ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Կանոնագրութիւն Թեհրանի Հայոց Թեմի - Հիմնական Սկզբունքներ Եւ Ընդհանուր Կանոններ

Հոդվածների ցուցակագիր

Հիմնական Սկզբունքներ Եւ Ընդհանուր Կանոններ

ՅՕԴՒԱԾ 1.
Թեհրանի հայոց թեմին պատկանող Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու բոլոր զաւակները, առանց սեռի խտրութեան, վայելում են նոյն եկեղեցու կանոններից եւ աներկբայելի աւանդութիւններից բխած, ինչպէս նաեւ սոյն կանոնադրութեամբ նախատեսւած բոլոր իրաւունքները՝ միաժամանակ ենթակայ լինելով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին, աւանդութիւններին, ինչպէս նաեւ ներկայ կանոնադրութեան թելադրանքներին եւ նրանց հիման վրայ կեանքի կոչւած իրաւասու ժողովների եւ մարմինների որոշումներին:

ՅՕԴՒԱԾ 2. 
Թեհրանի հայոց թեմի օրէնսդիր ժողովն ու Գերագոյն իշխանութիւնը թեմի Պատգամաւորական ժողովն է, որի անդամներն ընտրւում են ժողովրդի ուղղակի քւէներով եւ որի հաստատած կանոնադրութեան եւ կայացրած որոշումների համաձայն ղեկավարւում են թեմի ազգային, հասարակական, կրօնական, կրթական, տնտեսական եւ վարչական գործերը:

ՅՕԴՒԱԾ 3.
Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստն է Թեհրան քաղաքը: Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ նրանցից բխած մարմինների կենտրոնն է ազգային առաջնորդարանը, իսկ միւս բոլոր ազգային մարմիններն ու թաղային ժողովները իրենց նիստերը գումարում են պատկան թաղի ազգային հաստատութեանց մէջ:

ՅՕԴՒԱԾ 4.
Թեհրանի հայոց թեմի սահմաններում գտնւող եկեղեցիները, դպրոցական շէնքերը, կտակի կամ նւիրատւութեան միջոցով համայնքի սեփականութիւնը կազմող շարժական կամ անշարժ գոյքերն ու կալւածները, համայնապատկան գերեզմանատները եւ ազգապատկան այլ հիմնարկները, իրենց շարժական եւ անշարժ բոլոր գոյքերով եւ կայքերով, կազմում են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անկապտելի սեփականութիւնը:
Վերոյիշեալ սեփականութեանց կառավարման եւ օգտագործման իրաւունքը պատկանում է Թեմական խորհրդին՝ յանձին պետական պատկան հաստատութեան մօտ պաշտօնապէս արձանագրւած ՇՈՐԱՅԷ ԽԱԼԻՖԵԳԱՐԻ ԱՐԱՄԱՆԷՅԷ ԻՐԱՆ-ի անւամբ (իրանահայութեան առաջնորդարանի խորհուրդ):

ՅՕԴՒԱԾ 5.
Թեհրանի հայոց թեմի բոլոր ժողովներն ու մարմինները, ի բաց առեալ սոյն կանոնադրութեամբ նախատեսւած այն մարմինների, որոնք նշանակւում են Թեմական խորհրդի կամ այլ իրաւասու մարմինների կողմից, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ոգու եւ սովորութիւնների համաձայն, կեանքի են կոչւում ընտրական սկզբունքներով:

ՅՕԴՒԱԾ 6.

  • ա- Ընտրելու իրաւունք ունեն, առանց սեռի խտրութեան, 18 տարին լրացրած այն բոլոր ազգայինները, որոնք տւեալ ընտրութեան քւէարկութեան թւականից առնւազն վեց ամիս առաջ ապրել են իրենց ընտրական շրջանում:
  • բ- Ընտրւելու իրաւունք ունեն, առանց սեռի խտրութեան, 25 տարին լրացրած այն բոլոր ազգայինները, որոնք տւեալ ընտրութեան քւէարկութեան թւականից առնւազն վեց ամիս առաջ ապրել են իրենց ընտրական շրջանում:

ՅՕԴՒԱԾ 7.
Ընտրւելու իրաւունքից զրկւում են այն ազգայինները, որոնք.

  • ա- Պետական օրէնքով քրէական յանցանքի համար զրկւած են քաղաքացիական իրաւունքներից, մինչեւ պատժարկման շրջանի լրանալը կամ իրենց իրաւունքների վերականգնումը:
  • բ- Լրիւ կերպով չեն վճարել իրենց ծխական տուրքը, բացի այն անհատները, որոնք եկեղեցական պատկան մարմինների որոշումով՝ ազատ են կացուցւել կամ ազատ կը կացուցւեն տուրք վճարելուց:

ՅՕԴՒԱԾ 8.

  • ա- Ոչ ոք չի կարող միաժամանակ անդամակցել երկու մարմինների կամ ժողովների, ի բաց առեալ այն դէպքում, երբ այս կանոնադրութեամբ հակառակն է նախատեսւած:
  • բ- Թեմական խորհրդի անդամ ընտրւելիս՝ եթէ ենթակայ անդամ է Պատգամաւորական ժողովի, ինքնաբերաբար դադարում է այդ ժողովի անդամ լինելուց եւ նրա փոխարէն Պատգամաւորական ժողովին անդամակցում է տւեալ ընտրաշրջանի անձնափոխանորդը:

ՅՕԴՒԱԾ 9.

Որեւէ մարմնի կամ ժողովի անդամ իրենից հաշւառու ժողովում չի կարող քւէի իրաւունքից օգտւել այն խնդիրների քւէարկութեան ժամանակ, որոնք առնչւում են նոյն մարմնի հաշւետւութեան:

ՅՕԴՒԱԾ 10.

  • ա- Ամէն ժողով կամ մարմին ունի իւր մնայուն դիւանը՝ բաղկացած ըստ անհրաժեշտութեան մէկ կամ երկու ատենապետերից եւ մէկ կամ երկու ատենադպիրներից:
  • բ- Նիւթական-տնտեսական գործառնութիւն ունեցող մարմինների դիւանի կազմի մէջ ներառւում է նաեւ մի գանձապահ եւ ի պահանջեալ հարկի՝ մի գոյքապահ:
  • գ- Դիւանի պարտականութիւնն է հսկել պատկան ժողովի կամ մարմնի աշխատանքների կանոնաւոր ընթացքի եւ տրւած որոշումների գործադրութեան վրայ:

ՅՕԴՒԱԾ 11.

  • ա- Բոլոր ժողովներն օրինական են, երբ նիստին ներկայ է տւեալ ժողովի անդամների պարզ մեծամասնութիւնը, այն է ընդհանուր թւի կէսից մէկով աւելի ժողովականներ:
  • բ- Ժողովներում բոլոր որոշումները տրւում եւ ընտրութիւնները կատարւում են վճռական ձայնով ժողովին մասնակցող անդամների պարզ մեծամասնութեան քւէով, բացի առաջնորդ ընտրելու կամ հրաժարեցնելու եւ ներկայ կանոնադրութիւնը փոփոխութեան ենթարկելու խնդիրները քննութեան առնելու եւ վճռահատելու պարագայում, երբ անհրաժեշտ է պատկան ժողովի անդամների ընդհանուր թւի ձայների երկու-երրորդի մեծամասնութեան ապահովումը:
  • գ- Որեւէ ժողովականի առաջարկով կը կատարւի փակ քւէարկութիւն:
  • դ- Քւէարկութեան մասնակցելու իրաւունք ունեն միայն վճռական ձայնով ժողովի կամ մարմնի անդամ ընտրւած կամ նշանակւած այն անդամները, որոնք ներկայ են ժողովի կամ մարմնի նիստին:
  • ե- Ժողովի հրաւէրի մէջ պիտի յիշատակւի գումարման վայրը, թւականը, ժամը եւ օրակարգը:

ՅՕԴՒԱԾ 12.

  • ա- Օրակարգի հարցերը քննարկւելուց յետոյ՝ առաջարկները երկրորդւելու պարագայում՝ ենթարկւում են քւէարկութեան:
  • բ- Ժողովականների առաջարկով օրակարգի հարցերի հերթականութիւնը կարելի է փոփոխութեան ենթարկել կամ օրակարգի նոր կէտ աւելացնել

ՅՕԴՒԱԾ 13.
Եթէ որեւէ ժողովական ոչ-յարգելի պատճառով երեք անգամ յաջորդաբար բացակայի պատկան ժողովի կամ մարմնի նիստերից, այդ դէպքում ժողովի կամ մարմնի դիւանը պարտաւոր է ենթակային գրաւոր ազդարարութիւն անել եւ բացակայութեան համար բացատրութիւն պահանջել: Գոհացուցիչ պատասխան չստանալու եւ կամ բացակայութիւները ոչ-յարգելի պատճառով շարունակելու պարագայում՝ դիւանը հարցը կը յանձնի պատկան ժողովի կամ մարմնի ուշադրութեան եւ ժողովի կամ մարմնի որոշումներով ենթական հրաժարւած կը համարւի պատկան ժողովից կամ մարմնից (Ու նրան կը յաջորդի ժողովի կամ մարմնի անձնափոխանորդ անդամը, որը, եթէ պատկան ժողովի կամ մարմնի ընտրութիւններին հիմք են ծառայել թաղային կամ շրջանային բաժանումները, պիտի լինի նոյն թաղից կամ շրջանից, որտեղից ընտրւել է հրաժարեցւած անդամը):

ՅՕԴՒԱԾ 14.
Իր գործունէութեան ժամանակաշջրանը լրացրած որեւէ ժողով կամ մարմին պարտաւոր է իր աշխատանքները շարունակել մինչեւ նոր ընտրութեանց աւարտումն ու գործերի փոխանցումը՝ նորընտիր կազմերին:

ՅՕԴՒԱԾ 15.
Բոլոր գործադիր մարմինները, իրենց դրամական գործունէութեան մէջ, ղեկավարւում են պատկան իրաւասու ժողովների կողմից նախապէս վաւերացւած նախահաշիւներով կամ յատկացումներով:

ՅՕԴՒԱԾ 16.
Ազգապատկան ու շարժական գոյքերը, որոնք փչացել կամ ենթակայ են արժէքազրկման, կարելի է հաշւելոյծ կատարել կամ օրւայ արժէքով վաճառել միայն պատկան մարմինների որոշումով եւ Թեմական խորհրդի հաւանութեամբ:
ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ ՇՈՐԱՅԷ ԽԱԼԻՖԵԳԱՐԻԷ ԱՐԱՄԱՆԷՅԷ ԻՐԱՆԻ

ՅՕԴՒԱԾ 17.
Թեհրանի հայոց թեմի սեփականութիւնը կազմող բոլոր եկեղեցա-ազգապատկան շարժական եւ անշարժ կայքը եւ գոյքը, ազգապատկան դպրոցների արտօնագրերը, բանկային ընթացիկ եւ աւանդ հաշիւները արձանագրւում են Թեմական խորհրդի միջոցով, պետական պատկան հաստատութեան մօտ պաշտօնապէս որպէս իրաւական անձ գրանցւած ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ «Շորայէ խալիֆեգարիէ արամանէյէ Իրան»-ի անունով:

ՅՕԴՒԱԾ 18.
Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը, իրանահայութեան ազգային առաջնորդարանի խորհրդի նախագահի իր հանգամանքով, նախագահում է նաեւ նոյն խորհրդի վարիչ մարմնին, որի անդամները Թեմական խորհրդի առաջարկութեամբ ընտրւում են ազգային առաջնորդարանի խորհրդի ընդհանուր ժողովի կողմից, պատկան կանոնադրութեան համաձայն:

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com