ԱՒԱԳ ՈՒՐԲԱԹ - ԿԱՐԳ ԹԱՂՄԱՆ

Աւագ Ուրբաթը հանդիսանում է մարդացեալ Աստւածորդու Յիսուսի իբրեւ «Խոնարհ ծառայ»ի եւ զոհի երկրաւոր կեանքի, առաքելութեան, տառապանքի ու չարչարանքների աւարտն ու պսակումը, որը սակայն վերջակէտը չէր Քրիստոսի առաքելութեան:

Քրիստոս մեր Տէրը, աշխարհ էր եկած հիմնական մէկ նպատակի համար, մարդը փրկել մեղքից ու մահից եւ դա անելու էր փոխանորդական մահով, այսինքն՝ մեր փոխարէն ինքն իրեն որպէս զոհ պատարագելով երկնաւոր Հօրը: Եւ ինչպէս Զատկական գառան արիւնը, որը քսւած էր լինելու տների դռան երկու սեմերին եւ սատակիչը այն տեսնելով անցնելու էր առանց վնասելու եբրայեցիների անդրանիկներին, նոյնպէս էլ Քրիստոս Աստծու անմեղ Գառան արիւնը, որ մեր սիրոյն թափւեց Խաչափայտին վրայ, փրկելու եւ ազատագրելու է բոլոր իրեն հաւատացողներին եւ այն իրենց սրտերում ընդունողներին:

Այս առումով թւականիս մարտի 30-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում, առաւօտեան տեղի ունեցաւ կարգ չարչարանցի, և երեկոյեան էլ տեղի ունեցաւ Քրիստոսի թաղման կարգի յիշատակութիւնը: Եկեղեցիների դասի կենտրոնում ծաղիկներով զարդարւած դրւել էին Քրիստոսի դագաղը, որի վրայ կային Աւետարանն ու Ս. Խաչը եւ վառւած մոմերը:

Սրբոց թարգմանչաց եկեղեցում արարողութեան հանդիսապետեց ու յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Ս. Սարգիս, Ս. Գրիգոր Լուսաւորիչ և Սրբոց Վարդանանց եկեղեցիներում ծխատէր քահանաների հետ միասին արարողութեան մասնակցեցին ու քարոզեցին Հոգշ. Տ. Վիգէն վրդ. Տլգլըճեանը, առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը և Հոգշ. Տ. Արտաւազդ աբղ. Շարոյեանը: