Զեկոյց՝ «Մարի Մանուկեան» դպրոցի գործունէութեան մասին

Արդէն պահն է հասել խորհելու այն մասին եւ աւելի լուրջ մտածել, թէ ինչ առաւելութիւններ եւ հնարաւորութիւններ ունեն մեր աշակերտները հայկական դպրոցներում:

Ինչո՞ւ ենք նրանց զրկում հայկական շրջանից,

Ինչո՞ւ ենք նրանց զրկում լուսաւոր դասարաններից:

Ինչո՞ւ ենք նրանց զրկում ապահով մթնոլորտից:

Պատասխանը մէկ տողում է:

Ստանալ այն, որը պիտի նրանց երաշխիքը լինի բարձր ուսում ստանալու համար: Իսկ ինչքանո՞վ վստահ ենք այդ երաշխիքին եւ ինչո՞վ ենք վստահ, որ հայկական դպրոցները այդ հնարաւորութիւնը չեն տրամադրելու մատաղ սերնդին…

Իրանահայ կրթական կառոյցների շարքում ուրոյն տեղ ունի «Մարի Մանուկեան» դպրոցը: 2016-2017 տարեշրջանին այն ունեցել է ակնառու ձեռքբերումներ, որոնցից կարելի է նշել հետեւեալը՝

- Երկրի ֆ‎իզիկայի օլիմպիադայում աշակերտուհի՝ Նատալի Իշունեժադեանը յաջողութեամբ անցկացնելով առաջին փուլը, անցել է երկրորդ փուլ:

- Կայացել է յաւելեալ դասընթացներ՝ IMC (International Mathematics Competition) նախապատրաստական դասընթացներ՝ 10-րդ ուսողական դասարանի եւ Բիոտեխնոլոգիայի դասընթացներ՝ 10-րդ փորձառական դասարանի համար:

- Ֆիզիկայի տարրալուծարանային մրցոյթում աշակերտուհիներ՝ Նատալի Իշունեժադեանը, Ամանդա Միրեարթուի եւ Ադենա Հայրապետեանը յաջողութեամբ անցկացրեցին առաջին փուլը: Իսկ Ադենա Հայրապետեանը յաջողեց անցնել նահանգային փուլը:

- Դպրոցիս բասկետբոլի խումբը 6-րդ շրջանի բասկետբոլի մրցոյթներում գրաւել է առաջին պատւաւոր տեղը, այնուհետեւ Թեհրան քաղաքի մրցոյթներում գրաւել երկրորդ պատւաւոր տեղը:

- Ֆուտսալի խումբը 6-րդ շրջանի մրցոյթներում գրաւեց առաջին պատւաւոր տեղը:

- Դպրոցիս աշակերտուհի Հազրէ Շահնազարեանը մասնակցելով Արցախում կայացած ասմունքի Համահայկական փառատօնին, զբաղեցրեց 2-րդ պատւաւոր տեղը՝ բարձր պահելով իրանահայ խմբի եւ դպրոցիս անունը:

Շնորհաւորում ենք մեր սիրելի աշակերտներին, մաղթում նրանց կանաչ ուղի եւ փայլուն ապագայ: Շնորհակալ ենք սիրելի ծնողներից, քանի որ դպրոցի համար թափւած ամէն անձնուրաց ճիգերը եւ տրամադրւած ամէն առատ զոհողութիւնները ապարդիւն կը մնան, եթէ ծնողները ամբողջական գործակցութիւն չընծայեն դպրոցը ղեկավարող մարմինների հետ: Կոչ ենք անում բոլորիդ՝ եղէք մեր դպրոցների կողքին եւ ձեր առաջարկներով, քննադատութիւններով ուղղութիւն տւէք մեզ այս դժւար ճանապարհը միասին շարունակելու համար:

Այս տարի եւս շարունակում ենք մեր ուղին՝ լուսարձակի տակ առնելով անցեալից եկած աւանդն ու փորձառութիւնը եւ նայել դէպի ապագայ՝ նոր ծրագրերով ու կորովով: Ուստի նպաստաւոր բոլոր պայմաններն ստեղծելու նպատակով, նախահամալսարանականի որակը ապահովելու համար, դպրոցիս տնօրինութիւնը պայմանագրեր է կնքել երկրի լաւագոյն ընկերութիւնների հետ:

Մեր դպրոցում 10-րդ եւ 11-րդ դասարանների ուսման մակարդակը բարձրացնելու նպատակով շատ մեծ աշխատանք է տարւում՝ ատակ ու մասնագէտ ուսուցիչներ ապահովելու ուղղութեամբ: Դպրոցս սոյն տարեշրջանում ունի ուսողական, փորձառական եւ հաշւապահական ճիւղերը: Արձանագրւած աշակերտութեան ուսման մակարդակը բարձրացնելու նպատակով, թւականիս օգոստ. 6-ից, մէկ ամսով կայացել է ֆ‎իզիկայի, քիմիայի եւ մաթեմատիկայի յաւելեալ դասընթացներ: Դպրոցը նաեւ իր կարելիութեան սահմաններում որդեգրել է արդիական բոլոր ձեւերը, որը կը նպաստի մեր աշակերտների առաջադիմութեանը:

Այժմ «Մարի Մանուկեան» դպրոցը յաղթահարելով մի շարք խոչընդոտներ՝ յաջողել է զարգացում ապրել անհրաժեշտ բոլոր ոլորտներում, ինչի արդիւնքում նրան շնորհւել է որպէս միջնակարգ ուսումնական հաստատութիւն՝ փոխանցի մեր նոր սերնդին ժամանակակից անհրաժեշտ գիտելիքներ:

Նկատի ունենալով Հայկական բարեգործական ընդհանուր միութեան սկզբունքը, որ հիմնադրման առաջին իսկ օրւանից, միշտ կարեւորել եւ կարեւորում է մատաղ սերնդի դաստիարակման եւ մակարդակով ուսման խնդիրը, ՀԲԸմիութեան Թեհրանի մասնաճիւղը համագործակցութեամբ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի հետ, աշխատում է կրթել հայ նոր սերնդին, պահպանել եւ զարգացնել հայկական ինքնութիւնն եւ ժառանգութիւնը՝ կրթական-մշակութային ծրագրերի միջոցով:

ՀԲԸՄիութեան Կենտր. վարչութեան անդամ եւ Հայաստանի մասնաճիւղի նախագահ՝ Վազգէն Եագուբեանը իր մայիս ամսւայ այցում բարձր գնահատեց աշակերտների աշխատանքները եւ յոյս յայտնեց՝ համագործակցութեամբ պահպանել եւ զարգացնել այն ինչ որ կայ, յատկապէս ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, որը այդ ուղղութեամբ 2017-2018 թւականին դպրոցի տեսչուհին կազմակերպել է «Ռոբոտիկ» դասընթացներ 10-րդ դասարանի աշակերտուհիների համար:

Անժխտելի իրականութիւն է, բաւական լուրջ եւ մտահոգիչ երեւոյթ, որ ապրում ենք Սփիւռքի մէջ եւ կը գտնւենք բազում մարտահրաւէրների դէմ-յանդիման, ինչպիսին է վերջին տարիների արտագաղթի մեծ հոսքը, որը խոր հետքեր է թողել մեր կայուն համայնքի վրայ եւ որից ամենաշատը տուժել են մեր հայկական դպրոցները՝ մատաղ սերնդի առաջին հասարակական վայրը: Դրա կողքին պիտի աւելացնել ուրիշ մի այլ երեւոյթ՝ մեր ծնողների ցանկութիւնը՝ իրենց նորահաս զաւակներին ոչ-հայկական դպրոցներ արձանագրելը՝  խլելով նրանցից ա՛յն իրաւունքը, որ բոլոր հայերի առանձնաշնորն է, իբրեւ հայ մեծանալու դարէդար փոխանցւած ժառանգական իրաւունքը:

Արդ, ամէն գիտակից հայի պարտականութիւնն է հայ դպրոցը պահել իր առաջապահ դերի մէջ, իսկ այդ առաջապահութիւնը կը կարօտի տնտեսական եւ բարոյական անվերապահ զոհողութիւնների, որպէսզի միասնաբար նեցուկ կանգնենք հայ մշակոյթի գլխաւոր գործօն՝ հայ դպրոցին:

Հայկական բարեգորական ընդհանուր միութեան Կենտր. վարչութիւն