Հարցազրոյց Ծխական Տուրքի Մարմնի ատենապետ՝ Տկն. Վիրջինիա Էլեասեանի հետ

Եթէ կարելի է, նախ բացատրէք թէ ի՞նչ է նշանակում ծխական տուրք:

Թեհրանի Թեմի Հայաստանեաց Առաքելական Ս. Եկեղեցու Առաջնորդարանի և համայնքի կրօնական, կրթական և ազգային կառոյցների նիւթական կարիքները հոգալու համար, իւրաքանչիւր եկամուտ ունեցող հայ անհատ, իր նիւթական կարողութեան սահմաններում՝ պարտադիր է վճարել այդ տուրքը:

Ի՞նչքան ժամանակ է ինչ սկսել էք ձեր աշխատանքը:

2015-ի յուլիսի 1-ից Թ. Հ. Թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւեց մեր մարմինը:

Այս ընթացքին ի՞նչ աշխատանքներ էք կատարել:

Քանի որ 2012թ. Մարտ ամսից դադարեցւել է Ծխական Տուրքի գրասենեակի պաշտօնեայի և գանձիչների աշխատանքները,  մարմնիս կողմից աշխատանքը յանձնարարւել է եկեղեցիների խորհրդներին:  Մարմինները շարունակել են իրենց աշխատանքը՝ ամբողջացնելու Ծ.Տ. վճարող ընտանիքների ցանկերը և գործնական տարբեր ձևեր կիրառել աւելացնելու գանձումները:  Նոր գործելակերպով առաջնորդւելու հարմար ունեցել ենք բացատրական հանդիպումներ:  Կիրառւած նոր ձևը համայնքում տեղ գտնելու համար, մարմնի միջոցով կազմակերպւել է քարոզչական աշխատանքներ, ընդորում պատրաստւել են պաստառներ որոնք փակցւել են եկեղեցիների շրջափակներում, միութիւններում ցրւել են թռուցիկներ:  Ալիք օրաթերթում տպագրւել են յայտարարութիւններ, նաև հայրենակիցներին յղւել է կարճ հաղորդագրութիւններ:

Թեմական խորհրդի համաձայնութիւնը ստանլով, մարմինս դիմել է Թ.Հ.Թ. կրթական խորհրդին և առաջարկել , որ ընթացիկ ուսումնական տարեշրջանի ընթացքում Ծ.Տ. մարմնի նիւթական և բարոյական գործունէութեան զեկույցը, որպէս տեղեկանք աշակերտների միջոցով ընտանիքներին փոխանցել:  Այս որոշումը շուտով գործնականի պիտի վերածել:

Մեր հայրենակիցների հետ շփւելու և մարմնիս գործունէութեան վերաբերեալ աւելի լայն բացատրութիւն տալու նկատառումից ելնելով, յաճախակի դիմումներ է կատարւել մեր միութիւններին, լայնամասշտաբ համագործակցութեան ակնկալիքով սակայն հանգամանքների բերումով, երբեմն չի յաջողւում ապահովել բոլոր միութիւնների աջակցութիւնը մեր աշխատանքների ընդլայնման և իրագործման ուղղութեմաբ:

Այժմ երբ ձեր գրասենեակի պաշտօնեայի և գանձիչների աշխատանքները դադարել են, ի՞նչ միջոցներով է գանձւում ծխական տուրքը:

Մեր հայրենակիցները կարող են անլայն վճարում կատարել դիմելով Ազգային Առաջնորդարանի կայք:  Կարելի է եկեղեցիներում, կրօնական արարողութիւնների ընթացքին դիմել եկեղեցական խորհուրդներին և վճարումը կատարել:

Խնդրեմ բացատրէք թէ ի՞նչ նպատակներով են օգտագործւում այս գումարները:

Մարմնիս միջոցով գանձւած բոլոր գումարները ուղղւում են Թեմիս նիւթական բաժին, որոնք օգտագործւում են հայոց դպրոցներում ուսանող անվճար աշակերտների, կարիքաւոր ընտանիքների և ուսանողների նիւթական խնդիրները որոշ չափով լուծելու համար:

Վերջում ի՞նչ ունէք աւելացնելու:

Առիթը պատեհ համարելով մեր խորին շնորհակալութիւններն ենք յայտնում, այն միութիւններին, որոնք մշտապէս իրենց աջակցութիւնն են առաջարկում մեզ:  Նաև մեր խոր գնահատանքի խօսքն ունենք ուղղելու Թեհրանի բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհրդներին, որոնք խոր գիտակցելով մարմնիս գործունէութեան յաջողութեան կարևորութիւնը, նեցուկ են հանդիսացել և դիւրացրել, տարւող աշխատնքների իրականացումը: