակցելու իրաւունք ունեն միայն վճռական ձայնով ժողովի կամ մարմնի անդամ ընտրւած կամ նշանակւած այն անդամները, որոնք ներկայ են ժողովի կամ մարմնի նիստին:
  • ե- Ժողովի հրաւէրի մէջ պիտի յիշատակւի գումարման վայրը, թւականը, ժամը եւ օրակարգը:

ՅՕԴՒԱԾ 12.

  • ա- Օրակարգի հարցերը քննարկւելուց յետոյ՝ առաջարկները երկրորդւելու պարագայում՝ ենթարկւում են քւէարկութեան:
  • բ- Ժողովականների առաջարկով օրակարգի հարցերի հերթականութիւնը կարելի է փոփոխութեան ենթարկել կամ օրակարգի նոր կէտ աւելացնել

ՅՕԴՒԱԾ 13.
Եթէ որեւէ ժողովական ոչ-յարգելի պատճառով երեք անգամ յաջորդաբար բացակայի պատկան ժողովի կամ մարմնի նիստերից, այդ դէպքում ժողովի կամ մարմնի դիւանը պարտաւոր է ենթակային գրաւոր ազդարարութիւն անել եւ բացակայութեան համար բացատրութիւն պահանջել: Գոհացուցիչ պատասխան չստանալու եւ կամ բացակայութիւները ոչ-յարգելի պատճառով շարունակելու պարագայում՝ դիւանը հարցը կը յանձնի պատկան ժողովի կամ մարմնի ուշադրութեան եւ ժողովի կամ մարմնի որոշումներով ենթական հրաժարւած կը համարւի պատկան ժողովից կամ մարմնից (Ու նրան կը յաջորդի ժողովի կամ մարմնի անձնափոխանորդ անդամը, որը, եթէ պատկան ժողովի կամ մարմնի ընտրութիւններին հիմք են ծառայել թաղային կամ շրջանային բաժանումները, պիտի լինի նոյն թաղից կամ շրջանից, որտեղից ընտրւել է հրաժարեցւած անդամը):

ՅՕԴՒԱԾ 14.
Իր գործունէութեան ժամանակաշջրանը լրացրած որեւէ ժողով կամ մարմին պարտաւոր է իր աշխատանքները շարունակել մինչեւ նոր ընտրութեանց աւարտումն ու գործերի փոխանցումը՝ նորընտիր կազմերին:

ՅՕԴՒԱԾ 15.
Բոլոր գործադիր մարմինները, իրենց դրամական գործունէութեան մէջ, ղեկավարւում են պատկան իրաւասու ժողովների կողմից նախապէս վաւերացւած նախահաշիւներով կամ յատկացումներով:

ՅՕԴՒԱԾ 16.
Ազգապատկան ու շարժական գոյքերը, որոնք փչացել կամ ենթակայ են արժէքազրկման, կարելի է հաշւելոյծ կատարել կամ օրւայ արժէքով վաճառել միայն պատկան մարմինների որոշումով եւ Թեմական խորհրդի հաւանութեամբ:
ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՇՈՐԱՅԷ ԽԱԼԻՖԵԳԱՐԻԷ ԱՐԱՄԱՆԷՅԷ ԻՐԱՆԻ

ՅՕԴՒԱԾ 17.
Թեհրանի հայոց թեմի սեփականութիւնը կազմող բոլոր եկեղեցա-ազգապատկան շարժական եւ անշարժ կայքը եւ գոյքը, ազգապատկան դպրոցների արտօնագրերը, բանկային ընթացիկ եւ աւանդ հաշիւները արձանագրւում են Թեմական խորհրդի միջոցով, պետական պատկան հաստատութեան մօտ պաշտօնապէս որպէս իրաւական անձ գրանցւած ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ «Շորայէ խալիֆեգարիէ արամանէյէ Իրան»-ի անունով:

ՅՕԴՒԱԾ 18.
Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը, իրանահայութեան ազգային առաջնորդարանի խորհրդի նախագահի իր հանգամանքով, նախագահում է նաեւ նոյն խորհրդի վարիչ մարմնին, որի անդամները Թեմական խորհրդի առաջարկութեամբ ընտրւում են ազգային առաջնորդարանի խորհրդի ընդհանուր ժողովի կողմից, պատկան կանոնադրութեան համաձայն:


Թեմակալ Առաջնորդ

ՅՕԴՒԱԾ 19.

  • ա- Թեմակալ առաջնորդը հոգեւոր պետն է Թեհրանի հայոց թեմի եւ ընտրւում է թեմի Պատգամաւորական ժողովի կողմից՝ առանց պաշտօնավարութեան ժամանակի սահմանման:
  • բ- Թեմակալ առաջնորդը ի պաշտօնէ նախագահն է թեմի Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ նրանից բխած բոլոր մարմինների:
  • գ- Թեմակալ առաջնորդը ղեկավարում եւ համադրում է Թեմական խորհրդի վարչական աշխատանքները՝ կայացւած որոշումների սահմաններում:

ՅՕԴՒԱԾ 20.
Առաջնորդի ընտրութեան համար, Կիլիկիոյ կաթողիկոսարանը ներկայացնում է առնւազն երեք ընտրելի եւ տրամադրելի հոգեւորականների անւանացանկ, որի վրայից թեմի Պատգամաւորական ժողովը սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 11-ի տրամադրութեան համաձայն կատարում է առաջնորդի ընտութիւնը:
Նորընտիր առաջնորդը Կիլիկիոյ կաթողիկոսարանի կողմից հաստատելուց յետոյ՝ ստանձնում է իր պաշտօնը:

ՅՕԴՒԱԾ 21.
Առաջնորդը տնօրինում է թեմի կրօնական գործերը եւ հսկում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների, կարգերի եւ ծէսերի անշեղ պահպանման եւ գործադրման վրայ:

ՅՕԴՒԱԾ 22.
Առաջնորդը իրեն ներկայացւած խնդիրները յանձնում է իրաւասու ժողովներին եւ մարմիններին՝ առ ի քննութիւն եւ անհրաժեշտ տնօրինութիւն:

ՅՕԴՒԱԾ 23.
Առաջնորդը կարող է իր բացակայութեան տրւած որոշումները վերաքննութեան ենթարկելու առաջարկ ներկայացնել պատկան ժողովին կամ մարմնին:

ՅՕԴՒԱԾ 24.
Առաջնորդը հսկում է կանոնադրութեան ճշգրիտ գործադրութեան վրայ եւ կանոնագրային որեւէ խախտում նկատելու պարագայում՝ խնդիրը յանձնում է պատկան ժողովի կամ մարմնի ուշադրութեան:

ՅՕԴՒԱԾ 25.
Անհրաժեշտ է, որ առաջնորդը, ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, պարբերաբար այցելութիւններ կատարի թեմի բոլոր շրջաններն ու թաղամասերը եւ այդ այցելութիւնների միջոցով վերահասու լինի նրանց կրօնական, ազգային եւ հասարակական գործերին ու արդիւնքի մասին զեկուցի Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 26.
Առաջնորդը թեմից բացակայում է Թեմական խորհրդի գիտութեամբ: Առաջնորդական փոխանորդը նշանակւում է առաջնորդի առաջարկութեամբ եւ Թեմական խորհրդի հաւանութեամբ: Առաջնորդի կամ տեղապահի թեմիցս երկու ամսից աւելի բացակայութեան պարագայում՝ պէտք է տեղեակ պահել Կիլիկիոյ կաթողիկոսութեան:

ՅՕԴՒԱԾ 27.
Աթոռը թափուր եղած միջոցին Պատգամաւորական ժողովն ընտրում է առաջնորդական տեղապահ: Առաջնորդական տեղապահի ընտրութեան արդիւնքը յղւում է Կիլիկիոյ կաթողիկոսութեան՝ առ ի հաստատում:
Առաջնորդական տեղապահին են անցնում սոյն կանոնադրութեամբ առաջնորդի համար սահմանւած իրաւունքները: Առաջնորդ եւ առաջնորդական տեղապահ չունենալու պարագայում՝ նրանց վարչական իրաւունքները եւ պարտականութիւնները փոխանցւում են Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 28.
Առաջնորդը կարող է հրաժարւել իր պաշտօնից, պայմանով, որ այդ մասին առնւազն երեք ամիս առաջ գրաւոր կերպով տեղեակ պահի թեմի Պատգամաւորական ժողովին:


Պատգամաւորական Ժողով

ՅՕԴՒԱԾ 29.

  • ա- Պատգամաւորական ժողովը Թեհրանի թեմի բարձրագոյն իշխանութիւնը լինելով՝ բաղկանում է հոգեւորական եւ աշխարհական անդամներից, որոնց ընդհանուր թւի վեց-եօթներորդը լինելու են աշխարհական, իսկ մէկ-եօթներորդը՝ հոգեւորական:
  • բ- Աշխարհական եւ հոգեւորական պատգամաւորները ընտրւում են չորս տարւայ ժամանակաշրջանով եւ վերընտրելի են նաեւ յաջորդական նստաշրջանների համար:

ՅՕԴՒԱԾ 30.

  • ա- Թեհրանի նահանգի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայ համայնքը իւրաքանչիւր երեքհազար շնչի դիմաց ընտրում է մէկ պատգամաւոր, իսկ Թեհրանի հայոց թեմին մաս կազմող միւս շրջանների համայնքները մինչեւ հազար շունչ հաշւելու դէպքում՝ ընտրում են մէկ, իսկ հազար շնչից աւելին հաշւելու պարագայում՝ ընտրում են երկու պատգամաւոր: Թեհրանի կամ շրջանների հայ ազգաբնակչութեան աննախատեսելի տեղաշարժի պարագայում՝ ընտրելի պատգամաւորների համեմատական թիւը նշանակելու է օրւայ Թեմական խորհուրդը:
  • բ- Պատգամաւորական ժողովի ամէն մէկ ընտրաշրջանի պատգամաւորների թիւը, համաձայն վերոյիշեալ տւեալների, ճշտւում է սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 31-ի տրամադրութեան համաձայն կեանքի կոչւած Ընտրական կենտրոնական յանձնախմբի միջոցով եւ Թեմական խորհրդի հաստատումով:
  • գ- Պատգամաւորական ժողովի անդամների թիւը ոչ մի դէպքում չի կարող քառասունհինգից պակաս լինել:

ՅՕԴՒԱԾ 31.

  • ա- Պատգամաւորական ժողովի աշխարհական անդամները ընտրւում են հետեւեալ կարգով.
  • ա- Պատգամաւորական ժողովի քառամեայ շրջանը լրանալուց չորս ամիս առաջ, Թեմական խորհուրդը կեանքի է կոչում 11 հոգուց բաղկացած մի Ընտրական Կենտրոնական յանձնախումբ:
  • բ- Ընտրական Կենտրոնական յանձնախումբը համաձայն սոյն կանոնադրութեան 30-րդ յօդւածում ճշտւած տւեալների, որոշում է թեմիս ենթակայ բոլոր ընտրաշրջանների թաղամասեր եւ թեմիս մաս կազմող շրջանների պատգամաւորների թիւը:
  • գ- Թաղամասերում պատկան թաղամասի պատգամաւորների ընտրութիւնը, Ընտրական Կենտրոնական յանձնախմբի հսկողութեան ներքոյ, կազմակերպւում է Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից նշանակւած ենթայանձնախմբերի միջոցով:
  • դ- Իւրաքանչիւր ընտրաշրջանում բնակւող եւ ընտրելու իրաւունք ունեցող ազգայինները, Ընտրական Կենտրոնական յանձնախմբի միջոցով ճշտւած թիւը լրացնելով, որոշեալ ժամանակաշրջանում պատկան ենթայանձնախմբերին են ներկայացնում իրենց թեկնածուները:
  • ե- Ենթայանձնախմբերը, որոշեալ ժամանակաշրջանի աւարտից յետոյ, Ընտրական Կենտրոնական յանձնախմբին են ներկայացնում պատկան ընտրաշրջանի թեկնածուների ցանկը:
  • զ- Ընտրական Կենտրոնական յանձնախումբը, քննարկելուց յետոյ ներկայացւած ցանկերը, մամուլի եւ առանձին թերթիկների միջոցով հանրութեան է ներկայացնում ընտրւելու իրաւունք ունեցող թեկնածուների ցանկը:
  • է- Ընտրութեան համար որոշւած օրը իւրաքանչիւր ընտրաշրջանում բնակւող ազգայինները, Ընտրական յանձնախմբի յայտարարած թեկնածուների ցանկից, հաւասար, գաղտնի եւ ուղղակի քւէարկութեամբ ընտրում են իրենց պատկան ընտրաշրջանի համար որոշւած թւով պատգամաւորներ:
  • ը- Թեմիս ենթակայ քաղաքներում այս յօդւածով Թաղային Ընտրական ենթայանձնախմբերի համար նախատեսւած իրաւասութիւններն ու պարտականութիւնները տրւած են Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան:
  • թ. Ընտրութիւններին առնչւող մնացեալ մանրամասնութիւնները ճշտւում են Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից ու Թեմական խորհրդի վաւերացումն ստանալուց եւ հանրութեան տեղեկացւելուց յետոյ՝ գործադրութեան դրւում:

ՅՕԴՒԱԾ 32.

  • ա- Պատգամաւորական ժողովի հոգեւորական անդամները ընտրւում են քահանայից ժողովի կողմից, հաւասար, գաղտնի եւ ուղղակի քւէարկութեամբ:
  • բ- Պատգամաւորական ժողովի հոգեւորական անդամների թիւը ճշտւում է Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից եւ սոյն կանոնադրութեան 29-րդ եւ 30-րդ յօդւածներում ճշտւած տւեալների հիման վրայ:

ՅՕԴՒԱԾ 33.
Իւրաքանչիւր պատգամաւոր պիտի ունենայ մանդատ՝ տրւած Ընտրական Կենտրոնական յանձնախմբի կողմից:

ՅՕԴՒԱԾ 34.

  • ա- Պատգամաւորների ընտրութեան դէմ եղած բողոքների քննարկումը կատարում է Ընտրական Կենտրոնական յանձնախումբը, որը իր աշխատանքների զեկոյցը, ինչպէս նաեւ ստացւած բողոքների քննարկութեանց արդիւնքը, նշանակւած ժամկէտին յանձնում է Թեմական խորհրդին՝ առ ի յայտարարութիւն հանրութեան:
  • բ- Եթէ բողոքների քննարկութեան արդիւնքը անհրաժեշտ դարձնի նոր ընտրութիւնների կատարումը, որեւէ ընտրական շրջանում, Ընտրական Կենտրոնական յանձնախումբը կը ձեռնարկի նոր ընտրութեանց՝ պատկան շրջանում:
  • գ- Պատգամաւորների մեծամասնութեան ընտրութիւնից յետոյ, առաջնորդը ամենաուշը մինչեւ տասնհինգ օր, հրաւիրում է Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը:
  • դ- Իր պարտականութիւնները լրացնելուց եւ բոլոր պատգամաւորների մանդատների վերջնական վաւերացումից եւ Պատգամաւորական ժողովի անդամների թիւը լրանալուց ու արդիւնքը Թեմական խորհրդին զեկուցելուց յետոյ, Ընտրական Կենտրոնական յանձնախումբը լուծարքի է ենթարկւում:
  • ե- Թեմական խորհուրդը ընտրութիւնների վերջնական արդիւնքը յայտարարում է՝ առ ի տեղեկութիւն հանրութեան:
  • զ- Նորընտիր պատգամաւորների մանդատների վերջնական ստուգումը կատարում է ինքը՝ Պատգամաւորական ժողովը:
  • է- Պատգամաւորական ժողովը, իր ներքին աշխատանքները աւարտելուց անմիջապէս յետոյ, իր կազմութեան եւ գործի ձեռնարկման մասին տեղեկացնում է Վեհափառ Հայրապետին՝ առաջնորդի միջոցով:

ՅՕԴՒԱԾ 35.

  • ա- Պատգամաւորական ժողովը տարեկան ունենում է մէկ նստաշրջան, նախընտրաբար՝ ապրիլ ամսին, ունկնդրելու համար Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի գործունէութեանց ամփոփ զեկոյցը: Միայն վերոյիշեալ մարմինների գործունէութեան աւարտին Պատգամաւորական ժողովը քննարկում ու բանաձեւ է տալիս Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի գործունէութեան մասին եւ ընտրում նոր Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի կազմերը:
  • բ- Պատգամաւորական ժողովն իր առաջին նիստում թեմակալ առաջնորդի բացման աղօթքից յետոյ՝ ընտրում է առժամեայ դիւան՝ երիցագոյն եւ կրտսերագոյն պատգամաւորներից, որը կատարում է նորընտիր պատգամաւորների մանդատների ստուգում:
  • գ- Պատգամաւորական ժողովը, մանդատների ստուգումից յետոյ, ընտրում է մնայուն դիւան բաղկացած երկու ատենապետերից ու երկու ատենադպիրներից:
  • դ- Պատգամաւորական ժողովը կարող է ունենալ արտակարգ նիստեր՝ առաջնորդի, Պատգամաւորական ժողովի դիւանի, Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի առաջարկութեամբ կամ պատգամաւորների ընդհանուր թւի մէկ-չորրորդի գրաւոր դիմումի հիման վրայ:
  • ե- Պատգամաւորական ժողովի արտակարգ նիստերի իրաւասութիւնները, նախապէս ճշտւած օրակարգի սահմաններում, համապատասխան են Պատգամաւորական ժողովի տարեկան նիստերի իրաւասութիւններին:

ՅՕԴՒԱԾ 36.
Պատգամաւորական ժողովի իրաւասութիւններն են.

  • ա- Ընտրել կամ հրաժարեցնել թեմակալ առաջնորդին կամ առաջնորդական տեղապահին:
  • բ- Ընտրել Ազգային ժողովի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի ընտրութեան առթիւ գումարւած յատուկ ընտրական ժողովի պատգամաւորներ:
  • գ- Ընտրել Թեմական խորհուրդ:
  • դ- Ընտրել թեմի Հաշւեքննիչ մարմին:
  • ե- Քննել եւ հաստատել Թեմական խորհրդի տարեկան ելեւմտից նախահաշիւը:
  • զ- Հաստատել Թեմական խորհրդի կողմից սոյն կանոնադրութեան նախատեսած սահմաններում կեանքի կոչւած մարմինների կազմութիւնը եւ նրանց անձնակազմերը:
  • է- Հաստատել թեմական-եկեղեցական տուրքեր եւ սահմանել նրանց գանձման եւ բաշխման միջոցներն ու ձեւերը:
  • ը- Քննել թեմակալ առաջնորդի եւ առաջնորդական տեղապահի դէմ յարուցւած հարցերն ու ներկայացւած բողոքները եւ իր վճռահատումը ներկայացնել Վեհափառ Հայրապետին:
  • թ- Քննել եւ համապատասխան լուծում տալ Թեմական խորհրդի դէմ ներկայացւած բողոքագրերին:
  • ժ- Քննել ու մտքերի փոխանակութիւն կատարել թեմի սահմաններում ստեղծւած ընդհանուր խնդիրների մասին եւ այդ առթիւ ցուցմունքներ տալ Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 37.
Պատգամաւորական ժողովին մասնակցում են նոյն ժողովի կողմից ընտրւած մարմինների անդամները՝ խորհրդակցական ձայնով:


Թեմական Խորհուրդ

ՅՕԴՒԱԾ 38.
Թեհրանի հայոց Թեմական խորհուրդը բաղկանում է 9-13 անդամներից, որոնք ընտրւում են թեմի Պատգամաւորական ժողովի կողմից՝ իր կազմի կամ կազմից դուրս գտնւող ազգայիններից, երկու տարւայ ժամանակաշրջանի համար:
Թեմական խորհրդի կազմի ընտրութեան հետ միաժամանակ ընտրւում են նաեւ երեք անձնափոխանորդներ, որոնք ի պահանջեալ հարկի՝ հրաւիրւում են՝ մասնակցելու Թեմական խորհրդին՝ ստացւած քւէների հերթական կարգով: Թեմական խորհրդի անդամների եւ անձնափոխանորդների ընտրութեան ժամանակ Պատգամաւորական ժողովը առաջնորդւում է այն սկզբունքով, որ ըստ հնարաւորի իւրաքանչիւր թաղ ներկայացուցիչներ ունենայ կազմի մէջ: Քւէարկութիւնը կատարւում է առաւելագոյնը երկպատիկ թեկնածուների ցանկի վրայից:
Թեմական խորհրդի անդամները վերընտրելի են յաջորդ շրջանի համար, որից յետոյ վերստին կարող են ընտրւել Թեմական խորհրդի անդամ՝ մէկ շրջանի դադարից յետոյ միայն:

ՅՕԴՒԱԾ 39.
Թեմական խորհուրդը, իբրեւ թեմի բարձրագոյն գործադիր իշխանութիւնը, ունի հետեւեալ իրաւասութիւնները եւ պարտականութիւնները.

  • ա- Վարում է թեմի եկեղեցական, ազգային, կրթական եւ հասարակական աշխատանքները եւ հսկում պատկան հաստատութիւնների եւ մարմինների գործունէութեան վրայ:
  • բ- Թեմի հաստատութիւնների եւ մարմինների համար կազմում է կանոնադրութիւններ, նախագծեր, ընտրական եւ ժողովավարական կանոններ եւ ներկայացնում դրանք Պատգամաւորական ժողովին՝ առ ի հաստատում:
  • գ- Տալիս է հարկաւոր հրահանգներ բոլոր մարմիններին, ղեկավարւելով սոյն կանոնադրութեամբ եւ թեմի Պատգամաւորական ժողովի կողմից տրւած որոշումներով:
  • դ- Գանձում, հաշւարկում եւ պահում է թեմական հաստատութիւնների եւ մարմինների հասոյթներն ու եկամուտները, կատարում եւ կարգադրում է թեմի վերաբերեալ ծախսերը եւ անհրաժեշտ որոշումներ է տալիս թեմի տնտեսական ընդհանուր խնդիրների մասին՝ ղեկավարւելով թեմի Պատգամաւորական ժողովի կողմից վաւերացւած նախահաշիւներով:
  • ե- Թոյլատրում է կատարել հանգանակութիւններ՝ թեմում կամ թեմից դուրս՝ իր կողմից տրւած ժապաւինեալ մատեաններով կամ կնքւած յատուկ անդորրագրերով:
  • զ- Թեմի սահմաններում տեղի ունեցած մկրտութիւնների, ամուսնութիւնների, ամուսնալուծութիւնների եւ մահերի վիճակագրութիւնը կանոնաւորապէս արձանագրելու եւ պահելու համար՝ ամէն տարեվերջին եկեղեցական խորհուրդներին է յանձնում այդ նպատակով պատրաստւած յատուկ տոմարներ եւ յաջորդ տարեվերջին յետ է ստանում վիճակագրութիւնները՝ ազգային առաջնորդարանում պահւող մայր տոմարներում կենտրոնացնելու համար:
  • է- Քննում եւ վճռահատում է թեմի եկեղեցական, ազգային եւ կրթական հաստատութիւնների եւ այդ հաստատութիւնների պաշտօնէութեան կողմից ներկայացւած կամ նրանց դէմ յարուցւած բողոքները եւ խնդիրները:
  • ը- Իր տրամադրութեան տակ եղած անձեռնմխելի գումարները կամ յատուկ ֆոնդերը պահ է դնում ապահով դրամատներում. ծախսում կամ յատկացնում իրենց նպատակին՝ այդ մասին նախապէս կայացւած որոշումների, արւած կտակների կամ կնքւած պայմանագրերի տրամադրութեանց համաձայն:

ՅՕԴՒԱԾ 40.

  • ա- Թեմական խորհուրդը, իր երկամեայ գործունէութեան առաջին տարւայ աւարտին, Պատգամաւորական ժողովին է ներկայացնում իր եւ իրեն ենթակայ մարմինների միամեայ գործունէութեան ամփոփ տեղեկագիրը:
  • բ- Թեմական խորհուրդը իր գործունէութեան երկամեայ շրջանը լրանալուց առնւազն մէկ ամիս առաջ կազմում է իր եւ իրեն ենթակայ մարմինների եւ հաստատութիւնների գործունէութեանց մանրամասն տեղեկագիրը եւ այն ներկայացնում թեմի Պատգամաւորական ժողովին:

ՅՕԴՒԱԾ 41.
Թեմական խորհուրդը նոր կալւածներ կարող է գնել կամ ազգապատկան կալւածները ծախել, փոխանակել եւ գրաւ դնել միայն թեմի Պատգամաւորական ժողովի հաստատութեամբ:

  • Ծանօթ.
    Վերոյիշեալ գործառնութեան առաւելագոյն գումարը, որ Թեմական խորհուրդը կարող է կատարել, առանց Պատգամաւորական ժողովի հաստատումը ստանալու, իւրաքանչիւր շրջան որոշում է Պատգամաւորական ժողովը:

ՅՕԴՒԱԾ 42.
ա- Թեմական խորհուրդը, իր ընտրութեան թւականից ամենաուշը մինչեւ երկու ամիս, կեանքի է կոչում ներքոյիշեալ մարմինները եւ նրանց կազմութիւնը ներկայացնում է թեմի Պատգամաւորական ժողովին՝ առ ի հաստատում, որից յետոյ նրանց անմիջապէս հրաւիրում է աշխատանքի:

  • Կրթական խորհուրդ
  • Ծխական տուրքի Կենտրոնական մարմին
  • Դատական մարմին
  • Տնտեսական մարմին
  • Մշակութային մարմին
  • Յարաբերական մարմին
  • Կարիքաւորներին օժանդակող մարմին
  • Գերեզմանատան վարչութիւն
  • Եկեղեցական խորհուրդներ

Վերոյիշեալ մարմինների գործունէութեան ժամանակաշրջանը վերջանում է Թեմական խորհրդի երկամեայ ժամանակաշրջանի հետ:
բ- Թեմական խորհուրդը, ի պահանջեալ հարկի, կարող է լուծարքի ենթարկել վերոյիշեալ մարմիններից որեւէ մէկին եւ անմիջապէս կեանքի կոչել լուծւած մարմնին փոխարինող մարմին, պայմանաւ, որ այդ մասին անմիջապէս զեկուցում ներկայացնի թեմի Պատգամաւորական ժողովին:
գ- Թեմական խորհուրդը կարող է, ի պահանջեալ հարկի, մասնագիտական բնոյթ ունեցող հարցերը քննելու եւ դրանց վերահասու լինելու նպատակով, վերոյիշեալ մարմիններից բացի, կեանքի կոչել նաեւ մասնագէտներից բաղկացած յանձնախմբեր:


Հաշւեքննիչ Մարմին

ՅՕԴՒԱԾ 43.
Թեհրանի թեմի Հաշւեքննիչ մարմինը բաղկանում է 9-11 անդամներից եւ ընտրւում է թեմի Պատգամաւորական ժողովի կողմից, երկու տարւայ ժամանակաշրջանով, թեմի բոլոր շրջանների ազգային մարմինների եւ հաստատութիւնների հաշիւները պարբերաբար քննութեան ենթարկելու համար:
Հաշւեքննիչ մարմնի կազմի ընտրութեան հետ միաժաամանակ, ընտրւում են երեք անձնափոխանորդներ, որոնք, ի պահանջեալ հարկի, հրաւիրւում են մասնակցելու Հաշւեքննիչ մարմնի աշխատանքներին՝ ստացւած քւէների հերթական կարգով:
Հաշւեքննիչ մարմնի անդամները վերընտրելի են յաջորդ նստաշրջանների համար:

ՅՕԴՒԱԾ 44.
Թեմի բոլոր ազգային մարմինները, հաստատութիւնները եւ հիմնարկները, ի պահանջեալ հարկի, պարտաւոր են ամէն կարգի դիւրութիւններ ընձեռելու Հաշւեքննիչ մարմնին, իրենց հաշիւների քննութեան ընթացքում, նրա տրամադրութեան տակ դնելով իրենց հաշւական բոլոր մատեանները եւ ելք ու մուտքի գործառնութեան վերաբերող բոլոր փաստաթղթերը: Հաշւեքննիչ մարմինը պարտաւոր է քննութեան ենթարկել նաեւ տւեալ հաստատութեան, շարժական եւ անշարժ գոյքերի ցանկը:

ՅՕԴՒԱԾ 45.

  • ա- Հաշւեքննիչ մարմինը պատասխանատու է Պատգամաւորական ժողովին՝ իր գործունէութեան համար:
  • բ- Հաշւեքննիչ մարմինը իր երկամեայ գործունէութեան առաջին տարւայ աւարտին Պատգամաւորական ժողովին է ներկայացնում իր միամեայ գործունէութեան զեկոյցը:
  • գ- Հաշւեքննիչ մարմինը, իր գործունէութեան երկամեայ շրջանի աւրատին, Պատգամաւորական ժողովին է ներկայացնում իր գործունէութեան ամբողջական շրջանի մանրամասն տեղեկագիրը:
  • դ- Հաշւեքննիչ մարմինը իր գործունէութեան ընթացքում յայտնաբերած թերութիւնների մասին անմիջապէս տեղեակ է պահում Թեմական խորհրդին, որպէսզի վերջինս կարելիութիւն ունենայ նկատւած թերութիւնները վերացնելու:

Քահանայից Ժողով

ՅՕԴՒԱԾ 46.
Թեմական խորհուրդը, թեմակալ առաջնորդի միջոցով, հրաւիրում է Թեհրանի թեմի բոլոր ծխատէր քահանաներին՝ գումարելու քահանայից ժողով: Թեմակալ առաջնորդը նախագահում է քահանայից ժողովին: Նիստերը վարելու համար՝ քահանայ հայրերը ընտրում են իրենց դիւանը՝ բաղկացած մի ատենապետից ու մի ատենադպրից: Քահանայից ժողովը իր անդամների միջից ընտրում է մի գործադիր մարմին՝ Կրօնական խորհուրդ անունով, բաղկացած հինգ անդամներից երկու տարւայ ժամանակաշրջանով: Թեմակալ առաջնորդի հրաւէրով Կրօնական խորհուրդը ընտրում է մէկ ատենապետ եւ մէկ ատենադպիր: Կրօնական խորհրդի անդամները վերընտրելի են:

ՅՕԴՒԱԾ 47.
Կրօնական խորհրդի իրաւասութիւններն ու պարտականութիւններն են.

  • ա- Զբաղւել կրօնական հարցերով եւ քահանայից դասին առնչւող խնդիրներով եւ կայացնել համապատասխան որոշումներ:
  • բ- Քննել եկեղեցական արարողութիւնների եւ ծիսակատարութեանց խնդիրը եւ թեմակալ առաջնորդի յանձնարարութեամբ աշխատել միաձեւութիւն մտցնել թէ՛ ըստ ձեւի, եւ թէ՛ ըստ բովանդակութեան ու տեւողութեան:
  • գ- Քահանայից դասի մտաւոր մակարդակը բարձարցնելու եւ ճոխացնելու մտօք՝ հասարակագիտական, եկեղեցական պատմութեան եւ դաւանաբանական հարցերի շուրջ կազմակերպել սեմինարներ եւ դասախօսութիւններ:
  • դ- Հանրութեանը եկեղեցուն ու կրօնին կապելու մտօք՝ կազմակերպել դասախօսութիւններ՝ կրօնական բնոյթ կրող հարցերի շուրջ, բացատրել ժամերգութեան, ծէսերի եւ խորհուրդների իմաստը, վերլուծել պատարագի արարողութեան կատարումն ու զարգացման հերթականութիւնը:
  • ե- Քահանայից դասի վարկն ու հեղինակութիւնը բարձրացնելու, ինչպէս նաեւ հարազատութիւն մտցնելու մտքով, որոշում կայացնել, որպէսզի քահանայ հայրերը ծրագրւած ձեւով, ժամանակ առ ժամանակ, այցելութիւն տան իրենց ծխականներին, յատկապէս՝ խոնարհ խաւերին՝ Քրիստոսի պատգամները փոխանցելու եւ օրհնութիւն տալու համար:
  • զ- Քննարկման ենթարկել դպրոցներում կրօնի դասաւանդութեան հնարաւորութիւնները՝ քահանաների միջոցով եւ համապատասխան որոշումները յանձնել Թեմական խորհրդի ուշադրութեան:
  • է- Քահանայական ասպարէզը աւելի գրաւիչ դարձնելու եւ նոր թեկնածուներ հասցնելու նպատակով՝ հարցը ըստ ամենայնի քննարկել եւ գործնական առաջարկութիւններ անել Թեմական խորհրդին:

Կրթական Խորհուրդ

ՅՕԴՒԱԾ 48.
Կրթական խորհուրդը կազմւում է 9-13 անդամներից, որոնք նշանակւում են Թեմական խորհրդի կողմից, կրթադաստիարակչական ասպարէզում լաւատեղեակ ազգայիններից, երկու տարւայ համար:

ՅՕԴՒԱԾ 49.
Կրթական խորհրդի պարտականութիւններն են.

  • ա- Հետեւել ազգային դպրոցների կրթադաստիարակչական ընդհանուր գործունէութեան:
  • բ- Իր կողմից նշանակւած կրթական ներկայացուցչի կամ վերահսկիչի միջոցով մօտկից հետեւել ուսումնական ծրագրի գործադրման:
  • գ- Կրթական հարցերի կապակցութեամբ յարաբերւել պետական պատկան հիմնարկների եւ հաստատութիւնների հետ՝ Թեմական խորհրդի գիտութեամբ:
  • դ- Ձեռնահաս անձանց կամ յատուկ յանձնախմբերի միջոցով կարգադրել ազգային դպրոցների կարիքներին համապատասխան դասագրքերի կազմութեան խնդիրը:
  • ե- Ի պահանջեալ հարկին, ընդհանուր կամ մասնակի փոփոխութիւններ մտցնել հայերէնով դասաւանդւող առարկաների ծրագրի մէջ եւ գործադրութեան դնել Թեմական խորհրդի հաստատումը ստանալուց յետոյ:
  • զ- Ազգային դպրոցների աշակերտութեան համար կազմակերպել ուսումնասիրութիւններ եւ տարեկան քննութիւններ, ինչպէս նաեւ հայերէն լեզւով դասաւանդւող առարկաների առնչութեամբ կազմել յառաջադիմութեան համեմատական վիճակացոյցներ:
  • է- Ուսումնասիրել եւ ըստ հնարաւորին կազմակերպել հայագիտական դասընթացներ:

ՅՕԴՒԱԾ 50.
Կրթական խորհուրդը, ամէն ուսումնական տարեշրջանից առաջ, իր վերահասութեան ենթակայ բոլոր կրթական հաստատութիւնների, ինչպէս նաեւ իր ուղղակի նախաձեռնութիւնների համար (գիշերային դասընթացքներ, սեմինարներ, ուսուցչական քադրերի պատրաստում եւ այլն)՝ կազմում է տարեկան ծրագիր եւ համապատասխան նախահաշիւներով ներկայացնում է Թեմական խորհրդին՝ առ ի քննութիւն եւ հաստատում:

ՅՕԴՒԱԾ 51.
Կրթական խորհուրդը իր եւ իրեն վերահասութեան ենթակայ ուսումնական հաստատութիւնների, տնտեսական գործառնութեան տարեկան նախահաշիւը կազմելուց յետոյ՝ յանձնում է Թեմական խորհրդին՝ վերջնիս տարեկան նախահաշւի մէջ ներառելու համար:

ՅՕԴՒԱԾ 52.
Ազգային դպրոցներում գանձւած գումարները եւ այլ ձեռնարկներից գոյացած բոլոր եկամուտները կենտրոնանում են Կրթական խորհրդի մօտ, որտեղից կատարւում են համապատասխան յատկացումները եւ վճարումները: Ուսումնական տարեվերջին եթէ յիշեալ խորհրդի հաշւին կան յաւելեալ գումարներ, նոյնութեամբ փոխանցւում են Թեմական խորհրդին:

Վերոյիշեալ պայմանից բացառւում են այն գումարները, որոնք նւիրատուի կամ կտակարարի կողմից նախապէս ճշտորոշւում է յատկացնելու մի դպրոցի կամ որոշ նպատակի՝ նկատի ունենալով Թեմական խորհրդի թելադրանքները:

ՅՕԴՒԱԾ 53.
Կրթական խորհուրդը լուրջ աշխատանք է տանում կրթական նախարարութեան պայմանները լրացնող հայ տեսուչներ եւ վերակացուներ գնել այն դպրոցների համար, որ կարիք ունեն, ինչպէս նաեւ հայերէնագիտական առարկաների դասատուներ եւ ուղղակի կամ համապատասխան ծնող-ուսուցչական խորհրդի միջոցով առաջարկել շրջանի կրթական վերատեսչին:

ՅՕԴՒԱԾ 54.
Ազգային դպրոցների բոլոր ծնողա-ուսուցչական կազմերը պարտաւոր են գործադրութեան դնել Կրթական խորհրդի ցուցմունքներն ու հրահանգները՝ կրօնական եւ կրթադաստիարակչական հարցերում:

Կրթական խորհուրդը իւր անդամների կամ ներկայացուցչի միջոցով հետեւում է ծնողա-ուսուցչական խորհրդի ընտրութիւններին:

ՅՕԴՒԱԾ 55.
Կրթական խորհուրդը, ամէն տարեվերջին, իր միամեայ գործունէութեան զեկոյցը ներկայացնում է Թեմական խորհրդին:


Ծխական Տուրքի Կենտրոնական Մարմին

ՅՕԴՒԱԾ 56.
Թեհրանի թեմի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, առաջնորդարանի եւ համայնքի կրօնական, կրթական եւ ազգային կարիքները հոգալու համար՝ իւրաքանչիւր եկամուտ ունեցող անհատ պարտ է վճարելու ծխական պարտադիր տուրք՝ իր նիւթական կարողութեան սահմաններում:

ՅՕԴՒԱԾ 57.
Վարելու համար ծխական տուրքի գանձման աշխատանքները՝ Թեմական խորհուրդը, սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 42-ի տրամադրութեան համաձայն, կեանքի է կոչում Ծխական տուրքի Կենտրոնական մարմին՝ բաղկացած 5-9 անդամներից, երկու տարւայ ժամանակաշրջանով:

ՅՕԴՒԱԾ 58.

  • ա- Ծխական տուրքի Կենտրոնական մարմինը, Թեմական խորհրդի ներկայացուցչի հրաւէրով, գումարում է իր առաջին նիստը, ուր ընտրում է իր դիւանը հետեւեալ կարգով՝ մի ատենապետ, մի ատենադպիր եւ մի գանձապահ:
  • բ- Ծխական տուրքի Կենտրոնական մարմինը ունենում է նաեւ գրասենեակային պաշտօնեայ եւ գանձիչներ:

ՅՕԴՒԱԾ 59.
Ծխական տուրքի Կենտրոնական մարմնի պարտականութիւններն ու իրաւասութիւններն են.

  • ա- Կազմակերպել ծխական տուրքի գանձման աշխատանքները եւ հսկել այդ աշխատանքների վրայ:
  • բ- Կապ պահել ծխական տուրքի Թաղային մարմինների հետ եւ իր խորհուրդներով ու ցուցմունքներով միաձեւութիւն մտցնել աշխատանքների մէջ՝ դիւրացնելու համար գանձումները:
  • գ- Ամէն տարեսկզբին ծխական տուրքի Թաղային մարմիններին տրամադրել ժապաւինեալ մատեաններ՝ գանձումների արձանագրութեան համար, ինչպէս նաեւ յատուկ քարթեր եւ համարակալւած անդորրագրեր:
  • դ- Հսկել եւ ստուգման ենթարկել ծխական տուրքի Թաղային մարմինների կողմից կատարւած ամսական վճարումների հաշւեցոյցներն ու հաշւեկշիռները:
  • ե- Ցուցակագրել ծխական տուրք չվճարող ազգայիններին ու յանձնել Թեմական խորհրդին, որպէսզի Պատգամաւորական ժողովի ուշադրութեան յանձնւի համապատասխան որոշում կայացնելու համար:

ՅՕԴՒԱԾ 60.
Ծխական տուրքի Կենտրոնական մարմինը ամէն տարեվերջին իր եւ ծխական տուրքի Թաղային մարմինների կատարած աշխատանքների զեկոյցը, ինչպէս նաեւ պատկան տարեշրջանի հաշւեկշիռը, ներկայացնում է Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 61.
Ծխական տուրքը, որպէս թեմական հասոյթ, սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 126-ի ա կէտի համաձայն մուծւում է ազգային առաջնորդարանի գանձարկղը, որի գործառնութիւնը կատարւում է Թեմական խորհրդի միջոցով՝ թեմի Պատգամաւորական ժողովի կողմից հաստատւած նախահաշւի սահմաններում:


Դատական Մարմին

ՅՕԴՒԱԾ 62.

  • ա- Թեհրանի հայոց թեմի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակների միջեւ ծագած ընտանեկան-ամուսնական եւ կամ այլ վէճերն ու անձնական իրաւունքներին առնչւող հարցերը քննելու եւ համապատասխան տնօրինութիւն կատարելու համար՝ Թեմական խորհուրդը սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 42-ի տրամադրութեան համաձայն կեանքի է կոչում յատուկ Դատական մարմին բաղկացած 5-7 եկեղեցական եւ աշխարհական անդամներից, որոնք պիտի լինեն ամուսնացած եւ որոնց տարիքը պիտի լինի 40-ից վեր: Անդամներից առնւազն մէկը պիտի լինի մասնագէտ օրէնսգէտ առանց նկատի ունենալու տարիքը եւ ամուսնական վիճակը:
  • բ- Դատական մարմնի նախագահն ի պաշտօնէ առաջնորդն է, որը իր պարտականութիւնը կատարում է անձամբ կամ իր կողմից նշանակւած փոխանորդի միջոցով:
  • գ- Դատական մարմնի ատենապետը ընտրւում է կազմի աշխարհական եւ գերադասելիօրէն օրէնսգէտ անդամներից:

ՅՕԴՒԱԾ 63.
Դատական մարմնի պարտականութիւններն ու իրաւասութիւններն են.

  • ա- Քննել Թեհրանի հայոց թեմի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակների միջեւ ծագած ընտանեկան-ամուսնական վէճերը եւ երկրի պետական օրէնքների թոյլտւութեանց սահմաններում վճռահատել ու պատշաճ տնօրինութիւն անել:
  • բ- Կողմերի համաձայնութեան պարագայում՝ իրաւարարի պաշտօն կատարել Թեհրանի հայոց թեմի Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակների միջեւ ծագած ու յատկապէս ընտանեկան-ամուսնական բնոյթ ունեցող վէճերի առնչութեամբ եւ երկրի պետական օրէնքների սահմաններում իրաւարարի վճիռ կայացնել:
  • գ- Քննել ու վճռահատել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակների ժառանգական, խնամակալական, կտակի եւ որդեգրութեան հետ կապւած խնդիրները:
  • դ- Քննել պետական Դատական ատեանների կողմից տրւած ու Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զաւակների ընտանեկան-ամուսնական եւ այլ անձնական խնդիրներին առնչւող հարցերը կամ նոյն նպատակով պետական Դատական ատեանների կողմից ազգային առաջնորդարան յղաւծ թղթածրարները եւ ըստ պատշաճի պատասխանել պետական Դատական ատեաններին:

ՅՕԴՒԱԾ 64.
Ընտանեկան-ամուսնական վէճերի առնչութեամբ վերջնական վճռահատում կատարելու պարագայում՝ Դատական մարմնի վճռահատումները առաջնորդի միջոցով յղւում են Վեհափառ Հայարեպտին՝ առ ի վաւերացում, որից յետոյ գործադրութեան են դրւում:

ՅՕԴՒԱԾ 65.
Դատական մարմինը իրեն ներկայացւած հարցերը քննում է Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների եւ աներկբայելի աւանդութիւնների եւ սովորոյթների համաձայն՝ միշտ ի մտի ունենալով նաեւ պետական պատկան օրէնքները:

ՅՕԴՒԱԾ 66.

  • ա- Դատական մարմնի իրաւասութեան սահմաններում գտնւող հարցերը պատկան անձանց կողմից ներկայացւում են թեմակալ առաջնորդին, որը իրեն ներկայացւած հարցը յղում է Դատական մարմնին՝ առ ի քննութիւն:
  • բ- Թեմակալ առաջնորդը Դատական մարմնի ատենապետի հետ համախորհուրդ՝ կարող է անել առժամեայ կարգադրութիւններ՝ մինչեւ Դատական ատեանի վերջնական վճռահատումը:

ՅՕԴՒԱԾ 67.

  • ա- Դատական մարմնի կողմից կատարւած հարցաքննութիւնները եւ կազմւած արձանագրութիւնները ստորագրւում են կազմի ներկայ անդամների կողմից՝ հարցաքննւող կողմերի հետ միասին:
  • բ- Դատական մարմինը իր որոշումները, ըստ պարագայի, գրաւոր կերպով յայտնում է դատայարոյց կողմերին եւ կամ պատկան պետական Դատական ատեաններին:

ՅՕԴՒԱԾ 68.
Դատական մարմինը, բացի ներկայ կանոնադրութեամբ իր համար սահմանւած իրաւունքներից եւ պարտականութիւններից, համարւում է նաեւ իրաւաբանական խորհրդատու մարմին՝ Թեմական խորհրդի համար եւ ի պահանջեալ հարկի՝ քննում, ուսումնասիրում եւ իրաւաբանական խորհուրդ ու կարծիք է յայտնում բոլոր այն խնդիրների նկատմամբ, որ Թեմական խորհուրդը յղում է իրեն:

ՅՕԴՒԱԾ 69.
Դատական մարմինը, ամէն տարեվերջին, իր միամեայ գործունէութեան զեկոյցը ներկայացնում է Թեմական խորհրդին:


Տնտեսական Մարմին

ՅՕԴՒԱԾ 70.
Թեմական ընդհանուր տնտեսական վիճակը բարելաւելու, ազգապատկան կալւածները լաւագոյնս օգտագործելու եւ թեմի նիւթական կարիքները հոգալու նպատակով՝ հասութաբեր միջոցառումների համար պէտք եղած ուսումնասիրութիւնները կատարելու եւ Թեմական խորհրդին պատշաճ խորհուրդներ տալու եւ ծրագրւած առաջարկներ ներկայացնելու համար՝ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւում մի Տնտեսական մարմին՝ բաղկացած 5-7 լաւատեղեակ ու փորձառու ազգայիններից:

Տնտեսական մարմնի գործունէութեան ժամանակաշրջանը երկու տարի է:

ՅՕԴՒԱԾ 71.
Տնտեսական մարմինը Թեմական խորհրդի խորհրդատուն է տնտեսական մարզերում եւ ունի հետեւեալ պարտականութիւնները.

  • ա- Վերահասու է լինում թեմիս ազգապատկան կալւածներին ու դրանց լաւագոյնս օգտագործման, բարեփոխման եւ առաւելագոյն նիւթական շահերն ապահովելու նպատակով՝ խորհուրդներ է տալիս Թեմական խորհրդին եւ առաջարկներ ներկայացնում:
  • բ- Ցուցակագրում է թեմիս ազգապատկան բոլոր անշարժ ու շարժական կայքերն ու գոյքերը եւ կազմւած ցանկը համապատասխանեցնում հետագայ բոլոր փոփոխութիւններին:
  • գ- Ուսումնասիրում է եւ ծրագրւած առաջարկներ ներկայացնում Թեմական խորհրդին՝ բարելաւելու համար թեմիս նիւթական վիճակը, աւելացնելու համար եկամուտներն ու յատկապէս ապահովելու համար ծխական տուրքի կանոնաւոր գանձումները:
  • դ- Ուսումնասիրում է եւ ծրագրւած առաջարկներ ներկայացնում թեմիս ազգային մարմինների եւ հաստատութիւնների ու նամանաւանդ ազգապատկան դպրոցների նիւթական կարիքները հոգալու եւ բացը լրացնելու միջոցերի եւ հնարաւորութիւնների մասին:
  • ե- Ուսումնասիրում եւ ծրագրւած առաջարկներ է ներկայացնում Թեմական խորհրդին՝ ուղղակիօրէն կամ անուղղակի կերպով ձեռնարկելու համար հասութաբեր տարբեր աշխատանքների:
  • զ- Խորհուրդ է տալիս Թեմական խորհրդին այն բոլոր տնտեսական բնոյթ ունեցող հարցերի առնչութեամբ, որոնք Թեմական խորհրդի կողմից յղւում են Տնտեսական մարմնին՝ պատշաճ ուսումնասիրութիւններ կատարելու եւ առաջարկներ ներկայացնելու նպատակով:

ՅՕԴՒԱԾ 72.
Տնտեսական մարմնի կողմից ծրագրւած եւ ներկայացւած առաջարկները, Թեմական խորհրդի վաւերացումն ստանալուց յետոյ, գործադրւում են պատկան ազգային մարմինների եւ կամ ուղղակիօրէն Տնտեսական մարմնի միջոցով:

ՅՕԴՒԱԾ 73.
Տնտեսական մարմինը առանձին նիւթական գործունէութիւն չունի, նրա նիւթական գործունէութիւնը կատարւում է Թեմական խորհրդի միջոցով:

ՅՕԴՒԱԾ 74.
Տնտեսական մարմինը իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին իր միամեայ գործունէութեան ամբողջական զեկոյցը ներկայացնում է Թեմական խորհրդին:


Մշակութային Մարմին

ՅՕԴՒԱԾ 75.
Մշակութային մարմինը կազմւում է 5-7 անդամներից, որոնք նշանակւում են Թեմական խորհրդի կողմից հայ մշակոյթին լաւածանօթ անհատներից՝ երկու տարւայ ժամանակաշրջանի համար:

ՅՕԴՒԱԾ 76.
Մշակութային մարմնի պարտականութիւններն են.

  • ա- Համադրել թեմում կատարւող մշակութային աշխատանքները եւ նպաստել այդ աշխատանքների զարգացման:
  • բ- Կապ պահպանել թեմիս մշակութային միութիւնների, հաստատութիւնների եւ ակումբների հետ:
  • գ- Կազմակերպել համազգային բնոյթ կրող տօնակատրութիւններ, հանդէսներ եւ ձեռնարկներ՝ ապահովելով միութիւնների եւ կազմակերպութիւնների համագործակցութիւնը:
  • դ- Քաջալերել գրական-թատերական եւ գեղարւեստից այլ մարզերում կատարւող աշխատանքները՝ հիմնադրելով ֆոնդեր, մրցանակներ ու նւիրատւութիւններ:
  • ե- Կազմակերպել կլոր սեղաններ, հանդիպումներ, սեմինարներ եւ համագումարներ՝ ուսումնասիրելու համար թեմիս մշակութային եւ հասարակական կեանքը, պահանջները, թերութիւնները եւ այդ կեանքը բարգաւաճեցնելու միջոցները:
  • զ- Կազմակերպել հրապարակային դասախօսութիւններ, հարցազրոյցներ եւ ասուլիսներ՝ ազգային-կրօնական խնդիրների վերաբերեալ:

ՅՕԴՒԱԾ 77.
Մշակութային մարմնի նիւթական գործառնութիւնները կատարւում են Թեմական խորհրդի միջոցով:

ՅՕԴՒԱԾ 78.
Մշակութային մարմինը ենթակայ է Թեմական խորհրդի հակակշռին եւ տւած որոշումներին, իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին, միամեայ զեկոյցը ներկայացնում է Թեմական խորհրդին:


Յարաբերական Մարմին

ՅՕԴՒԱԾ 79.
Հանրային յարաբերութիւնների մշակման, քարոզչական աշխատանքների ձեռնարկման եւ հրատարակչական գործերի կատարման նպատակով՝ Թեմական խորհրդի կողմից կեանքի է կոչւում մի Յարաբերական մարմին՝ բաղկացած 5-7 անդամներից, երկու տարւայ ժամանակաշրջանի համար:

ՅՕԴՒԱԾ 80.
Յարաբերական մարմնի պարտականութիւններն են.

  • ա- Հայանպաստ խնդիրների վերաբերմամբ, յարաբերութիւններ հաստատել եւ հանդիպումներ ու տեսակցութիւններ ունենալ պետական կամ պաշտօնական շրջանակների հետ՝ Թեմական խորհրդի յանձնարարութեամբ:
  • բ- Հրատարակել պարսկական եւ կամ հայ մամուլում յօդւածներ, յայտագրեր, կոչեր ու լուսաբանութիւններ՝ հայ համայնքին վերաբերող խնդիրների մասին:
  • գ- Մշակութային մարմնի համագործակցութեամբ պատրաստել հայ ժողովրդին օգտակար հանդիսացող ծրագրեր, պետական ձայնացիրից ու հեռուստատեսիլից:
  • դ- Հրատարակել տեղեկատու եւ կամ այլ տեսակի պարբերականներ՝ համայնքին տեղեակ պահելու համար Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի եւ այլ ազգային մարմինների գործունէութեան մասին:
  • ե- Ընձեռել քարոզչական միջոցների՝ համայնքին աւելի կապելու Հայ Եկեղեցու եւ դպրոցի, ինչպէս նաեւ ազգային այլ մարմինների եւ հաստատութիւնների հետ:
  • զ- Կազմակերպել ընդարձակ եւ վաւերական վիճակագրութիւն թեմի բոլոր շրջանների հայ ազգաբնակչութեան՝ պարունակելով անհրաժեշտ եւ սպառիչ տեղեկութիւններ:

ՅՕԴՒԱԾ 81.
Յարաբերական մարմնի նիւթական գործառնութիւնները կատարւում են Թեմական խորհրդի միջոցով:

ՅՕԴՒԱԾ 82.
Յարաբերական մարմինը ենթակայ է Թեմական խորհրդի հակակշռին եւ տւած որոշումներին, իր շրջանի ամէն տարեվերջին, միամեայ զեկոյցը ներկայացնում է Թեմանակ խորհրդին:


Կարիքաւորներին Օժանդակող Մարմին

ՅՕԴՒԱԾ 83.
Թեմիս շրջանում գութի եւ բարեսիրական աշխատանքները համադրելու եւ կատարելու համար՝ Թեմական խորհուրդը 9-13 ձեռնահաս ազգայիններից նշանակում է մի մարմին, որը կոչւում է Կարիքաւորներին օժանդակող մարմին՝ երկու տարւայ ժամանակաշրջանով:

ՅՕԴՒԱԾ 84.
Թեմական խորհրդի հրաւէրով գումարւում է անդրանիկ նիստը, ուր կատարւում է դիւանի ընտրութիւն հետեւեալ կարգով՝ ատենապետ, ատենադպիր, գանձապահ եւ գոյքապահ:

ՅՕԴՒԱԾ 85.
Կարիքաւորներին օժանդակող մարմինը ունենում է իր կենտրոնատեղին՝ առաջանորդարանում կամ մի այլ հանրայայտ վայրում, որը պիտի օժտւած լինի պահեստներով եւ յարակից յարմարութիւններով:

ՅՕԴՒԱԾ 86.
Կարիքաւորներին օժանդակող մարմինը ուսումնասիրում է իրեն դիմող ազգայինների կարիքները եւ ըստ ներքին կանոնագրի տրամադրութեան՝ հոգում է նրանց կարիքները:

ՅՕԴՒԱԾ 87.
Կարիքաւորներին օժանդակող մարմնի նիւթական միջոցները գոյանում են հետեւեալ աղբիւրներից.

  • ա- Թեմական խորհրդի կողմից յատկացւած բիւջէից:
  • բ- Դրամական եւ նիւթական նւիրատւութիւններ՝ անհատներից կամ այլ բարեգործական հաստատութիւններից:
  • գ- Ձեռնարկներից կամ արտօնեալ հանգանակութիւններից:

ՅՕԴՒԱԾ 88.
Թեմական խորհրդի արտօնութեամբ եւ անունով մարմինը ունի յատուկ բանկային հաշիւ, որի գործառնութիւնը կատարւում է մարմնի միջոցով՝ ըստ իր ներքին կանոնադրութեան:

ՅՕԴՒԱԾ 89.
Կարիքաւորներին օժանդակող մարմինը ենթակայ է Թեմական խորհրդին եւ իր միամեայ զեկուցումը ներկայացնում է նրան իւրաքանչիւր տարեվերջին:

ՅՕԴՒԱԾ 90.
Կարիքաւորներին օժանդակող մարմինը ունի իւր ներքին կանոնադրութիւնը, որը վաւերացւում է Թեմական խորհրդի միջոցով:


Գերեզմանատան Վարչութիւն

ՅՕԴՒԱԾ 91.
Թեհրան քաղաքում գտնւող ազգային գերեզմանատների գործերը վարելու համար՝ Թեմական խորհուրդը սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 42-ի տրամադրութեան համաձայն կեանքի է կոչում 5-7 ազգայիններից բաղկացած մի վարչութիւն՝ երկու տարւայ ժամանակաշրջանով:

Թեմական խորհրդի դիւանը ժողովի է հրաւիրում վերոյիշեալ վարչութեան անդամներին, որոնք իրենց դիւանի ընտրութիւնը կատարում են հետեւեալ կարգով՝ մի ատենապետ, մի ատենադպիր եւ մի գանձապահ:

Գերեզմանատան վարչութիւնը ստանձնելով իր պաշտօնը՝ այնուհետեւ իր ժողովներն է գումարում ազգային առաջնորդարանում եւ վերահասու լինում իր խնամքին յանձնւած գերեզմանատների աշխատանքներին:

  • Ծանօթ.
    Շրջաններում գերեզմանատան վարչութեան աշխատանքները վարում են Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնները:

ՅՕԴՒԱԾ 92.
Գերեզմանատան վարչութեան պարտականութիւններն ու իրաւասութիւնները հետեւեալներն են.

  • ա- Վերահսկում է գերեզմանատան պատասխանատու պաշտօնեաների եւ աշխատաւորների կանոնաւոր յաճախման, սպասարկութեան ձեւին եւ հանրութեան հետ ունեցած իրենց շփման եւ վարւեցողութեան:
  • բ-  Հոգում է պաշտօնեաներին ու աշխատաւորներին տրւող ընկալեալ օժանդակութիւնները: Թերացման կամ անաշխատունակութեան պարագայում՝ արձակում է նրանց եւ համապատասխան թեկանածուներ գտնելով՝ Թեմական խորհրդին տեղեակ պահում այդ մասին:
  • գ- Խնամք է տանում գերեզմանատների մաքրութեան եւ բարեկարգման: Յատուկ քարտէզների վրայ նշանակում է գերեզմանների, ընտանեկան դամբարանների, շարուղիների եւ ջրատար առուների վայրն ու դիրքը: Ժամանակին կպրապատում է ուղիները եւ քարերով կամ բետոնով շրջափակում փորւելիք գերեզմանները:
  • դ- Համապատասխան կարգադրութիւն է անում՝ ժամանակին ապահովելու սպառւելիք պիտոյքները, ինչպէս՝ խունկ, ածուխ, կրակամաններ եւ այլն:
  • ե- Ուսումնասիրում է դիակառքին, գերեզմանաքարերին ու դագաղներին վերաբերող հարցեր՝ ի հարկին ինքը ստանձնելու համար պատասխանատւութիւնը:
  • զ- Գերեզմանատան բարեկարգման համար՝ վերահասու է լինում էլեկտրականութեան, ջրի, ջրատար խողովակների եւ առուների կանոնաւորութեան վրայ: Համապատասխան եղանակին հոգ է տանում՝ ծառատնկման եւ չորացած տունկերը նորերով փոխարինելու: Այս նպատակով՝ վարձում է գործունեայ պարտիզպաններ եւ յարատեւօրէն հետեւում նրանց տարած աշխատանքներին:
  • է- Պատրաստում է յատուկ երկպատճէն անդորրագրեր, կնքւած ու համարակալւած՝ տրամադրում է գերեզմանատան վարիչին, որը պարտաւոր է անւանագրել եւ յանձնել խունկ եւ կրակ ցանկացող ազգայիններին:
  • ը- Պատրաստում է յատուկ ժապաւինեալ մատեաններ, որոնց մէջ գերեզմանատան վարիչը արձանագրում է ննջեցեալի ինքնութեան մանրամասնութիւնները եւ գերեզմանի համարը՝ ըստ եղած քարտէզի:
  • թ- Յատուկ ուշադրութիւն է դարձնում գերեզմանատան մատուռների եւ դիարանների մաքրութեան, լոյսերի, ջերմութեան, նստարանների, սեղանի եւ այլ գոյքերի անվթար պահպանման եւ պէտք եղած պարագայում՝ կատարում է հարկաւոր նորոգութիւնները:
  • ժ- Վերահասու է լինում գերեզմանատների շրջափակում գտնւող քարտաշների բարեխիղճ սպասարկութեան եւ նրանցից գանձում իրենց յանձնառութիւնները:
    • ժա- Գերեզմանատների վարիչներից եւ քարտաշներից գանձում է եղած գումարները, Թեմական խորհրդից ստանում է, ըստ ցանկի պաշտօնեաների ամսավճարները եւ նախատեսւած կամ պատահական ծախսերի գումարը եւ իր գանձապահի միջոցով կատարում համապատասխան վճարումները:
    • ժբ- Առնւազն ամիսը մէկ անգամ այցելում է գերեզմանատները եւ մօտկից ծանօթանում եղած կարիքներին եւ տարւած աշխատանքներին:

ՅՕԴՒԱԾ 93.
Գերեզմանատան վարչութիւնն իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին իր միամեայ գործունէութեան զեկոյցն ու յաջորդ տարեշրջանի նախահաշիւը, համապատասխան առաջարկներով ներկայացնում է Թեմական խորհրդին:


Եկեղեցական Խորհուրդ

ՅՕԴՒԱԾ 94.
Թեմական խորհուրդը Թեհրանում գտնւող իւրաքանչիւր եկեղեցու համար եկեղեցական արարողութեան եւ ծիսակատարութիւններին լաւատեղեակ ու ձեռներէց ազգայիններից կեանքի է կոչում 5-9 անդամներից բաղկացած եկեղեցական խորհուրդներ՝ երկու տարւայ ժամանակաշրջանով:
Թեմական խորհուրդը պատկան թաղի ծխատէր քահանաներից մէկին հրաւիրում է ի պաշտօնէ մասնակցելու Եկեղեցական խորհրդի կազմին:

ՅՕԴՒԱԾ 95.
Եկեղեցական խորհուրդը, Թեմական խորհրդի հրաւէրով, գումարում է իր առաջին նիստը եւ ընտրում է իր դիւանը՝ հետեւեալ կարգով՝ մի ատենապետ, մի ատենադպիր եւ մի գանձապահ:

ՅՕԴՒԱԾ 96.
Եկեղեցական խորհուրդը ղեկավարում է պատկան թաղի եկեղեցական գործերը եւ հսկում իրեն ենթակայ եկեղեցական եւ աշխարհական պաշտօնեաների գործունէութեան վրայ:

ՅՕԴՒԱԾ 97.
Եկեղեցական խորհուրդը Թեմական խորհրդից ստանում է ժապաւինեալ յատուկ մատեաններ՝ եկեղեցական ծխական հաստատութիւնների եւ նրանց շարժական ու անշարժ կայքի ու գոյքի ցուցակագրութեան համար. ինչպէս նաեւ յատուկ տոմարներ՝ թաղի մէջ տեղի ունեցած մկրտութիւնների, պսակների եւ մահերի կանոնաւոր արձանագրութեան համար:

ՅՕԴՒԱԾ 98.
Թեհրան քաղաքում պսակ կատարելու իրաւունքը տալիս է թեմակալ առաջնորդը, իսկ թեմիս միւս շրջաններում, թեմակալ առաջնորդի կարգադրութեամբ, պսակի արտօնութիւնը տալիս է Եկեղեցական խորհուրդը կամ Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը՝ ծխատէր քահանայի մասնակցութեամբ, եթէ պետական պատկան հիմնարկը յատուկ հաստատագրով նրանց արտօնել է պսակի արձանագրութեան իրաւունք եւ տրամադրել է համապատասխան մատեաններն ու վկայագրերը:

ՅՕԴՒԱԾ 99.
Եկեղեցական խորհուրդը պարտաւոր է գանձել եւ հաշւարկել եկեղեցական հասոյթները, որոնք սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 126-ի Դ կէտի համաձայն մուծւում են Ազգային առաջնորդարանի գանձարկղը:

ՅՕԴՒԱԾ 100.
Եկեղեցական խորհուրդը հոգածու պիտի լինի եկեղեցու բարեկարգութեան, կարգապահութեան եւ գոյքերի անվթար պահպանման նկատմամբ:

ՅՕԴՒԱԾ 101.
Եկեղեցական խորհուրդը նկատի ունենալով թաղի ընդարձակութիւնը եւ ծխականների շնչագրական տւեալները՝ կատարում է համապատասխան շնչագրութիւն, այնուհետեւ Թեմական խորհուրդը կատարում է համապատասխան ծխաբաշխում:

ՅՕԴՒԱԾ 102.

  • ա- Ծխատէր քահանայ կամ քահանաներ պաշտօնի կոչելու իրաւունքը պատկանում է Եկեղեցական խորհրդին: Այս նպատակով՝ հայցագիր է յղւում թեմակալ առաջնորդին, որը յատուկ հաստատագրով վաւերացնում է Եկեղեցական խորհրդի թեկնածուին:
  • բ- Ծխատէր քահանան կարող է բացակայել իր ծուխից միայն պատկան Եկեղեցական խորհրդի գրաւոր արտօնութեամբ եւ թեմակալ առաջնորդի հաստատումով:

ՅՕԴՒԱԾ 103.
Եկեղեցական խորհուրդը, իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին, իր մէկամեայ գործունէութեան զեկոյցը ներկայացնում է Թեմական խորհրդին:


Ծխական Տուրքի Թաղային Մարմին

ՅՕԴՒԱԾ 104.
Ծխական տուրքի Կենտրոնական մարմինը, սոյն կանոնադրութեամբ ճշտւած թաղերի համար, պատկան թաղի սրտցաւ եւ աշխատունակ ազգայիններից նշանակում է հինգ անդամից բաղկացած ծխական տուրքի Թաղային մարմին՝ երկու տարւայ ժամանակաշրջանով, եւ սոյն մարմինների անձնակազմը հաղորդում Թեմական խորհրդին՝ առ ի հաստատում:

ՅՕԴՒԱԾ 105.
Ծխական տուրքի Թաղային մարմինը, Թեմական խորհրդի հաստատումից անմիջապէս յետոյ, ծխական տուրքի Կենտրոնական մարմնի դիւանի միջոցով ժողովի է հրաւիրւում եւ կատարում իր դիւանի ընտրութիւնը հետեւեալ կարգով՝ մի ատենապետ, մի ատենադպիր եւ մի գանձապահ:

ՅՕԴՒԱԾ 106.
Ծխական տուրքի Թաղային մարմինը, ըստ ծխական տուրքի Կենտրոնական մարմնի տւած ցուցմունքների եւ խորհուրդների, ճշտում է գործնական միջոցներ՝ ծխականների արձանագրութեան եւ ծխական տուրքի գանձումները դիւրին կերպով կատարելու համար:
Ծխական տուրքի Թաղային մարմինը, հարկ եղած դէպքում, կարող է ունենալ գրասենեակային պաշտօնեայ եւ գանձիչ:

ՅՕԴՒԱԾ 107.
Ծխական տուրքի Թաղային մարմինը, գործի անցնելիս, ծխական տուրքի Կենտրոնական մարմնից ստանում է գանձումների արձանագրութեան յատուկ ժապաւինեալ մատեաններ, քարթեր եւ համարակալւած անդորրագրեր:

ՅՕԴՒԱԾ 108.
Ծխական տուրքի Թաղային մարմինը ամէն ամիս իւր կատարած գանձումները մուծում է ծխական տուրքի Կենտրոնական մարմնի հաշւին:

ՅՕԴՒԱԾ 109.
Իւրաքանչիւր տարեվերջին ծխական տուրքի Թաղային մարմինը իր նիւթական գործառնութեան հաշւեկշիռը ներկայացնում է ծխական տուրքի Կենտրոնական մարմնին, որն իր հերթին ներառում է այն Թեմական խորհրդին յղւելիք զեկուցագրի մէջ:


Ծնողա-Ուսուցչական Խորհուրդ

ՅՕԴՒԱԾ 110.
Դպրոցների կրթադաստիարակչական աշխատանքները արդիւնաւորելու մտօք եւ ծնողների համագործակցութիւնը ապահովելու եւ նրանց կապը սերտացնելու համար, ըստ կրթական նախարարութեան կանոնադրութեան, կեանքի է կոչւում Ծնողա-ուսուցչական խորհուրդ՝ իւրաքանչիւր դպրոցի համար:

ՅՕԴՒԱԾ 111.
Ծնողա-ուսուցչական խորհուրդը ընտրւում է երեք տարւայ ժամանակաշրջանով, ծնողների ընդհանուր ժողովից, որը գումարւում է դպրոցական տարեսկզբին եւ ամենաուշը մինչեւ մեհրի 15-ը:

ՅՕԴՒԱԾ 112.
Ծնողական ընդհանուր ժողովը հրաւիրում է դպրոցի տեսուչը, եւ տեղի վրայ ընտրւած երեք հոգուց բաղկացած ընտրական յանձնախմբի միջոցով ընտրւում են ութն անդամներ եւ ութն անձնափոխանորդներ:

ՅՕԴՒԱԾ 113.
Ծնողա-ուսուցչական խորհրդի կազմը բաղկանում է վերոյիշեալ ութն ծնողներից, Ուսուցչական խորհրդի կողմից ընտրւած մէկ ուսուցչից եւ դպրոցի տեսչից:

  • Ծանօթ.
    ա- Սոյն կազմին անդամակցում է նաեւ Կրթական խորհրդի ներկայացուցիչը, Թեմական խորհրդի անունից, ըստ կրթական նախարարութեան վերատեսչի համաձայնութեան:
    բ- Սոյն խորհրդի ժողովին կարելի է հրաւիրել մի հոգեւորական եւ մի թաղային բժիշկ՝ խորհրդակցական ձայնով:
    գ- Ութն անձնափոխանորդները կարող են մասնակցել խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրաւունքով:

ՅՕԴՒԱԾ 114.
Ծնողա-ուսուցչական խորհուրդը իւր առաջին ժողովը գումարում է ընտրութիւնից յետոյ ամենաուշը մինչեւ մէկ շաբաթ եւ կատարում դիւանի ընտրութիւն հետեւեալ կարգով՝ մի ատենապետ, մի փոխատենապետ, մի ատենադպիր եւ մի նիւթական գործառնութիւնների վերահասու, որին գրաւոր կերպով ներկայացնում են տեսչին:

Ծանօթ.
Դպրոցի տեսուչը չի կարող դիւանի անդամ ընտրւել:

ՅՕԴՒԱԾ 115.
Ծնողա-ուսուցչական խորհուրդը ունի իր յատուկ կնիքը եւ արձանագրութեան յատուկ մատեանը եւ պարտաւոր է 15 օրը մի անգամ ժողով գումարել:

ՅՕԴՒԱԾ 116.
Ծնողա-ուսուցչական խորհրդի նպատակն ու պարտականութիւնները հետեւեալներն են.

  • ա- Օժանդակել տեսչին՝ աշակերտութեան արձանագրութեան աշխատանքներում:
  • բ- Օժանդակել տեսչին՝ կրթադաստիարակչական անձնակազմի եւ պաշտօնէութեան ընտրութեան եւ հայթայթման աշխատանքներին, ինչպէս նաեւ դասաբաշխման եւ դասացուցակների պատրաստման մէջ:
  • գ- Ապահովել ծնողների գիտական-տեխնիկական օժանդակութիւնը՝ դպրոցի բարեկարգման եւ թերութիւնների վերացման խնդրում:
  • դ- Փոխադարձ մտերմութիւն ստեղծել ծնողների եւ ուսուցչական կազմի միջեւ:
  • ե- Յատուկ ծրագրումներով ծնողների համար կազմակերպել հաւաքոյթներ, դասախօսութիւնների, ներկայացումների, ուսուցումների եւ ժապաւէնների ցուցադրութեան միջոցով, համադրել ընտանեկան դաստիարակութիւնը դպրոցի կրթական աշխատանքների հետ:
  • զ- Օգտւել ծնողների փորձառութիւններից եւ մասնագիտութիւններից՝ ի կատար ածելու դասարանային եւ արտադասարանային աշխատանքները:
  • է- Վերահասու լինել ուսուցիչների եւ պաշտօնէութեան աշխատանքներին եւ շինիչ ու օգտակար առաջարկութիւններ անել պատասխանատու անձանց:
  • ը- Համագործակցել դաստիարակչական խնդիրների ծրագրման եւ գործադրութեան մէջ:
  • թ- Սերտ հաղորդակցութիւն ստեղծել Ուսուցչական եւ Աշակերտական խորհուրդների միջեւ:
  • ժ- Ցուցակագրել եւ օժանդակել այն աշակերտներին, որոնք յաւելեալ դասաւանդութեան կարիք ունեն:
  • ժա- Վերահասու լինել յատկացւած վարկերի ճշգրիտ գործադրման:

ՅՕԴՒԱԾ 117.
Ծնողա-ուսուցչական խորհուրդը իր գործունեայ անդամներից մէկին գրաւոր կերպով ներկայացնում է Իրանի Ծնողա-ուսուցչական հաստատութեան իբրեւ կապ. նախընտրելի է, որ հնարաւոր եղած պարագայում՝ այդ անձը լինի Կրթական խորհրդի ներկայացուցիչը:

ՅՕԴՒԱԾ 118.
Ծնողա-ուսուցչական խորհուրդը իւր աշխատանքները դպրոցում աւելի արդիւնաւորելու համար՝ իւր մէջ ներառում է ութն յանձնախմբեր, որոնք են.

  1. Դաստիարակչական եւ դաւանական
  2. Բուժա-առողջապահական
  3. Ընթերցանութեան եւ գրադարանային
  4. Արւեստից
  5. Յարաբերական
  6. Կրթական
  7. Շինարարական-սպասարկական
  8. Գիտա-հետազօտական

ՅՕԴՒԱԾ 119.
Ծնողա-ուսուցչական խորհրդի կազմութեան եւ գործունէութեան մանրամասնութեան եւ լուսաբանման համար դիմել կրթական նախարարութեան սոյն խորհրդի ներքին կանոնադրութեան:

ՅՕԴՒԱԾ 120.
Ծնողա-ուսուցչական խորհուրդը, անսալով Կրթական խորհրդի ներկայացուցչի յանձնարարութեան, ձեռնարկում է ազգային-մշակութային բնոյթ կրող տօնակատարութիւններ, հանդիսութիւններ եւ դասախօսութիւններ՝ դպրոցի շրջափակում, որպէսզի զարկ տրւի հայկականութեան եւ մատաղ սերնդին կապի ազգային սրբութիւնների հետ:

ՅՕԴՒԱԾ 121.
Ուսումնական ծրագրից դուրս դպրոցական շէնքերի օգտագործումը, որեւէ նպատակի համար, հնարաւոր է միայն պատկան դպրոցի Ծնողա-ուսուցչական խորհրդի առաջարկութեամբ եւ Կրթական խորհրդի թոյլտւութեամբ:


Հանրօգուտ Հաստատութիւններ

ՅՕԴՒԱԾ 122.
Թեհրանի թեմի հայ համայնքի անհատ անդամների առողջապահական եւ այլ հասարակական կարիքները հոգալու համար՝ Թեմական խորհուրդը հիմնադրում է ազգային բուժարաններ, ծերանոցներ եւ մանկամսուրներ ու նման այլ հանրօգուտ հաստատութիւններ եւ կամ իր վերահասութեան ներքոյ է առնում թեմիս մէջ արդէն իսկ գոյութիւն ունեցող նոյն նպատակներին ծառայող հայկական հաստատութիւններ:

ՅՕԴՒԱԾ 123.
Հանրօգուտ հաստատութիւնները ղեկավարւում են համաձայն իրենց ներքին կանոնադրութեան, որը կը հաստատւի Թեմական խորհրդի միջոցով:

ՅՕԴՒԱԾ 124.
Հանրօգուտ հաստատութիւնները ենթակայ եւ հաշւետու են Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 125.
Հանրօգուտ հաստատութիւնների նիւթական գործառնութիւնը կը կատարւի համաձայն իրենց ներքին կանոնադրութեան:


Թեմական Եկամուտներ

ՅՕԴՒԱԾ 126.
Թեհրանի հայոց թեմի թեմական եկամուտները գոյանում են.

  • ա- Թեմի շրջանների վրայ դրւած ծխական-եկեղեցական տուրքերից:
  • բ- Թեմական անշարժ եւ շարժական գոյքերի եկամուտներից:
  • գ- Կտակներից, նւէրներից, տարւած վկայագրերից եւ նմանօրինակ այլ եկամուտներից:
  • դ- Եկեղեցական խորհուրդների գանձումներից:
  • ե- Այլ չնախատեսւած աղբիւրներից:

Սոյն կանոնադրութիւնը, որ բաղկացած է 20 գլուխներից եւ 126 յօդւածներից, վերամշակւեց Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած յանձնախմբի միջոցով, ապա քննարկման եւ վաւերացման ենթարկւեց Թեհրանի հայոց թեմի 10-րդ Պատգամաւորական ժողովի 20 նիստերի ընթացքում, եւ իր վերջնական հաստատումը ստացաւ Պատգամաւորական ժողովի 42-րդ նիստում՝ գումարւած յունւարի 19, 1983 թւականին՝ միաձայնութեամբ:

10-ՐԴ ՊԱՏԳ. ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆ

  • ՆԱԽԱԳԱՀ՝ ԱՐՏԱԿ ԱՐՔ. ՄԱՆՈՒԿԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
  • ԱՏԵՆԱՊԵՏՆԵՐ՝ ԴՐ. Ռ. ԿԱՐԱՊԵՏԵԱՆ, ՊՐՆ. Ս. ՍՈՒՔԻԱՍԵԱՆ
  • ԱՏԵՆԱԴՊԻՐՆԵՐ՝ ԱՐԺ. ՏԷՐ ՍԱՐԳԻՍ ՔՀՆՅ. ՄԱՐՍԻԼԵԱՆ, ՊՐՆ. ԺՈՐԺԻԿ ԱՂԱԶԱՐԵԱՆ

ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ 19/09/1983-Ի ՎԱՒԵՐԱՑՒԱԾ ԲՈՒՆ ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆՈՒՄ

1- ՅՕԴՒԱԾ 8, Բ կէտ
11-րդ Պատգամաւորական ժողովը նիստ 14, 16 մարտj 1987-ին հետեւեալ որոշումն է առել 2/3 քւէներով՝
«Թեմական խորհրդի անդամները, որոնք Պատգամաւորական ժողովի անդամ են, քանի որ չի հակասում մեր ազգային կանոնադրութեան, կը մասնակցեն նիստերին վճռական ձայնով»:

2- ՅՕԴՒԱԾ 3, Ա կէտ
11-րդ Պատգամաւորական ժողովը իր 2000 թւականի յուլիսի 9-ի կայացած 108-րդ նիստում որոշեց, որ «Իւրաքանչիւր երկու հազար շնչի դիմաց ընտրում է մէկ պատգամաւոր»:

3- ՅՕԴՒԱԾ 6, Ա կէտ
Փոխւած 11-րդ Պատգամաւորական ժողովի 113-րդ նիստում՝ հոկտեմբերի 10, 2000 թւականի, «18 տարին իջեցւել է 16-ի»:


Եկեղեցա-Դպրոցական Հոգաբարձութիւն

ՅՕԴՒԱԾ 1.
Թեհրան քաղաքից դուրս թեմիս ենթակայ շրջաններում եկեղեցա-դպրոցական եւ ազգային բոլոր խնդիրները վարում են պատկան շրջանների Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնները:

ՅՕԴՒԱԾ 2.
Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը բաղկանում է 7-9 անդամներից, որոնք ընտրւում են պատկան շրջանում կազմակերպւած ընդհանուր, ուղղակի եւ գաղտնի քւէարկութեամբ, երկու տարւայ համար:

ՅՕԴՒԱԾ 3.
ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, իր ընտրութիւնից առաւելագոյնը մինչեւ մէկ ամիս յետոյ, ըստ հարկի, կեանքի է կոչում Ընտրական յանձնախմբեր՝ համապատասխան շրջաններում, որոնք ստանձնում են շրջանի ընտրութիւնները:

ՅՕԴՒԱԾ 4.
Ընտրւելու եւ ընտրելու պայմանները համապատասխանում են սոյն կանոնադրութեան ՅՕԴՒԱԾ 6-ի եւ 7-ի տրամադրութեան:

ՅՕԴՒԱԾ 5.
Ընտրական յանձնախումբը շրջանի ազգայինների կողմից ներկայացւած թեկնածուների անւանացանկը յայտարարում է հանրութեան: Ընտրութեան օրը նոյն անւանացանկը փակցւում է նաեւ ընտրավայրերում:

ՅՕԴՒԱԾ 6.
Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան կազմի մէջ մտնող ընտրւած ազգայիններից բացի՝ յաջորդական երեք առաւելագոյն քւէ ունեցողները համարւում են անձնափոխանորդներ, որոնք ի պահանջեալ հարկի՝ անդամակցում են հոգաբարձութեան:

ՅՕԴՒԱԾ 7.
Մինչեւ մէկ շաբաթ ընտութիւններից յետոյ՝ բողոքներ չլինելու պարագայում՝ Ընտրական յանձնախումբը ընտրեալների մանդատները եւ եղած արխիւը յանձնում է Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 8.
Թեմական խորհուրդը իր ներկայացուցչի միջոցով անմիջապէս ժողովի է հրաւիրում Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան անդամներին, որոնք ծանօթացումից յետոյ՝ կատարում են դիւանի ընտութիւն՝ հետեւեալ կարգով.

  • ա- Մէկ ատենապետ
  • բ- Մէկ փոխատենապետ
  • գ- Մէկ ատենադպիր
  • դ- Մէկ գանձապահ

ՅՕԴՒԱԾ 9.
Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը ունենում է կանոնաւոր եւ պարբերական նիստեր եւ վերահասու է լինում իւր շրջանին առնչւող բոլոր ընթացիկ խնդիրներին:

ՅՕԴՒԱԾ 10.
Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը, շրջանի յարմարագոյն մի վայրում, ունենում է ժողովասրահ, ուր գումարում է իր ժողովները եւ պահում արխիւները: Ի պահանջեալ հարկի՝ հոգաբարձութիւնը կարող է նաեւ ունենալ գրասենեակային պաշտօնեայ: Սոյն ժողովասրահից կարող են օգտւել նաեւ հոգաբարձութեան ենթակայ մարմինները:

ՅՕԴՒԱԾ 11.
Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը շրջանի գործադիր մարմինն է եւ սոյն կանոնադրութեան սահմաններում վարում է շրջանի ազգային, հասարակական, եկեղեցական, դպրոցական բոլոր աշխատանքները եւ հաշւետու է Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 12.
Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան նիւթական հասոյթները գոյանում են շրջանում իր կողմից կազմակերպւած ձեռնարկների եւ հանդէսների եւ ծխական տուրքի հասոյթի որոշեալ տոկոսից, որի սակը որոշում է Թեմական խորհուրդը:

ՅՕԴՒԱԾ 13.
Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը միանւագ դրամական գործառնութիւն կարող է ունենալ մինչեւ Թեմական խորհրդի կողմից սահմանւած գումարը: Այս սահմանից անցնելու պարագայում՝ հոգաբարձութիւնը պիտի նախապէս ստանայ Թեմական խորհրդի վաւերացումը:

ՅՕԴՒԱԾ 14.
Արտաքին եւ պետական շրջանակների ու թեմական շրջանային գրաւոր կամ բանաւոր հաղորդակցութիւնը վերապահւած են Թեմական խորհրդին: Այս առնչութեամբ Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնները հարկ եղած պարագայում՝ պիտի դիմեն Թեմական խորհրդին:

ՅՕԴՒԱԾ 15.

  • ա- Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը սոյն կանոնադրութեամբ նախատեսւած իրաւասութիւնների սահմաններում ազատ է իր շրջանի գործունէութեան մէջ, սակայն վարչական գծով ենթակայ է Թեմական խորհրդի հակակշռին:
  • բ- Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնն իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին, իր գործունէութեան ամբողջական զեկուցագիրը յղում է Թեմկաան խորհրդին առ ի վաւերացում:

ՅՕԴՒԱԾ 16.
Եթէ Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան սխալ ընթացքի հետեւանքով՝ շրջանում առաջանում է անախորժութիւններ եւ շրջանը մատնւում է անիշխանութեան, Թեմական խորհուրդը միջամտում եւ աշխատում է յարմար միջոցներով կարգը վերականգնել: Հակառակ պարագայում՝ Թեմական խորհուրդը խնդիրը հանրութեան սեփականութիւն դարձնելով՝ լուծարքի է ենթարկում Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեանը եւ ըստ յարմարութեան նշանակում կամ ձեռնարկում է նոր հոգաբարձութեան ընտրութեան:

ՅՕԴՒԱԾ 17.
Եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը պարտաւոր է հնարաւորութիւն ստեղծել, որպէսզի թեմիս Հաշւեքննիչ մարմինը պարբերաբար հաշւեքննութեան ենթարկի հոգաբարձութեան նիւթական գործունէութեան ելքի եւ մուտքի համապատասխան անդորրագրերն ու մատեանները:


Շինարարական Մարմին

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ-ՆԱԽԱԲԱՆ

Յօդւած 1
Մարմնի անունն է՝ Թեհրանի հայոց թեմի Շինարարական մարմին:

Յօդւած 2
Մարմինը բաղկացած է 7-9 հոգի հայ ճարտարապետներից, ճարտարագէտներից եւ թեքնիսիաններից, որոնք նշանակւում են Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի միջոցով՝ երկու տարւայ ժամանակաշրջանի համար:

Յօդւած 3
Մարմնի պարտականութիւնն է՝ վերահասու լինել Թեհրանի թեմի ազգապատկան կալւածների շինարարական աշխատանքներին:

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ-ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ

Յօդւած 4
Ազգապատկան շէնքերի նորոգման ու փոփոխութիւնների եւ դրանց գործադրման եղանակի վերաբերեալ առաջարկ տալ, մասնագիտական հաշւարկումներ կատարել, ուսումնասիրել եւ ծրագրել:

Յօդւած 5
Պայմանագիր կնքել կապալառուների հետ եւ ներկայացնել Թեմական խորհրդին՝ առ ի հաստատում:

Յօդւած 6
Վերահասու լինել թիւ 4 եւ 5 յօդւածներում նշւած կապալառուների աշխատանքներին եւ յարմարագոյն լուծումներ տալ յարուցւած խնդիրներին:

Յօդւած 7
Պատրաստել թեմի բոլոր ազգապատկան շէնքերի արխիւը եւ համապատասխանեցնել ժամանակի ընթացքում կատարելիք փոփոխութիւններին:

Յօդւած 8
Մարմնի գրասենեակային եւ այլ ծախսերը հոգալու է Թեմական խորհուրդը:

 

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ-ԿԱՆՈՆՆԵՐ

Յօդւած 9
Մարմնի գործունէութեան ժամանակաշրջանը համընկնում է Թեմական խորհրդի ժամանակաշրջանի հետ:

Յօդւած 10
Մարմինը ունենալու է իր դիւանը:

Յօդւած 11
Մարմինը կունենայ հերթական ժողովները եւ կատարւող աշխատանքների վերաբերեալ պարբերաբար զեկոյցներ կը ներկայացնի Թեմական խորհրդին:

Յօդւած 12
Որեւէ շինարարական աշխատանքի համար մարմնի կազմած ծրագիրը եւ նախահաշիւը Թեմական խորհրդի հաստատումից յետոյ՝ գործադրութեան կը դրւի:

Յօդւած 13
Սոյն ուղեգծում չնախատեսւած այլ պարագաներին մարմինը ենթակայ է թեմի ընդհանուր կանոնադրութեանը եւ Թեմական խորհրդի որոշումներին:

 

ՄԱՍ ՉՈՐՐՈՐԴ-ԻՐԱՒԱՍՈՒԹԻՒՆՆԵՐ (ԵՒ ԿԱՆՈՆՆԵՐ)

Յօդւած 14
Մարմինը պարտականութիւն ունի պարբերաբար այցելել ազգապատկան կալւածներ, դպրոցներ եւ մանկապարտէզներ, եկեղեցիներ եւ մօտկից ծանօթանալով իւրաքանչիւրի շինարարական խնդիրներին՝ պատասխանատու խորհրդի կամ մարմնի հետ համախորհուրդ՝ ծրագրել նորոգման կամ փոփոխման հարկ եղած աշխատանքները եւ համապատասխան նախահաշւով յղել Թեմական խորհրդին՝ առ ի հաստատում, որը վաւերացնելուց յետոյ՝ կը գործադրւի մարմնի կողմից ճշտւած կապալառուների միջոցով:

  • Ծանօթ. 1
    Շինարարական մարմինը վերահասու է լինելու աշխատանքի ճշգրիտ գործադրման:
  • Ծանօթ. 2
    Դպրոցների եւ մանկապարտէզների պարագայում՝ ծրագրաւորումը կը համադրւի Կ. Խ. ներկայացուցիչների հետ միասնաբար:
  • Ծանօթ. 3
    Կրթական խորհուրդը դպրոցական շէնքերի վերանորոգման կամ շինարարական աշխատանքները Թեմական խորհրդի միջոցով կը ներկայացնի շինարարական մարմնին:
  • Ծանօթ. 4
    Մարմնի անդամները կամ նրանց բաժնետիրութեան ընկերութիւնները իրաւասու չեն մասնակցելու յօդւած 15 եւ 16-ում նշւած աշխատանքներին:
  • Ծանօթ. 5
    Յօդւած 15-ում նշւած ընկերութիւնների ընտրութիւնները կառաջնորդւեն նւազուրդի կամ մրցութեան հիմունքներով:

Յօդւած 15
Շինարարական նոր ձեռնարկների պարագայում՝ պատրաստել համապատասխան նախագիծ՝ ի պահանջեալ հարկի՝ օգտւելով նաեւ վճարովի հիմունքով ճարտարապետական ընկերութիւնից կամ անհատներից:

Յօդւած 16
Բոլոր շինարարական աշխատանքների վրայ մարմինը կունենայ իր հսկողութիւնը եւ խորհրդատւութիւնը, որպէսզի աշխատանքը կատարւի վաւերացւած նախահաշւի սահմաններում:

  • Ծանօթ. 1
    Շինարարական աշխատանքները հսկելու համար՝ մարմինն իրաւասու է Թեմական խորհրդի հաստատումով պաշտօնեայ վարձել:

Յօդւած 17
Իւրաքանչիւր տարեշրջանի աւարտին նախատեսում կատարել յաջորդ տարեշրջանի ընթացքում կատարւելիք շինարարական աշխատանքների համար՝ համաձայն թիւ 14 յօդւածի ցուցմունքների:

Յօդւած 18
Հաստատւած նախահաշւի սահմաններում գործադրւող բոլոր շինարարական աշխատանքների առհաշիւ վճարումները կը կատարւեն կապալառուներին՝ Շինարարական մարմնի կողմից հաստատւելուց յետոյ:

Յօդւած 19
Վերոյիշեալ սահմաններից դուրս կատարւելիք որեւէ աշխատանքի վճարում կը լինի Շինարարական մարմնի առաջարկով եւ Թեմական խորհրդի հաստատումից յետոյ:

Սոյն կանոնադրութիւնը բաղկացած է 19 յօդւածից եւ 7 ծանօթ.-ից. ընթերցւել եւ վաւերացւել է Թեմական խորհրդի  րդ նիստում:


Կալւածային Մարմին

Յօդւած
Թեմիս ազգապատկան կալւածների վերահասութիւն տալու պարտականութեամբ՝ Թեմական խորհրդի կողմից կեանքի է՝ կոչւում Կալւածային մարմին՝ բաղկացած 5-7 լաւատեղեակ եւ փորձառու ազգայիններից:

Կալւածային մարմնի գործունէութեան ժամանակաշրջանը երկու տարի է:

  • ա- Վերահասութիւն տալ ազգապատկան կալւածների բոլոր իրաւական, դատական եւ այլ օրինական խնդիրներին:
  • բ- Հետապնդել կտակւած եւ կամ նւիրւած կալւածների, շէնքերի, կանխիկ գումարների եւ շարժական ու անշարժ այլ գոյքերի պաշտօնապէս ազգային առաջնորդարանին փոխանցելու աշխատանքները:
  • գ- Կազմել ազգապատկան կալւածների օգտագործման համար անհրաժեշտ պայմանագրերը եւ հետեւել սոյն պայմանագրերի գործադրմանը:
  • դ- Մշակել ազգապատկան կալւածների լաւագոյնս օգտագործման եւ կամ բարեփոխման ծրագրեր եւ ներկայացնել Թեմական խորհրդին՝ Տնտեսական մարմնի հետ համախորհուրդ:
  • ե- Ցանկագրել թեմիս բոլոր կալւածները եւ պատրաստել ամբողջական արխիւ՝ իւրաքանչիւրի համար:

Յօդւած
Կալւածային մարմնի կողմից ծրագրւած ու ներկայացւած առաջարկները, Թեմական խորհրդի վաւերացումն ստանալուց յետոյ, գործադրւում են պատկան ազգային մարմինների եւ կամ ուղղակիօրէն Կալւածային մարմնի միջոցով:

Յօդւած
Կալւածային մարմինը նիւթական առանձին գործունէութիւն չունի. նրա նիւթական գործունէութիւնը կատարւում է Թեմական խորհրդի միջոցով:

Յօդւած
Կալւածային մարմինը իր գործունէութեան շրջանի ամէն տարեվերջին միամեայ գործունէութեան ամբողջական զեկոյցը ներկայացնում է Թեմական խորհրդին:


Կազմութիւն Կրօնական Խորհրդի

Նկատի ունենալով ազգային-եկեղեցական մեր կառոյցում Կրօնական խորհրդի հրամայական պահանջն ու առանցքային դերը եւ մեկնելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան կանոնադրութեան եւ Ազգային սահմանադրութեան ոգուց եւ յետ խորհրդակցութեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի եւ մեր թեմի պատկան մարմինների՝ վերակազմում ենք մեր թեմի Կրօնական խորհուրդը՝ հետեւեալ կազմով եւ այն Ձեզ՝ պատկառելի Պատգամաւորական ժողովիդ ենք ներկայացնում՝ առ ի գիտութիւն՝ յուսալով, որ յառաջիկային մենք մեր թեմի կանոնադրութեան վերանայման պարագայում՝ Կրօնական խորհուրդը անպայմանօրէն տեղ կը գտնի այնտեղ:

  • Արժ. Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեան
  • Արժ. Տ. Միհրան քհնյ. Հայրապետեան
  • Արժ. Տ. Վազգէն քհնյ. Շմաւոնեան
  • Արժ. Տ. Մեսրոպ քհնյ. Ռաթէոսեան
  • Արժ. Տ. Արսէն քհնյ. Աւետեան
  • Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեան
  • Արժ. Տ. Արշէն քհնյ. Յարութիւնեան

Կրօնական խորհուրդը առաջնորդի նախագահութեամբ ու առաջնորդութեամբ է գործում՝ հերթական ժողովական կեանքով ու գործելաոճով:

Եկեղեցական կրօնական հրատապ եւ ընդհանրական բնոյթ կրող հարցերի քննարկման համար՝ առաջնորդի հրաւէրով Կրօնական եւ Թեմական խորհուրդները գումարում են միատեղ նիստ՝ անհրաժեշտ տնօրինումների համար:

Կրօնական խորհրդի իրաւասութիւններն ու պարտականութիւններն են.

  • ա- Զբաղւել կրօնական հարցերով եւ քահանայից դասին առնչւող խնդիրներով եւ կայացնել համապատսխան որոշումներ:
  • բ- Քննել եկեղեցական արարողութիւնների եւ ծիսակատարութեանց խնդիրը եւ թեմակալ առաջնորդի յանձնարարութեամբ աշխատել միաձեւութիւն մտցնել թէ՛ ըստ ձեւի, եւ թէ՛ ըստ բովանդակութեան ու տեւողութեան:
  • գ- Քահանայից դասի մտաւոր մակարդակը բարձրացնելու եւ ճոխացնելու մտօք՝ հասարակագիտական, եկեղեցական պատմութեան եւ դաւանաբանական հարցերի շուրջ կազմակերպել սեմինարներ եւ դասախօսութիւններ:
  • դ- Հանրութեանն եկեղեցուն ու կրօնին կապելու մտօք՝ կազմակերպել դասախօսութիւններ՝ կրօնական բնոյթ կրող հարցերի շուրջ, բացատրել ժամերգութեան, ծէսերի եւ խորհուրդների իմաստը, վերլուծել պատարագի արարողութեան կատարումն ու զարգացման հերթականութիւնը:
  • ե- Թելադրել քահանայ հայրերին, որ ծրագրւած ձեւով, ժամանակ առ ժամանակ, այցելութիւն տան իրենց ծխականներին, յատկապէս խոնարհ խաւերին՝ Քրիստոսի պատգամները փոխանցելու եւ օրհնութիւն տալու համար:
  • զ- Քննարկման ենթարկել դպրոցներում կրօնի դասաւանդութեան հնարաւորութիւնները՝ քահանաների միջոցով եւ համապատասխան որոշումներ յանձնել պատկան մարմիններին:
  • է- Քահանայական ասպարէզը աւելի գրաւիչ դարձնելու եւ նոր թեկնածուներ հասցնելու նպատակով՝ հարցը ըստ ամենայնի քննարկել եւ գործնական առաջարկութիւններ անել պատկան մարմիններին:
  • ը- Հիմնել Կիրակնօրեայ դպրոցներ եւ նախանձախնդիր լինել դրանց բարւոք ընթացքին:
  • թ- Զարկ տալ կրօնական հրատարակութիւններին, յատկապէս՝ մանկական գրականութեան եւ ժողովրդական մատչելի լեզւով գրականութեան:
  • ժ- Նշանակել կրօնական դաստիարակութեան խորհուրդներ կամ նրանց համապատասխան մարմիններ, որտեղ որ անհրաժեշտ է: Նրանց պարտականութիւնը պիտի լինի հետեւել Կիրակնօրեայ դպրոցների աշխատանքներին եւ քրիստոնէական դաստիարակութեան ժողովրդականացման:
    • ժա- Հոգ տանել երիտասարդութեան քրիստոնէական առողջ դաստիարակութեան:
    • ժբ- Հոգ տանել դպրաց դասերին, երգեցիկ խմբերին եւ քաջալերել նոր դպիրների անդամակցութիւնը:
    • ժգ- Նախանձախնդրօրէն հետեւել ժողովրդի քրիստոնէական դաստիարակութեան եւ որոնել միջոցներ՝ մեր ժողովրդին զինելու քրիստոնէական հաւատքով՝ ի պաշտպանութիւն աղանդաւորական շարժումների դէմ:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com