Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զոյգ Խաչքարերի Օծում-Օրհնութիւն Թեհրանում

Քրիստոնէական կրօնի գլխաւոր նշանը, որով յատկանշւեց Նա իր զօրութեամբ, անյաղթահարելիութեամբ ու խորհրդով, եղաւ ու կը մնայ իր հաւատքի հիմնադրին ու այն կատարելագործողին՝ Յիսուս Քրիստոսի խաչը, որի վրայ յօժարակամ իր անձի պատարագումով և արեան հղումով խորտակեց չարի իշխանութիւնը և մահւան շղթաները փշրելով՝ փրկութիւն ապահովեց համայն մարդկութեան, նրանց, ովքեր հաւատքով ընդունում էին և պիտի ընդունէին նրա կատարածը:

Նոյն խաչի նշանն իր բացարձակ զօրութեամբ ներգործեց նաև Հայաստան աշխարհի և ամբողջ հայութեան կեանքում, այն օրից, երբ Յիսուսի Ս. Աւետարանի կենսարար լոյսը ծագեց ու շողաց մեր հայրենիքի երկնակամարի վրայ ու ճառագայթելով՝ թափանցեց իւրաքանչիւր հայու հոգու ու սրտի մէջ հասնելով մինչև իր էութեան խորքը և այնտեղ կնքելով իր դրոշմը:

Այո խաչը հայերի համար դարձաւ ոչ միայն պարծանքի առարկայ, այլև կեանքի, զօրութեան, ներշնչումի, մահւան վրայ ծիծաղելու և յաւիտենականութեան կառչելու ներուժ, և ոչ միայն դրանով յատկանշւեց իր հաւատքի կեանքը, այլև դրան շաղախւեց մեր նկարագիրը, ինքնութիւնը, պատմութիւնը, արւեստը, մշակոյթը, գրականութիւնն այն աստիճանի ներկապակցւեցինք խաչի խորհրդին, կերպին և զօրութեան, որ նա կարծես դարձաւ հայու ոգին, կեանքը, մշակոյթը և ինքնուրոյն դիմագիծ ներկայանալու յատկանիշը, որով այսօր, աշխարհով մէկ հայը ճանաչւում է իր հրաշակերտ խաչքարերով, այնպիսի մի իրողութիւն, որ միայն հայը կարող է մտայղանալ, երկնել ու ծնունդ տալ և ստեղծագործել այնպիսի մի աստւածատուր պարգև, որ իբրև գերագոյն առանձնաշնորհում վկայում է հայի, Խաչեալի ու խաչի հանդէպ ունեցած երկիւղը, սէրը, հաւատքն ու պաշտամունքը:

Առ այդ, թւականիս, ուրբաթ 4 մայիսի յետմիջօրէի ժամը 5:00-ին Ազգային իշխանութեան, Թ.Հ.Թ. կրօնական խորհրդի, Թեմական Խորհրդի, Հ.Հ. 100-ամեակի յանձնախմբի, միութիւնների, եկեղեցիների եկեղեցական խորհրդների և հրաւիրեալների ներկայութեամբ, թեմիս բարեխնամ Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, քահանայ հայրերի մասնակցութեամբ, Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու մուտքին զետեղւած զոյգ հսկայ խաչքարերի օծման-օրհնութիւնը կատարեց:

Յիշեցնենք, որ զոյգ խաչքարերի նւիրատուն է ազնիւ և բարեպաշտ պրն. Գրիգոր Ալէքսանեանը: Խաչքարերից առաջինը նւիրել է Ս. Սարգիս մայր եկեղեցու օծման և անւանակոչութեան 45-ամեակին, իսկ երկրորդը՝ Հայաստանի առաջին հանրապետութեան և պետութեան հաստատման 100-ամեակին:

Աստւածաշնչական, Առաքելական նամակների ու Աւետարանի հատւածի ու աղօթքների ընթերցումներից յետոյ «Առաքելոյ Աղաւնոյ» շարականի երգեցողութեամբ Առաջնորդ Սրբազան Հայրը Միւռոնաթափ աղաւնուց Ս. Միւռոնը սրւակի մէջ երեք անգամ հեղելուց յետոյ, չորս հանգրւաններով օծեց զոյգ խաչքարերը «Ամէն Ալէլուիա» երգի ընկերակցութեամբ:

Օրհնութիւնից յետոյ, Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ խաչի ու Ս. Նշանի և խաչքարերի ունեցած խոր իմաստի ու զօրութեան և դերակատարութեան մասին հայկական պատմութեան ողջ հոլովոյթում: Նա իր գոհունակութիւնը յայտնեց այդ պատմական դէպքի համար, թէ ինչպէս զոյգ խաչքարերը գալիս էին բացայայտելու և վկայելու այն ճշմարտութիւնը, որ եկեղեցին իր հաստատման առաջին իսկ պահից թև ու թիկունք է եղած իր պետականութեան, ազգին ու ժողովրդին, ինչպէս նաև՝ զօրութեան աղբիւր և օրհնութիւն: Նա իր խօսքում յատուկ կերպով գնահատեց խաչքարերի նւիրատուն՝ Գրիգոր Ալէքսանեանին, իր կատարած մեծապէս յատկանշական նւիրատւութեան ու բարերարութեան համար, մաղթելով իրեն և իր ընտանիքի անդամներին առողջ, երջանիկ, յաջող և աստւածային օրհնութիւններով լեցուն կեանք: Իր խօսքում, Սրբազան Հայրը գնահատեց նաև խաչքարերի քանդակող վարպետ՝ պրն. Արտեոմին, ով Հայաստանից եկել էր այդ առիթով:

Իր խօսքում Սրբազան Հայրը գնահատեց նաև զոյգ երկրների դեսպաններին, դեսպանատան անձնակազմին, որոնց համագործակցութեան շնորհիւ խաչքարերն առանց որևէ դժւարութեան և հեզասահ ընթացքով Հայաստանից անցել էին զոյգ սահմանները և ապահով հասել ու տեղաւորւել էին եկեղեցու բակում:

Արարողութեանը մասնակցեց նաև Փարիզից հիւրաբար, որպէս ուխատաւոր եկած առաջնորդական փոխանորդ՝ հոգշ. Տ. Գրիգոր աբղ. Խաչատուրեանը: Սրբազան Հայրն իր խօսքում թէ Հայր Սուրբին և թէ իր հետ եկած շուրջ 30 ուխատաւորներին ողջունեց և ընդունելի ուխտաւորութիւն մաղթեց:

Ի վերջոյ Սրբազանը յիշեցրեց, որ խաչքարերը Ս. Միւռոնի օծումով դադարում են իրենց նիւթական վիճակից և դառնում են աստւածային զօրութեամբ օծուն ներգործող իրականութիւն, որոնք իրենց մէջ ներառում են մեր անցեալը, ներկան և գալիք հզօր ու պայծառ ապագան:

Աւարտին Ս. Սարգիս եկեղեցու եկեղեցական խորհուրդը հիւրասիրութիւն էր պատրաստւած ներկաների համար:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ