Ս. Մինասի Անւանակոչութեան Տօն

Դեկտեմբերի սկզբին համաձայն մեր եկեղեցու ծիսական օրացոյցի՝ քրիստոնէական եկեղեցու 4-րդ դարի մեծագոյն սրբերից՝ Ս. Մինասի և իր նահատակակից ընկերների՝ Եսգրաբոսի և Եւրոգինէսի յիշատակի օրն է:  

Սոյն  տօնը համընկնում է նաև Վանաքի Ս. Մինաս եկեղեցու անւանակոչութեան տօնին: 

Արդարեւ այս առիթով, թւականիս ուրբաթ, դեկտեմբերի 15-ին  համանուն եկեղեցում մատուցւեց եպիսկոպոսական հանդիսաւոր Ս. եւ Անմահ պատարագ, որը մատոյց և յաւուր պատշաճի քարոզեց Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրը քարոզի սկզբին բացատրութիւններ տւեց սրբի և իր հետ նահատակւած ընկերների կենսագրութեան մասին, շեշտելով որ նահատակների հաւատքն էր, որ եղաւ հիմքը եկեղեցու և հաւատացեալներին: 

Յաւարտ Ս. Պատարագի՝ Ս. Մինասի աջով կատարւեց Ջրօրհնէքի արարողութիւնը: Վերջում հաւատացեալները յառաջ գալով՝ խոր հաւատքով և երկիւղածութեամբ հաղորդւեցին և օրհնւած ջուրն առնելով՝ խաղաղութեամբ մեկնեցին իրենց տները: