Թեհրանի Կարգապահական Ուժերի Հրամանատարն այցելեց Ազգային Առաջնորդարան

Կիրակի յունւարի 14-ի առաւօտեան, Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առիթով Թեհարնի Կարգապահական Ուժերի Հրամանատար՝ Գեներալ Հոսէյն Ռահիմին եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը, այցելեցին Ազգային Առաջնորդարան:

Պատւիրակութիւնը հանդիպեց Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հետ:

Այցին ներկայ էին, նաեւ Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետները եւ ներկայացուցիչները:

Հանդիպմանը Սրբազան հայրը ողջունելով հիւրերին յայտնեց՝ «Ոստիկանութեան հետ մեր կապերը չափազանց սերտ են ու լաւ համագործակցութիւն գոյութիւն ունի եւ նման տօները միմեանց հանդիպելու եւ զրուցելու առիթ են ստեղծում»:

Թեմակալ աառջնորդն անդրադառնալով Ս. Ծննդեան տօների ընթացքում ոստիկանութեան ցուցաբերած օժանդակութեանե, ընդգծեց. «Մենք շնորհակալութիւն ենք յայտնում մեր ոստիկանութեանը՝ Ս.Ծննդեան տօների ընթացքում իրեն յատուկ օպերատիւ աշխատանքի եւ մարդասիրական վերաբերմունքի համար»: 

Սրբազան հայրը յատուկ ընդգծեց, որ Ոստիկանութիւնը կանգնելով հայ համայնքի թիկունքին, մէկ անգամ եւս ապացուցեց, որ Իրանի ու նրա բոլոր քաղաքացիների պաշտպանն է: 

Դոկտ. Կարէն Խանլարեանն էլ,  ողջունելով ներկաներին նշեց. «Ոստիկանական մարմիններն այս տարի եւս հետեւողական աշխատանք են իրականացրել, Ս. Ծննդեան տօներին, ինչի համար հայ համայնքը երախտապարտ է»:

Մայրաքաղաքի ոստիկանապետն էլ շնորհակալութիւն յայտնելով հիւրընկալութեան համար, հաւաստիացրեց. «Հայ քաղաքացիների միջոցառումներին աջակցութիւնը, ե՛ւ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնոյթ»: 

Վերջում կողմերը փոխանակեցին յուշանւէրներ: