Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆ ՔԵ՛Զ՝ ՄԱ՛ՅՐ ՍՈՒՐԲ ԵՒ ՆՒԻՐԱԿԱՆ

Ողջ աշխարհում ամենանւիրական ու քաղցր տօնը մօր տօնն է, որ տօների տօնն է եւ որ աշխարհը իր քաղցրութեամբ զւարթացնում ու վերածում է մի դրախտի, որ իր երջանկութիւնն ու խաղաղութիւնը առնում է մօր քնքուշ ու բարեհամբոյր նայւածքից։

Աշխարհում չկայ աւելի կեանքով լեցուն բառ քան մայր բառը, չորս տառից բաղկացած այս բառը, իր մէջ բովանդակում է սէր, գուրգուրանք, յոյս, երջանկութիւն, դառնութիւն ու վիշտ միանգամայն։ Իսկ հայ մայրը իր էութեամբ երկնքի ու երկնայինի յուշարարն է այս աշխարհի վրայ։

Գրասեղանիս առաջ նստած մտաբերում եմ տառապած, վշտահար եւ սակայն ոչ յուսահատ այն հայ մայրերը, որոնք իրենց երբեմնի հայրենի հողի բոյրով շնչող ու ապրող, իրենց տան կամ հիւղակի դռան առաջ կանգնած՝ աչքերը յառած հեռուն, հեռու դաշտերից ու լեռներից անդին, սպասելով իրենց պանդուխտ զաւակին կամ ամուսնուն, որ ուշանում էր գալ…։

Պատկերացնում եմ աննման այն մայրերին, որ իրենց ժողովրդի մահու կենաց պայքարի պահերին, թեւ ու թիկունք էին իրենց կռւող ու մարտնչող զաւակներին, ամուսիններին, եղբայրներին ի խնդիր հայրենիքի պաշտպանութեան, հայ հաւատքի ու հայու արժանապատւութեան պահպանման։

Ինչպէ՞ս կարելի է չյիշել այն մայրը որ աքսորի ու հալածանքի այդ տագնապալի օրերին, երբ իր կուրծքից չէր կարող Ֆիզիքական սնունդ տալ իր փոքրիկին, իր դողդոջուն ու ոսկրոտ ձեռքերով, աւազի վրայ ա բ գ-ն սովորեցնում էր, մի պատկեր որ օտար ականատեսը իր լուսանկարչական գործիքով անմահացրեց, մարգարէանալով որ նման մայր ունեցող ազգին մահ չկայ։

Ինչպէ՞ս չխոնարհւել յիշատակի առաջ այն աննման մայրերի, կանանց ովքեր մեր ժողովրդի ազատագրական պայքարի խորհուրդը իրենց մէջ խտացնող Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի գոյամարտերին տուն տեղ թողած ճակատներում մի կողմից կռւում էին, միւս կողմից վիրաւորներին հասնում, մի խօսքով մէյ մէկ քաջարի ու անվախ հերոսուհիներ էին դարձել ընդդէմ ոխերիմ թշնամուն։

Խաղաղ օրերին հայ մայրը դաստիարակ էր եւ ուսուցիչ, պահապան հրեշտակ էր ու խնամատար էակ, իր տունը, օճախը սիրոյ եւ խաղաղութեան բոյնի վերածող աստւածաբոյր ու գուրգուրող մայր էր. Աստւածաշունչը ասում է «Ժրաջան կինը իր ամուսնու պսակն է, իմաստուն կանայք շինում են իրենց տները»։

Հայ բանաստեղծը ՛՛մայրերին՛՛ ուղղած իր բանաստեղծութեամբ յիշեցնում է մեզ եւ բոլոր ժամանակների մայրերին։

Մայրերն են պահել հայոց լեզուն
Մայրերն են պահել մեր հայոց երգը
Եւ հայ մայրերն են պահում հիմա էլ
Մեր երգը, լեզուն մեր վսեմ ոգին,
Իրենց դարաւոր մայրերի վայել
Սրտով նւիրւած մեր հայրենիքին։
Գեղամ Սարեան

Հայ մայրը բանաստեղծի բառերով ՛՛տան ճրագն է՛՛, ՛՛արեգան է՛՛, որ ջերմացնում է ցրտահար սրտերը, լուսաւորում միտքն ու հոգին իր զաւակաց նրանց առաջնորդելով խաղաղ ու պայծառ կեանքին։

Ստեղծագործող աստւածն է մայրը, որի ստեղծագործութեամբ քաղցրանում ու պայծառանում է աշխարհը ամբողջ։

Ապրիլի եօթը քո մայրութեան տօնն է մա՛յր իմ անուշ ու քաղցր, ես ասում եմ տարւայ 365 օրերից իւրաքանչիւրն էլ քո տօնն է, որովհետեւ դու տարին 365 օր անընդհատ մայրացած հայ տունը վերածում ես ՛՛մատուռ՛՛ի, ՛՛ամրոց՛՛ի, ՛՛սիրոյ աղբիւր՛՛ի, ՛՛ճրագ՛՛ի, ՛՛երկրաւոր դրախտ՛՛ի։ Նւիրական տօնիդ առիթով բառերը փոխ առնելով անմահանուն Պարոյր Սեւակից կրկնում եմ.

Եկէք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լւացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
Այս ձեռքերը,
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պէս
Խա՛ս ձեռքերը։
Տօնդ շնորհաւոր աննման մայր։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ - ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
7 Ապրիլ 2018

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ