Հայոց Ազգային «Արաքս» Դպրոցի Աւարտական հանդիսութիւն

Սոյն թւականի յունիսի 22-ին հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, Հ. Ու. «Չհարմահալ» միութեան «Յ. Թումանեան» սրահում տեղի ունեցաւ հայոց ազգ. «Արաքս» դպրոցի տարրականի վեցերորդ եւ միջնակարգի Ա շրջանի իններորդ դասարանների հայոց լեզւի վկայականների շնորհման հանդիսութիւնը:

Ծրագրին ներկայ էին՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան` Արտաշէս Թումանեանը եւ դիւանագիտական անձնակազմը, առաջնորդական փոխանորդ Տ. Մակար եպս. Աշգարեանը, Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, Թեմական խորհրդի ներկայացուցիչ՝ Արմէն Սիմոն Խաչիկեանը, Կրթական խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանը եւ նաեւ փոխատենապետ՝ Սարօ Աւագեանը:

Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որից յետոյ հնչեց «Արաքս» դպրոցի հիմնը, որոնք կատարւեց վեցերորդ դասարանի աշակերտուհիների միջոցով ղեկավարութեամբ՝ Մեղեդի Եղնազարեանի:

Բարիգալստեան, շնորհակալական եւ ողջոյնի խօսքերով հանդէս եկան ծնողական խորհրդի ատենապետ՝ Արազ Սիմոնեանն եւ տեսչուհի՝ Անի Մանուկեանը:

Ծրագիրը յագեցւած էր գեղարւեստական բաժնով, որի առաջին բաժնում հանդէս եկան վեցերորդ դասարանի աշակերտուհիները, նախ ընթերցւեց աշակերտական խօսքը՝ Լիանա Մուրադեանի միջոցով, որից յետոյ վեցերորդ դասարանի աշակերտուհիները կատարեցին՝ «Խանի երգը», «Զարթիր լաօ» եւ «Երգը կեանք է» երգերը ղեկավարութեամբ՝    Մեղեդի Եղնազարեանի, «Կեանքս հայրենքիս» երգը մեներգեց՝ Անի Յովհաննիսեանը, դաշնամուրի կատարումով հանդէս եկան՝ Արիելա Բրենդա Զարգարեանը եւ Դալար Դանիէլեանը, «Հայ հայ» պար՝ Նարինէ Ազալբարի համադրութեամբ նեկայացրին՝ Վիւիանա Ասատրեանը, Էլին Խաչատրեանը, Մարիա Ղազարեանը, Լիանա Ղարիբին, Սեւանայ Ղարիբին, Լարա Միրզախանեանը եւ Վիւիան Շաաբանին, «Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք» ժողովրդական հեքիաթը ներկայացրին՝ Անգինէ Աղաջանեանը, Սեւանայ Աւագեանցը, Դորին Աւանէսեանը եւ Սէրլի Թարոյեանը՝ Արտոյտ Զոհրաբեանի բեմադրութեամբ: 

Ծրագրի երկրորդ բաժնում հանդէս եկան իններորդ դասարանի աշակերտուհիները, Ջուդի Մեհրաբեանը ընթերցեց հրաժեշտի խօսքը, իսկ յետոյ իններորդ դասարանի աշակերտուհիները կատարեցին հայրենասիրական երգերի շարան՝ «Մենք անկեղծ զինւոր ենք», «Կովկասի քաջեր» եւ «Ի զէն հայեր» եւ ապա «Սիրոյ թռչուն» երգը ղեկավարութեամբ՝ Մեղեդի Եղնազարեանի, «Հայաստան աշխարհ» երգը մեներգեց՝ Երազ Բանդարին, դաշնամուրի զոյգ կատարումով հանդէս եկան՝ Բիայնա Ժամհարեանը եւ Արփի Քեշիշեանը, «Հայաստան» պար՝ Նարինէ Ազալբարի համադրութեամբ ներկայացրին՝ Անայիս Հայրապետեանը, Նայիրա Մելիքսէթեանը, Ալին Շահմիրզայեանը, Լիա Սարգսեանը, Էւենիա Տէր-Աւանէսեանը եւ Անուշ Տէր-Յովհաննիսեանը, Մարկ Թւէյնի «Կեանքի հինգ բարիքները» ներկայացրին՝ Սէրլի Ղեւոնդեանը, Անի Յովսէփեանը եւ Մեղրի Սարխոշեանը՝ Արտոյտ Զոհրաբեանի բեմադրութեամբ:

Ծրագրի հաղորդավարներն էին իններորդ դասարանի աշակերտուհիներ՝ Անի Յովսէփեանը եւ Մեղրի Սարխոշեանը, նաեւ ծրագրի գեղարւեստական բաժնի համադրումը կատարել էր Արտոյտ Զոհրաբեանը:

Ծրագրի միւս բաժնում վեցերորդ եւ իններորդ դասարանների աշակերտուհիները Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ձեռամբ ստացան իրենց հայոց լեզւի աւարտականի վկայագրերը, իսկ յետոյ գնահատւեցին դպրոցի ուսուցչական կազմը եւ ծնողական խորհրդի անդամուհիները. հարկ է նշել, որ ծրագրին ներկայ էին նաեւ  հանգստի կոչւած փոխտեսչուհիներ՝ Վերժիկ Թահմազեանը, Փոլետ Աղախանեանը եւ վաստակաւոր ուսուցչուհի Կարինէ Ասատրեանը, որոնք գնահատւեցին ծաղկեփնջերով:

Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար Հրանուշ  Յակոբեանի կողմից Կրթական խորհրդին էր յանձնւել շնորհակալագիր՝ Մայրենի տօնին նւիրւած «Իմ քաղցր լեզու» թեմայով շարադրութիւնների մրցութեան դպրոցիս ակտիւ մասնակցութեան առիթով, որը ծրագրի ընթացքում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանի եւ Կրթական խորհրդի ատենապետ՝ Սեւան Դանիէլեանի ներկայութեամբ յանձնւեց դպրոցիս տեսչուհի՝ Անի Մանուկեանին եւ միաժամանակ պրն. Թումանեանի կողմից յուշանւէրներ յանձնւեցին շրջանաւարտ աշակերտուհիներին: Դեսպանը իր խօսքերի ընթացքում կարեւորեց եւ գնահատեց Սրբազան Հօր հայրական վերաբերմունքը եւ պատասխանատւութիւնը համայնքի նկատմամբ եւ շնորհակալութիւն յայտնեց մեծ դերակատարութեան համար, որ ունի Սրբազան Հայրը համայնքում: Վերջում պրն. Թումանեանը նշեց. «Դպրոցական տարիները հետագայում իրենց տրւած գիտելիքներով եւ զգացողութեամբ լինելու են աշակերտուհիների ամենամեծ կապիտալը, շրջանաւարտների համար ցանկանում եմ առողջութիւն, երջանկութիւն, մեծ ճանապարհ, իհարկէ կուզեմ որ այդ ճանապարհը դէպի Հայաստան լինի»:   

Ծրագրի աւարտին ներկաներին եւ շրջանաւարտներին իր հայրական օրհնանքն ուղղեց Տ. Սեպուհ  արք. Սարգսեանը շեշտելով, որ «Ունենք շրջանաւարտներ, որոնք իննը տարի շարունակ իրենց ուսումը ստացան «Արաքս» դպրոցում եւ այժմ հրաժեշտ են տալիս դպրոցին. գնալու եւ այս անգամ լողալու ուրիշ աւելի մեծ գետում, իննը տարի շարունակ Արաքս գետում լողացին եւ կարողացան իրենց խորաթափանց աչքերով, արթուն մտքով, ժիր ձեռքերով առնել Արաքս գետի յատակից այն, ինչ որ պիտի կազմաւորէր իրենց մարմինը եւ միտքը եւ հաւատում եմ, որ ամէն մէկն իր կեանքում պիտի դառնայ մի Արաքս գետ, բոլորս գիտենք թէ Արաքս գետը մեր ժողովրդի պատմութեան, կեանքի գրականութեան հոգեւոր եւ մտաւոր կեանքում ինչպիսին է եղել: Արաքս գետը ասելիս մեր ժողովրդի միտքն ու հոգին տագնապում է, որովհետեւ նա ունի իր ժողովրդի պատմութիւնը իր մէջ, նա ունի նաեւ հազարաւոր երեւի հարիւր հազարաւոր հայորդիների կեանքը իր մէջ»: Սրբազան Հայրը աւելացրեց նաեւ, որ «Կեանքը առանց տագնապի իմաստ չի ունենայ, տագնապները կան՝ որպէսզի մարդու միտքը եւ հոգին թրծւի»: Ապա Սրբազան Հայրը յորդորեց մեր աշակերտուհիներին. «Դուք էլ ձեր պայքարի մէջ լծւէք մեր Քրիստոնէական հաւատքներով, այն ժամանակ ես հաւատում եմ, որ ձեր կեանքը կը լինի լեցուն, առատ, զօրաւոր եւ ամուր, ես հաւատում եմ, որ պիտի գայ մի օր, որ մենք պիտի ունենանք մեր ամբողջական հայրենիքը, եւ ես ուզում եմ, որ դուք ձեր կեանքի նշանաբանի առաքելութեան մէջ, մի տեղ անպայմանօրէն այդ տեսիլքը, այդ երազը պիտի ունենաք, առանց տեսիլքի եւ երազի ապրող ժողովուրդը դատապարտւած է մահանալու, մենք տեսիլք ունենք որպէս Քրիստոնեաներ, մենք յուսով ապրում ենք երկնքի արքայութեան արժանանալու հեռանկարով: Հայ դպրոցը մեր գոյութեան միջնաբերդն է եւ ես ուրախ եմ, որ մենք ամէն տարի այսպիսի մի բանակ ենք շրջանաւարտ ունենում մեր դպրոցներից, որոնք պիտի լինեն Ս. Մեսրոպ Մաշտոցի զինակիցները, մեր մշակոյթի տարածման, մեր հաւատքի ժողովրդականացման եւ ինչու չէ նաեւ մեր հայրենիքի առաւել ամրացման եւ ազատութեան համար»:

Վերջում տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն, որով աւարտւեց ծրագիրը:  

Զեկոյցը կազմեց Հայոց Ազգ. «Արաքս» դպրոցի փոխտեսչուհի՝ ԱՐԱԶ ՍԻՄՈՆԵԱՆԸ