Առաջնորդ Սրբազան Հօր Հանդիպումներից Արցախում և Հայաստանում

Արցախեան իր այցելութիւնից վերադարձին, Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, հինգշաբթի 27 յուլիսի կէսօրին, հանդիպեց Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի Նախարար՝ տկն. Հրանուշ Յակոբեանին:

Սրբազանն իր ուրախութիւնը յայտնեց այս հանդիպման առիթով և յաջողութիւն մաղթեց տիկին նախարարուհուն իր աշխոյժ գործունէութեան մէջ:

Տկն. Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Առաջնորդին իր այցելութեան համար և այնուհետ խօսւեց Հայաստան-Սփիւռք խորհրդաժողովի վերաբերեալ հարցերի մասին: Նա յայտնեց, որ գլխաւոր 4 ոլորտներում պիտի քննարկւեն հիմնահարցերը՝ Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները, ազգային անվտանգութեան հիմնահարցերը, հայերի ցեղասպանութեան և արտաքին քաղաքականութեան հիմնահարցերն ու հայապահպանութեան և ինքնուրոյնութեան հետ կապւած հիմնախնդիրները:

Վերջում Տկն. Նախարարուհին Սրբազան Հօրը խնդրեց, որ իր ողջոյնները փոխանցի մեր համայնքի զաւակներին:

Յաւելենք նաև, որ Արցախում Թեմակալ Առաջնորդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ՝ վսեմաշուք պրն. Բակօ Սահակեանի հետ հանդիպելիս, պրն. Նախագահն իր յատուկ սիրոյ ողջոյնները յայտնեց իրանահայ համայնքի մեր զաւակներին և յատկապէս թեհրանահայութեան:

Յայտնենք նաև, որ այս հանդիպման ընթացքին, նախագահ՝ Բակօ Սահակեանը Սրբազան Հօրը նւիրեց Շուշիի ազատագրութեան 25-ամեակի առիթով յատկապէս պատրաստւած ոսկեայ մեդալը, ի գնահատութիւն Սրբազան Հօր Արցախում հայրենակերտ աշխատանքների և բարեգործ գործունէութեան:

Թեմիս Առաջնորդ Սրբազան Հայրը Ս. Էջմիածնում իր կեցութեան միջոցին, ընդունւեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ամենայն Կաթողիկոսի կողմից: Վեհափառ Հայրապետն իր ցաւակցութիւնը յայտնեց երանաշնորհ Տ. Նորայր Ս. Եպս. Աշըգեանի վաղաժամ մահւան առիթով և տնօրինեց, որ կիրակի 30 յուլիս 2017-ին իր նախագահութեամբ Ս. Էջմիածնի Մայր Տաճարում հոգեհանգստեան յատուկ արարողութիւն կատարւի հանգուցեալ Սրբազան Հօր հոգւոյն խաղաութեան համար: