ՀՀ ԱԺ-ի Պատւիրակութեան Այցը՝ Ազգային առաջնորդարան

Հայաստան-Իրան ՀՀ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչները, պրն. Վահրամ Բաղդասարեանի գլխաւորութեամբ, երեքշաբթի դեկտեմբերի 12-ին, ՀՀ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանի և դեսպանատան անձնակազմի հետ այցելեցին Ազգային Առաջնորդարան:

Ազգային Առաջնորդարանում պատւիրակութեանն ընդունեց թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Հանդիպմանը ներկայ էին Իսլ. խորհրդարանում երկու հայ պատգամաւորները, Պատգամաւորական Ժողովի, Կրօնական և Թեմական Խորհուրդների ներկայացուցիչները:

Բարիգալստեան իր ելոյթում Սրբազան Հայրը ողջունեց եւ կարեւորեց պատւիրակութեան այցն Իրան՝ համոզմունք յայտնելով, որ այն կը նպաստի հայ-իրանական կապերի հետագայ զարգացմանն ու ամրապնդմանը, նաև ՀՀ կառավարութեանը մաղթեց յաջողութիւններ և արդիւնաւէտ գործունէութիւն ձեռնարկած նախաձեռնութիւններում:

Պրն. Վահրամ Բաղդասարեանն էլ իր հերթին ամփոփելով այցի արդիւնքները՝ նշեց, որ Իրանի իշխանութիւնների հետ ունեցել են կառուցողական եւ արդիւնաւէտ բանակցութիւններ, որոնք նոր թափ կարող են հաղորդել երկկողմ համագործակցութեանը:

Վերջում Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերթ Բէգլարեանը, ազգային մարմինների անունից բարի գալուտ մաղթեց խմբին և յաջողութիւն ցանկացաւ իրենց աշխատանքներում:

Այցելութեան աւարտին, պատւիրակութիւնն այցելեց Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցին: