Մշակոյթի Օրը և Սրբոց Թարգմանչաց Եկեղեցու Անւանկոչութեան Տօնը

Հայ եկեղեցու տօնացոյցում եւ սրբոց տօների ոսկեայ շղթայի ադամանդակուր օղակն է կազմում մեր եկեղեցու թարգմանիչների տօնը, որը վերածւել է մշակութային փառատօնի, այլեւ հայ գրերի գիւտի եւ այդ գիւտը արարող Ս. Մեսրոպի եւ իր գործակիցների ոգեկոչման տօն։ 

Տօնը Թարգմանչաց, տօնն է հայ մշակոյթի, տօնն է քրիստոնէական հաւատքի ու ազգային ոգու միացման ու համատեղ արարման մեր ժողովրդի կեանքի արգասաբեր դաշտում։

Արդարեւ շաբաթ 14 հոկտեմբեր 2017-ի առաւօտեան Սրբոց Թարգմանչաց տօնի առիթով Սասուն քաղաքամասի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում մատուցւեց Եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ անմահ պատարագ, որը մատուցեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան, որուն խորանի վրայ սպասարկում էին Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանն ու Արժ. Տ. Խաչատուր քհնյ. Յարութիւնեանը։ 

Յնթացս Ս. և անմահ պատարագի տեղի է ունենաւ Դպիրների և Կիսասարգաւակների Ձեռնադրութիւն: Դպիր ձեռնադրւեցին՝ Արբի Ասատրեան, Վանէ Ղևոնդեան, Վենեթա Ղևոնդեան, Սևադա Շահվերդեան, Սիւնէ Շահվերդեան, Արքա Արթունեան, Էրւին Արթունեան և Ջասթին Գրիգորեանը: Կիսասարգաւակուհի ձեռնադրւեցին՝ Վանէ Ղևոնդեան և Անագէ Մարգարեանը, իսկ կիսասարգաւակ՝ Արբի Ասատրեան և Էրւին Թովմասեանը:

Սրբազան հայրը քարոզի ընթացքին նախ իր գոհունակութիւնը յայտնեց հաւատացեալների հոծ ներկայութեան համար, ապա բացատրելով խորհուրդը թարգմանչաց սերունդին ասաց. «Ս. Մեսրոպ Մաշտոց եւ իր գործակիցները աստւածային իմաստութեամբ ողողեցին Հայաստան աշխարհը արարելով հայ գիրը եւ Աստւածաշունչ մատեանը հայերէնի վերածելով»։ Իր խօսքի մի այլ մասում Սրբազան հայրը շեշտեց հայերէն լեզւի կարևորութիւնը, որպէս միջոց հայ գրականութեան անդաստանից մուտքին։

Իր քարոզի վերջին բաժնում Սրբազան հայրը կոչ ուղղեց հաւատացեալներին վերանորոգելու իրենց հաւատքն ու յանձնառութիւնը իրենց եկեղեցու հանդէպ եւ ըստ այնմ գործեն, Սրբազան հայրը ողջունեց նաեւ եկեղեցու եկեղեցական խորհուրդն ու քահանայից դասը, երգեցիկ խումբն ու Եկեղեցասէր Կանանց Միութեանն ու ծխական ժողովրդին եւ բոլորին յաջողութիւն մաղթեց։

Ս. պատարագին ներկայ էին Առաջնորդական Փոխանորդ` Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը, քահանայից դասը, շրջանի մի քանի պատգամաւորներ, Թեմական Խորհրդի ներկայացուցիչ, Սասուն Մանկապատրէզի սաներից, դպրոցների փոխ-տեսուչներ եւ մի քանի ուսուցիչներ։

Յաւարտ Ս. պատարագի եկեղեցու անւանակոչութեան տօնի առիթով եկեղեցական խորհուրդը յատուկ հիւրասիրութիւն էր կազմակերպել, որին ներկայ եղան եկեղեցական խորհրդի կողքին թաղամասի պատգամաւորները, Կրօնական եւ Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները, շրջանի դպրոցների ուսուցիչներ, եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչներ եւ այլ բարերար հրաւիրեալներ։