Իրանահայ Արհեստաւորների Միութեան յարկի ներքոյ Գնահատւեց իրանահայ անւանի գործարար Զոհրաբ Պօղոսեանը

Իրանահայ անւանի գործարար-արհեստաւոր Զոհրաբ Պօղոսեանի գործունէութեան 55-ամեակը նշւեց  իրանահայ Արհեստաւորների միութեան յարկի տակ: Միջոցառումը, որը տեղի ունեցաւ երեքշաբթի, 26 դեկտեմբերին, կազմակերպւել էր  Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախագահ՝ Հերւիկ Եարիջանեանի անմիջական մասնակցութեամբ:

Ներկայ հիւրերի ցուցակը համալրել էին  առեւտրա-տնտեսութեան, արդիւնաբերութեան, ինչպէս նաեւ քաղաքական ոլորտների դէմքեր: Հիւրերի ցուցակում աչքի էին ընկնում ԻԻՀ-ում՝ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան պրն. Թումանեանը, Իրանի առեւտրի պալատի նախագահ Ասկարօլադին, Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետը, որոնք ելոյթներով ողջունեցին կազմակերպիչներին ու գնահատեցին յոբելեարների անցած ճանապարհը: Դահլիճը իր յարկի տակ էր ընդունել ակնառու արհեստաւոր արդիւնաբերողների եւ իրանահայ հասարակական  գործիչների: 

Յատուկ հրաւէրով ներկայ էր նաեւ ,Սանաթէ փլաստիկե ամսագրի գլխաւոր խմբագիր՝ Ահմադ Ալի Սաաթնիան, ով իր 50-ամեայ գործունէութեամբ նոյնպէս օրւայ յոբելեարներից մէկն էր:

Միջոցառումն իր ներկայացրած քաշով չէր զիջում արդիւնաբերութեան ոլորտների համապատասխան գիտա-տեխնիկական միւս հաւաքներին, քանի որ արծարծւած թեմաները  բարձրաձայնւում էին  տւեալ ասպարէզի  քաշ ներկայացնող պատասխանատուների կողմից:

Ընթացքում   գործարար Զոհրաբ Պօղոսեանին   եւ դոկտ. Սաաթնիային գնահատագրեր ու յուշանւէրներ յանձւեցին Իրանի պլաստիկ արդիւնաբերութեան ոլորտների հեղինակաւոր կազմակերպութիւնների ու արհմիութիւնների կողմից:

Հերւիկ Եարիջանեանը նման միջոցառումների կազմակերպման մասին նշեց, որ ճանապարհի մեկնակէտին գտնւող երիտասարդ սերնդին հարկաւոր է  սատարել վաստակաւոր արհեստաւորների ստեղծած հարթակներով ու փորձառութիւններով, յատկապէս, երբ մարդիկ համարւում են իրենց ժամանակների ՍԹԱՐԹԱՓ-ը,- նշեց անւանի գործարարը, ով նոյնպէս իր ոլորտներում համարւում է սթարթափերից մէկը:

Լուրը քաղւեց «Ալիք»-ից