Իսլամական Յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով ներկայացւեցին Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ծրագրերը

Երեքշաբթի յունւարի 30-ի առաւօտեան, Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձի առիթով, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների նախաձեռնած ծրագրերի մասին հանրութեանը տեղեկացնելու նպատակով, կազմակերպւել էր մամլոյ ասուլիս Թեհրանի Ազգային Առաջնորդարանի դահլիճում:

Սկզբում Իսլամական մշակոյթի և առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների պատասխանատու՝ Սայիդ Թաղաւին յակիրճ բացատրութիւններ փոխանցեց կազմակերպւող ծրագրերի ընդհանրութեան մասին և ընդգծեց, որ Իրանում կրօնական փոքրամասնութիւնները «Ֆաջր»-ի տասնօրեակի տօնի առիթով նախաձեռնել են մշակութային, գեղարւեստական եւ մարզական ընդհանուր 55 ծրագրեր:

Ընթացքում հրաւիրւեց ներկաներին իր խօսքը փոխանցելու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Թեմակալ առաջնորդը նախ շնորհաւորելով Իսլամական յեղափոխութեան յաղթանակի 39-րդ տարեդարձը, կարեւորութեամբ անդրադարձաւ տարածաշրջանի ներկայ իրադարձութիւններին, ընդգծելով՝ «Այս օրերին աշխարհը եւ ի մասնաւորի արաբական եւ իսլամական աշխարհը, մեծ տագնապների մէջ են եւ դրա գլխաւոր պատճառներից մէկը դժբախտաբար ԱՄՆ-ի նախագահի անխոհեմ եւ տգէտ յայտարարութիւնն է, իր երկրի դիսպանատունը Թէլ-Աւիւից փոխադրելու Երուսաղէմ: Ես կարծում եմ, որ այս յայտարարութեան պատճառը Միջին արեւելքի եւ յատկապէս Պաղեստինի ժողովրդի պատմութիւնից տեղեակ չլինելն է»:

Ապա մամլոյ ասուլիսին ներկայ իւրաքանչիւր կրօնական փոքրամասնութեան ներկայացուցիչ ներկայացրեց «Ֆաջր»-ի տասնօրեակի առիթով նախատեսած իր ծրագրերը: Թ.Հ.Թ. ԹեմականԽխորհրդի կողմից այդ առիթով կեանքի կոչւած յանձնախմբի անունից, ծրագրերը ներկայացրեց Արթին Բաբայեանսը, ներկայացնելով Թեհրանի հայկական բոլոր եկեղեցիների, միութիւնների, դպրոցների եւ Ա. Աւետիսեան Ազգային Բուժարանի նախատեսած ծրագրերը: