«ՀԱՅ ԳԻՐՔԸ ԱՅՆ ՊԱՏՒԱՆԴԱՆՆ Է, ՈՐԻ ՎՐԱՅ ՀԱՍՏԱՏՒԱԾ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՈՅԱՆՈՒՄ ԱՌԱՋ» ԱՍԱՑ ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ

Նւիրական աւանդութիւն է դարձած այլեւս, ամէն տարւայ հոկտեմբեր ամսին, որը նւիրականացած է մեր թարգմանիչ վարդապետների յիշատակի ոգեկոչումով, կազմակերպել հայ գրքի ցուցահանդէս, ի վայելումն գրասէր ու մշակութասէր հայ հասարակութեան։

Արդարեւ Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախումբը, հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տասնհինգերորդ անգամ լինելով կազմակերպում հայ գրքի ցուցահանդէս, որին մասնակցում են Առաջնորդարանի կողքին, Նայիրի հրատարակչատունը, ՀՈՒՍԿ-ը, Հ.Մ. Սիփան Միութիւնը եւ անհատ գրողներ։

Հայ գրքի 15-րդ ցուցահանդէսի բացումը կատարւեց Տէրունական աղօթքով Ս. Սարգիս եկեղեցու երգեցիկ խմբի կատարողութեամբ՝  ղեկավարութեամբ տիկին Կարինէ Մուրադեանի, որից յետոյ Քրիստոնէական Դաստիարակութեան Յանձնախմբի ատենապետուհի՝ օրդ. Անի Մանուկեանը հանդէս եկաւ բացման խօսքով։ Օրդ. Մանուկեանը իր խօսքի մէջ կարեւորութեամբ անդրադարձաւ հայ լեզւի առանցքային դերին վկայակոչելով Խաչատուր Աբովեանի այն խօսքը թէ լեզուն եւ հաւատն են որ մարդը կապւող պահում են ամուր եւ անխորտակ։

Բացման խօսքից յետոյ իրագործւեց գեղարւեստական բովանդակալից ծրագիր։ Առաջին հերթին Սաղմոսի ասմունքով հանդէս եկաւ Անանիա Յարութիւնեանը, այնուհետ յաջորդաբար Սասուն մանկապարտէզի փոքրիկները հայրենասիրական երգով եւ ասմունքով խանդավառեցին ներկաներին. քնարի եւ ջութակի կատարողութեամբ երաժշտական ելոյթ ունեցան Մերեդիթ Մովսէսեանն ու Էւիտա Առաքելեանը, Օշականում ննջող մեծ Հացեկացիի շունչը ներբողականով ներկաներին փոխանցեց տկն. Այրինա Նորաւեանը, վերջում երգչախմբային կատարումով ելոյթ ունեցան Նարեկ համոյթի անդամներ՝ Էլէնի Առաքելեան, Բրենդա Բեկինեան, Ալին Փիազաք, Վարանդ Զոհրաբեան եւ Մոնթէ Յակոբեանը։

Գեղարւեստական ծրագրի աւարտին արտայայտւեց թեմակալ առաջնորդը, որ նախ իր գնահատանքը յայտնեց ներկաներին, որոնք խուռներամ եկել էին մասնակցելու ցուցահանդէսին եւ այնուհետ Սրբազան հայրը իր կարգին շեշտեց կարեւորութիւնը հայ գրքի, «Հայ գիրքը ասաց Սրբազան հայրը, այն պատւանդանն է, որի վրայ հաստատւած հայ ժողովուրդը խոյանում է դէպի առաջ». իր խօսքի մի այլ բաժնում Սրբազան հայրը ասաց «Հայ գիրքը իբրեւ փառքն ու պատիւը հայուն, հանդիսանում է այն դուռը, որ մեզ առաջնորդում է դէպի անդաստանը հայոց հոգեւոր եւ ազգային արժէքների, հայ գիրքը շտեմարանն է հայ ժողովուրդի անանցանելի արժէքներին, գրականութեան ու պատմութեան, այլ խօսքով մշակութային բոլոր գանձերին։ Հայ գիրքը իր մէջ բովանդակում է այնպիսի զօրութիւն, հոգի ու ոգի, որը դարերով հայի համար եղել է ներշնչման աղբիւր եւ այս բոլորը բնականաբար շնորհիւ Հացեկացի մեծ վարդապետի՝ Ս. Մեսրոպ գրերի գիւտին, այլ խօսքով հայոց լեզւին։ Լեզուն, որ տունն է ամէն մի հայի, լեզուն որ ինքնութիւնն իսկ է ամէն մի Թորգոմայ ցեղի զաւակի, լեզուն որ կամուրջ է ու հոգեկան կապ հայը իր հայրենիքի, պատմութեան, անցեալին եւ ներկային կապող». Սրբազան հայրը իր խօսքը աւարտեց հետեւեալ պատգամով. «Հայ գիրքը իր էութեամբ հայ հոգիի ու մտքի ստեղծագործութիւնը լինելով է՛ միաժամանակ ամուր ու անխորտակ միջնաբերդ որի 36 տառերի հովանու ներքեւ ապրելով հայը կարողացել է ու կարողանում յաղթահարել ամէն տեսակի չարչարանք ու նեղութիւն եւ անսայթաք շարունակել իր երթը դէպի յաւերժութիւն։ Հայ լեզուն մեզ մեր հայրենիքի՝ ներկայ եւ ապագայ ամբողջական հայրենիքի կապող ադամանդեայ կամուրջն է, որի վրայ պիտի գուրգուրայ ամէն մարդ»։

Ձեռնարկին ներկայ էին Հ.Հ. Արտակարգ եւ լիազօր դեսպան Պրն. Արտաշէս Թումանեանն ու դեսպանատան ողջ անձնակազմը, Իրանի Իսլամական Խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Իրանի կաթողիկէ համայնքի առաջնորդ Արհիապատիւ Տ. Սարգիս Եպս. Դաւթեան, հայ Աւետարանական համայնքի վերապատւելիներ՝ Սերգէյ Շահվերդեանն ու Միշէլ Աղամալեանը, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների ներկայացուցիչներ, հրաւիրեալներ եւ գրասէր նկատելի թւով հայորդիներ։