Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Համայնքի կրթական ոլորտի հարցերը Պատգամաւորական Ժողովի քննարկումների առարկայ

16-րդ Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի հերթական նիստը չորեքշաբթի, մարտի 7-ին իր աշխատանքները շարունակեց ազգային առաջնորդարանի դահլիճում՝ քննարկելով երկու օրակարգեր:

Երեկոյեան ժամը 6:30-ին մեկնարկեց ժողովը, նախագահութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Վահիկ Աղաքեանի ատենապետութեամբ: Աւելի քան հինգ ժամ տեւողութեամբ ժողովը թէժ քննարկումներ անցկացրեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացրած մէկամեայ նիւթական զեկոյցի, հարկային հարցերի եւ Կրթական խորհրդի կազմի համալրման ու հայոց դպրոցների որակաւորման ու բարեկարգման հարցերով:

Նախ ներկայացւեց Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի մէկամեայ նիւթական գործունէութեան զեկոյցը իրանական (1.1.1396) մինչեւ (30.11.1396) շրջանի ել ու մուտքի եւ հաշիւների համապարփակ պատկերը: Զեկոյցից յետոյ պատգամաւորներին առիթ տրւեց հարցումների եւ քննարկումների:

Յաջորդ գլխի տակ Հաշւեքննիչ մարմինը ներկայացրեց 2017-2018 իր գործունէութեան մէկամեայ տեղեկագիրը, համայնքի ելքի ու մուտքի պատկերը եւ իրանական (1392-1395) թւականի հարկային հարցերին կապւած պատկեր:

Դադարից յետոյ ժողովը Ժոզէֆ Մեհրաբեանի ատենապետութեամբ շարունակեց նիստը եւ նախ լսարանին ներկայացւեց նորընտիր Կրթական խորհրդի անձնակազմի անւանացանկը, որի 11 հոգանոց անձնակազմի 8 հոգին յստակ են, ներկայացւեց եւս անուններ՝ ցանկը 11-հոգով համալրելու համար:

Ժողովը ունկնդրեց ՊԺ-ի կրթական յանձնաժողովի զեկոյցը եւ Թեմական խորհրդի կողմից ներկայացւած Կրթական խորհրդի առաջիկայ աշխատանքների բարելաւման նպատակով մշակւած փաթեթը: Այնուհետեւ ժողովի կողմից ընտրւեց կրթական բնագաւառում պատգամաւորների հարցումները եւ առաջարկութիւնները գրանցող բանաձեւային յանձնախումբ: Պատգամաւորները ունկնդրելով ներկայացւած զեկոյցները լսարանին ներկայացրեցին հայոց դպրոցների որակական զարգացման ուղղութեամբ իրենց տեսակէտները, առաջարկութիւնները եւ մտահոգութիւնները՝ կապւած հայոց դպրոցների օպտիմալացման, նոր մեթոդների կիրառման, հայեցի դաստիարակութեանը է՛լ աւելի կարեւորութիւն տալու, հայ ուսուցիչներին սատարելու, դպրոցները որոշ ճիւղերով համալրելու եւ մի խօսքով հայոց դպրոցը վերածելու այն կենտրոնի, որը ապահովի հայ աշակերտի լաւագոյն որակը եւ առաւելագոյնս ծնողներին մղի իրենց աշակերտներին ուղղորդել դէպի հայոց դպրոցներ: Ժողովը հայկական դպրոցների պահպանումը եւ զարգացումը համարեց մերօրեայ հրամայական:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետի կողմից կարեւորւեց հետեւեալ հանգամանքը, որ այդ հարցերով անհրաժեշտ է կազմակերպել սեմինար, մասնակցութեամբ ուսուցիչների, ծնողների եւ մասնագէտների ու կարծիքները համալրելով, հնարաւոր կը դառանայ համապարփակ ծրագրով բարձրորակ դարձնել հայոց դպրոցները: Նա կարեւորեց այն հանգամանքը, որ ազգային իշխանութեան բոլոր մարմինների կողմից հնչած առաջարկութիւնները եւ մտահոգութիւնները համանման են:

Ընթացքում, նիստին մասնակից գրեթէ բոլոր պատգամաւորները երեք ժամերի ընթացքում ներկայացրեցին առաջարկութիւններ եւ յայտնեցին իրենց տեսակէտները: Եզրափակիչ խօսքով ելոյթ ունեցաւ թեմակալ առաջնորդը կարեւորելով հայոց դպրոցներում ազգային-կրօնական դաստիարակութեան անհրաժեշտութիւնը, ծնողների անժխտելի դերը, տիպար ուսուցչի դերը, աշակերտների մօտ ուսման հանդէպ սէր առաջացնելը, եւ վերահաստատեց կրթական համակարգը ուսումնասիրելու առումով համագումարի կազմակերպումը, որտեղ անհրաժեշտ է ախտաճանաչում կատարել թէ այսօր որտեղ ենք կանգնած, ինչ վիճակի մէջ ենք եւ անցեալն ու ներկան լաւապէս իմանալով պարզենք ապագայի հեռանկարը:

Այսպիսով երկօրեայ թէժ քննարկումներից յետոյ աւարտւեց Պատգամաւորական Ժողովի երկօրեայ նիստերը:

Լուրը քաղւած է «Ալիք»-ից

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ