ԻՐԱՆԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԻՆ ԵՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՐՑՈՎ ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՄԱՆ

Չորեքշաբթի առաւօտեան թւականիս 13 դեկտեմբեր-ի ժամը 11։30-ին Ազգային Առաջնորդարանի դահլիճում, նախաձեռնութեամբ թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ Թեհրանի եւ Իրանի եկեղեցիների եպիսկոպոսների և ղեկավարների միասնական հանդիպում, որի ընթացքին իրանի եկեղեցիների ժողովը հրապարակեց իր բողոքագիրը ի դէմ ԱՄՆ-ի նախագահ Թրամփի որոշման, ըստ որի Երուսաղէմը յայտարարւել էր սիոնիստական վարչակարգի մայրաքաղաք։

Ստորեւ ներկայացնում ենք վերոյիշեալ բողոքագիրը՝ 

Ի բողոք Միացեալ Նահանգների նախագահ Թրամփի որոշման եւ Թել-Աւիւից Երուսաղէմ յիշեալ երկրի դեսպանութեան փոխադրման, Իրանի եւ Թեհրանի եկեղեցիների նրկայացուցիչները իրենց խիստ մտահոգութիւնը յայտնելով տւեալ քայլի գլոբալ եւ տարածաշրջանային հետեւանքների ի մասնաւորի Պաղեստինի եւ Միջին Արեւելքում ապրող քրիստոնեաների ճակատագրի, միասնաբար իրենց հակադրութիւնը յայտնելով, այդ որոշումը Աւետարանի եւ Յիսուս Քրիստոսի խաղաղութեան պատգամին անհարիր քայլ սեպեցին։

Հանդիպման ներկայ հոգեւորականները, համոզւած են որ Երուսաղէմը պատկանում է միաստւածեան երեք կրօններին, ուստի Ս. Ծննդեան այս օրերին, աշխարհում կայուն խաղաղութիւն հաստատելու համար միասնաբար աղօթելով հանդերձ, Պաղեստինի եւ աշխարհի արդարասէր եւ խաղաղասէր ժողովուրդներից խնդրեցին, իրենք իրենց հակադրութիւնը յայտնեն ի դէմս նմանօրինակ պառակտիչ եւ պատերազմ հրահրող որոշումներն, իրենց աղօթական ձեռքերը վեր բարձրացնեն ի խնդիր արդարութեան ու սիրոյ հաստատման։