Թեհրանի Հայոց Թեմի Շինարարական Մարմնի Գործունէութեան Զեկոյց – 1 -

Այս շրջանի Շինարարական Մարմինն իր գործունէութիւնն սկսել է 2017 թւականի յունիս ամսւայ կէսից: 

Ինչպէս մարմնի ատենապետն էր շեշտել, Շինարարական Մարմնի աշխատանքային առաջնահերթութիւնը տրւում է նախ և առաջ դպրոցների և ապա եկեղեցիների նորոգումներին:

Այժմ պարբերաբար ներկայացնում ենք մարմնի անցեալ 5 ամսւայ ընթացքին կատարւած աշխատանքները՝

Թեհրանի հայոց ազգային «Թունեան-Թովմասեան» դպրոցի նորոգութիւններ

Յուլիս ամսին, Թունեան-Թովմասեան դպրոցում իրականացւել են հետևեալ  շինարարական աշխատանքները՝

1. Նորացւել է վթարի ենթարկւած գետնի խորքում տեղադրւած ջրի մատակարարման իսկական խողովակը

2. Նորացւել են մի շարք բարձր աստիճանի մաշւած եւ ժանգոտած խողովակներ

3. Ասֆալտապատ տարածքի քանդման դժւարութիւններից ու յատկապէս մեծ ծախսերից խուսափելու համար, դրսի մակերեսից անց է կացւել նոր խողովակաշար

4. Բուֆէի համար անց է կացւել տաք ջրի նոր խողովակ

5. Վերացւել է երկու դպրոցների միջեւ գոյութիւն ունեցող պատը եւ տեղադրւել է դուռ

6. Վերացւել է նախայարկում, առաջին ու երկրորդ յարկերում գոյութիւն ունեցող որոշակի միջնապատերը

7. Մաքրազարդւել ու բարեզարդւել են դասարանների պատերն ու գրատախտակները

8. Նորացւել են հանդիպումների դահլիճի երկու զովամուղները