ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

ԱՆՁՆԱԶՈՀ ՌԱԶՄԻԿՆԵՐ 50% վիրաւոր վետերան ռազմիկ՝ իրանահայ արհեստաւոր Ալբերտ Մահմուդլուի յուշերից

Ալբերտ Մահմուդլուն եւս այն իրանահայ hայրենանւէր քաղաքացիներից է, ովքեր Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմում բազմիցս ճակատ մեկնեցին: Նա ամէն անգամ մարմնական նոր վնասւածքներով է տուն վերադարձել, սակայն առողջութիւնը վերականգնւելուց անմիջապէս յետոյ, ճակատ է վերադարձել, որպէս իրանահայ քաղաքացի՝ կատարելու իր զգացած բարոյական ու պատւախնդիր պարտաւորութիւնը՝ Իրանին եւ նրա ժողովրդին:

Ալբերտը տկն. Անժէլ եւ պրն. Արշաւել Մահմուդլուների երկրորդ որդին է. Ռոբերտը եւ Ռաֆիկը նրա աւագ եւ կրտսեր եղբայրներն են, իսկ Արմինէն ընտանիքի միակ դուստր զաւակը, որը վայելելով եղբայրների սէրն ու գուրգուրանքը՝ համարւում է ընտանիքի սիրելին:

Ալբերտը ծնւել է 1959 թ.-ի մարտի 1-ին՝ Թեհրանի Սերահէ Ջոմհուրի կոչւող քաղաքամասի Շէյխ Հադի փողոցում: Իր կեանքի վեց տարին բոլորել էր, երբ իր կրտսեր եղբօր՝ Ռոբերտի հետ միասին առաջին անգամ ոտք է դնում իրենց թաղում ժամանակին գործող «Նուբար» ազգային տարրական դպրոց՝ ու մտնում ուսման աշխոյժ ու ընդարձակ աշխարհ: Տարրականը աւարտելուց յետոյ, յաճախում է ժամանակին նոյն քաղաքամասում գտնւող «Քուշեշ-Դաւթեան» հայոց ազգային միջնակարգ տղայոց դպրոցը: Միջնակարգի երրորդ դասարանը աւարտելուց յետոյ, ուսումը շարունակում է Թեհրանի Առեւտրական միջնակարգ դպրոցում (դաբիրեսթանէ Բազարգանի) եւ աւարտում հաշւապահութեան ու հաշւեքննման ճիւղը եւ ստանում աւարտական վկայական:

Միջնակարգ կրթութեան դիպլոմ ստանալուց անմիջապէս յետոյ, զինւորագրւում է, սակայն բախտի բերումով՝ այդ տարեշրջանում զինծառայողների քանակի լրման պատճառով 1978 թ.-ին ծառայութիւնից ազատ է համարւում:

Ուսման անսպառ սէրը նրան մղում է մասնակցելու արտերկրում ուսման դիմողների պետական քննութիւններին եւ նրան յաջողւում է ընդունւել Անգլիայի հեղինակաւոր համալսարաններից մէկում:

1978 թ.-ին Իրանում զանգւածային յեղափոխութեան ալիք բարձրանալու պատճառով զրկւում է բարձրագոյն ուսումը շարունակելու հնարաւորութիւնից: Նրա հայրը Արշաւելը աւտոմեխանիկ էր: Ալբերտն էլ այդ պատճառով մանուկ հասակից յատուկ սէր եւ կապակցութիւն ունէր այդ արհեստի հանդէպ եւ դպրոցի դասերից յետոյ ազատ ժամերին եւ մանաւանդ ամառային արձակուրդներին սիրով ու հետաքրքրութեամբ լինում էր իր հօր արհեստանոցում եւ օգնում նրան աւտոմեքենաների նորոգման աշխատանքում: Ալբերտը դրանց կողքին լաւածանօթ էր նաեւ դարբնութեան եւ զօդման (եռակցման )) արհեստներին, ուստի՝ 1979 թ.-ին Իրանի կրօնական (Թասուա եւ Աշուրա) սուգերի առիթով մասնակցում է իրենց ապրած հայաշատ թաղամասի հարեւանութեամբ սգահանդէսի առթիւ կառուցւող յատուկ միջավայրի սարքաւորումների պատրաստման աշխատանքներին եւ օգնում պարսիկ համաթաղեցիների սգահանդէսի պատասխանատուին:

Ալբերտը մի առ ժամանակ զբաղւում է որպէս ծանր տեխնիկաների մեխանիկ: Այդ ընթացքում, ընկերների աջակցութեամբ ներկայացւում է Թեհրանի «Komatsu» ընկերութեան՝ որպէս ծանր տեխնիկաների մասնագէտ, պաշտօնավարութեան անցնում այդ ընկերութեան մօտ (որը հետագայում անւանափոխւում ու կոչւում է «Համարագ», իսկ յետոյ՝ «Խէյբար»:
1980 թ.-ի սեպտ. 29-ի առաւօտեան Իրաքի զինեալ ուժերի երրորդ բանակի զրահամեքենաները մեխանիզացւած երկու միաւորներ խախտելով սահմանը, մի քանի առանցքներով ներխուժում են Իրանի հողը, որի հետեւանքը լինում է Իրան-Իրաք ութամեայ պատերազմը:
Այդ օրերին ամէն իրանցի իր պարտականութիւնն է զգում, դիմադրել ագրեսիւ թշնամուն, եւ իր հայրենիքի հանդէպ կատարել իր ազգային ու հայրենասիրական պարտքը: Ալբերտն էլ չէր բացառւում միւսներից:

Կարդանք Ալբերտի խօսքերը.-

«Այն օրւանից, երբ սկսեցի աշխատել «Համարագ» ընկերութիւնում, ժամանակ առ ժամանակ ինձ առիթ էր վիճակւում, որ ճանապարհաշինութեան վնասւած ծանր տեխնիկաները վերանորոգելու աշխատանքով պատերազմի գօտի մեկնեմ, դա լինէր Իրանի յեղ. պահակազօրի եւ կամ՝ բանակային ուժերի կարգադրութեամբ: Մեզ համար տարբերութիւն չունէր՝ հարաւ թէ արեւմուտք, դա մեր աշխատանքային պարտականութիւնն էր: Աշխատանքը գլխաւորապէս կուտակւած էր՝ երկրի արեւմտեան տարածքներում, Իրանի Քրդստան նահանգի տարբեր քաղաքներում, այդ թւում՝ Քարանդէ Ղարբ, Ռէյհաբ, Քերմանշահ, Էսլամաբադէ Ղարբ եւ Մահաբադի շրջաններում: Ինձ հետ համագործակցող գործընկերներիս շատ լաւ եմ յիշում, օրինակ՝ Ալի Մողադդամին, Հոջջաթ Մեսգարաբադիին, նա Իրան-Իրաք պատերազմում ականի պայթիւնից իր մէկ ոտքը կորցրել էր: Վերջինս լաւածանօթ էր այդ տարածաշրջանի տեխնիկաների աշխատավայրերին ու նրանց թւաքանակին, որը մեզ օգնում էր հեշտութեամբ տեղ հասնել: Տարածաշրջանում գտնւող ծանր վնասւածք ստացած ու անօգտագործելի տեխնիկական սարքաւորումները, որոնց վերանորոգումը տեղում հնարաւոր չէր, փոխադրւում էին Թեհրանի վերանորոգման կենտրոն:

Շատ լաւ յիշում եմ, որ բեռնիչներից (լոդեր) մէկի նորոգման պահին, ինձ համար մի սարսափելի միջադէպ պատահեց, որից հրաշքով փրկւեցի: Բեռնիչի տակ վերանորոգման գործով էի զբաղւած, այդ ժամանակ իմ վիճակից անտեղեակ վարորդը սխալմամբ բեռնիչը տեղափոխեց եւ եթէ իմ զգօնութիւնը չլինէր, մարմինս կտոր-կտոր էր դառնալու այդ ծանր տեխնիկայի անիւների տակ: Կարողացայ արագ կերպով փրկւել այդ վտանգից, սակայն բեռնիչի անիւն անցաւ զոյգ ոտքերիս վրայից: Աստծոյ հրաշք էր, որ նոյնիսկ ոսկրային կոտրւածքներ չունեցայ, միայն զոյգ ոտքերս ամբողջովին կապտել ու այտուցւել էին: Ինձ արագօրէն հիւանդանոց փոխադրեցին:

Բուժման շրջանն աւարտից, եւ առողջութեանս վերականգնումից անմիջապէս յետոյ 1983 թւականի Նոռուզեան տօների արձակուրդներն անցկացնելուց յետոյ, հայ ու պարսիկ գործակիցներիս հետ միասնաբար ուղեւորւեցինք երկրի հարաւային սահմանները: Դա մեր առաջին պաշտօնական 45-օրեայ գործուղումն էր, տեղաւորւեցինք «Քաթրփիլար» ընկերութեան լիազօր կենտրոնում, որը գտնւում էր Ահւազ- Խոռամշահր միջքաղաքային ուղու վրայ: Այդտեղից 2-3 հոգանոց խմբակներով մեկնում էինք ճակատային գօտիները՝ վերանորոգելու վնասւած տեխնիկական սարքերը:

Այդ ժամանակաշրջանում ես 25 տարեկան աշխոյժ երիտասարդ էի, յաճախ այդ առաքելութիւնները կատարում էի պրն. Յովհաննէս Առաքելեանի ընկերակցութեամբ: Պատերազմական տարածաշրջանի կարեւորագոյն տարածքներից Ջոֆէյրն էր, ժամանակ առ ժամանակ տեխնիկաներ նորոգելու նպատակով մեկնում էինք այնտեղ: Նորոգում էինք թէ՛ յեղ. պահակազօրային եւ թէ՛, Իրանի բանակային ուժերին պատկանող տեխնիկաները:

Մեզ վիճակւած յաջորդ առաքելութիւնը, որը տեւեց աւելի քան երկու ամիս, տղերքով կատարեցինք 1983 թւականի օգոստոսի սկզբներին ուղեւորւելով Սարփոլէզահաբ ռազմական տարածքի Աբուզար բանակային կայազօրը:

Մեր ճամբարի կենտրոնը Սանանդաջ քաղաքում էր գտնւում եւ անհրաժեշտութեան դէպքում, ծանր ու վնասւած տեխնիկաները նորոգելու համար Իրան-Իրաք սահմանագծին կից ճակատային գօտի էինք մեկնում:

Այդ առաքելութիւններից մէկի ժամանակ՝ Դիւանդառէ քաղաքի արւարձաններում աշխատող մի բոլդուզերի վերանորոգման աշխատանքն էր: Նորոգման աշխատանքով զբաղւած էինք, երբ Իրաքեան զինուժի հրետանային յարձակման ենթարկւեցինք, որի հետեւանքով դժբախտաբար ձախ ձեռքից ու կրծքավանդակից վնասւածքներ ստացայ եւ տեղափոխւեցի Թեհրանի հիւանդանոցներից մէկը:

Առողջութիւնս վերականգնումից յետոյ, հօրս խնդրանքով ու մօրս պահանջով ու պնդումներով 1985 թ.-ի ապրիլին նշանադրւեցի մեր հարեւանութեամբ մի օրիորդի հետ, որին լաւածանօթ էինք:

Ընտանիքս յոյս ունէր, որ ես այլեւս ճակատ մեկնելուց կը հրաժարւեմ: Բայց, այդպէս չեղաւ: Մի քանի ամիսներից յետոյ, մտադրւեցի Սանանդաջ վերադառնալ: Երբ պատրաստւում էի գնալու, ինձ ներշնչւում էր, որ այս անգամ ինձ միջադէպ է պատահելու եւ ես նահատակւելու, կամ լաւագոյնս ծանր վնասւածքներով եմ վերադառնալու: Ապացոյցը՝ քանի վտանգաւոր դէպքերն էին, որ անգամներ ինձ պատահել էր ու հիւանդանոց էի փոխադրւել: Օրինակ՝ մէկ անգամ մեր աւտոմեքենայի կողաշրջւելն էր, ուրիշ անգամ բեռնիչը զոյգ ոտքերիս վրայից անցաւ, մի անգամ էլ՝ բոլդուզերի նորոգման ժամանակ թշնամու հրետանակոծութեան պատճառով վիրաւորւեցի, եւ ամէն անգամ հրաշքով ու միայն Աստծոյ կամքով էր, որ այդ բոլոր դէպքերից փրկւելով կարողացել եմ վերապրել: Այդ դէպքերից ոչ մէկը պատճառ չդարձաւ, որ ես իմ որոշումից հրաժարւեմ:

Ընտանիքիս բոլոր անդամներին, հարազատներիս, ընկերներիս ու ծանօթներիս ներողամտութիւնը խնդրեցի: Ծնողներիս, եղբայրներիս եւ անգամ իսկ՝ նշանածիս խնդրանքները չկարողացան համոզել ինձ որոշումիցս հրաժարւելու: Կարծես, որ մի յատուկ ուժ ինձ դէպի ռազմաճակատ էր մղում: Գործընկերներիս հանդիպելու կարօտը սրտումս էր: Ճակատում լինելու սէրն ու գործընկերներիս հետ հանդիպելը իմ երազանքը դարձել: Սիրտս ու հոգիս այնտեղ էր ապրում:
Սանանդաջ վերադառնալուց եւ մի քանի աշխատանքային գործուղումների գնալուց յետոյ 1986 թ.-ի յունւարի 20-ին մեզ տեղեկացրին, որ Սաղէզ ու Բանէ քաղաքների շրջակայքում գտնւող Շարիֆաբադ եւ Էբրահիմաբադ գիւղաքաղաքների արւարձաններում, որը 80 կմ. Դիւանդառէից դէպի Սաղէզ էր գնում, մէկ բոլդուզեր եւ երկու բեռնիչ նորոգման կարիք ունենալով օրեր է, որ շարքից դուրս են եկել ու ծանր ձիւնի մէջ մնալով չեն աշխատում:

Յունւարի 21-ի վաղ առաւօտեան մեր խումբը բաղկացած չորս իրանցի հայրենակիցներից ու երեք իրանահայերից, երեք ռազմական աւտոմեքենաներով դէպի տարածք մեկնեցինք: Խմբի անվտանգութեան յանձնւած էր մեր խմբի ընկերներից՝ Սոհէյլիին: Տեղացող սաստիկ ձիւնը ծածկել էր ամբողջ տարածքը: Ձեան բարձրութիւնը մօտաւորապէս մէկուկէս մետրի էր հասնում:

Թէեւ բոլոր երեք մեքենաների չորս անիւներն էլ զրահաւորւած էին սառցադիմացկուն շղթաներով, բայց մեր ուղեւորութիւնը երեք ժամ տեւեց: Տեխնիկաների նորոգման աշխատանքը, եւ նրանց գործի աշխատեցումը տեւեց մինչեւ նոյն օրւայ ժամը 16-ը: Տարածաշրջանում քրդական Քոմելէ եւ Դեմոկրատ խմբակների ներկայութիւնից տեղեակ էինք եւ գիտակցում էինք, որ ճանապարհները գիշերային պահին ապահով չեն: Խմբի անվտանգութեան պատասխանատու՝ հանգուցեալ պրն. Սոհէյլին մեզ վստահեցրեց, որ եթէ նախքան ժամը 17-ը ճանապարհւենք, որեւէ վտանգ չի պատահի:

Որոշւած էր Սոհէյլին իր աւտոմեքենայով ու վեց ուղեւորներով առաջ անցնէր, իսկ միւս երկու մեքենաները հետեւեն նրան: Այդ հիման վրայ ժամը 16-ին դէպի Դիւանդառէ ճանապարհւեցինք: Ես ու Աբբաս Բաբրին մեր «Լանդ-Քրուզ վան» աւտոմեքենայով առաջ էինք ընկել, մեզանից մէկ կիլոմետր հեռաւորութեամբ Շամսօլլահը եւ Թաղի Քուզեքանանին էին գալիս, իսկ երրորդ աւտոմեքենան, որ Սոհէյլին էր վարում իր վեց ուղեկիցներով, ինչ-որ պատճառներով ստիպւած 15-րոպէ ուշացումով հետեւում էին մեզ: Շարիֆաբադ գիւղաքաղաքի ճանապարհին էինք, դէպի ցած էինք իջնում, երբ յանկարծակի մեր յետեւից մի լուսարձակ կրակոց լսւեց, յետոյ՝ երկրորդ ու երրորդն էլ շարունակւեց: Մենք արդէն ճանապարհով դէպի վեր էինք բարձրանում, երբ նկատեցի մեր առջեւի բլուրի բարձրունքի վրայ ընդդիմադիր խմբակների զինեալ մարդկանց մի շարք առաջ է անցնում: Մեզ տեսնելով անմիջապէս դէպի մեզ կրակ բացեցին, որը մի քանի րոպէից դադարեց: Կրակի դադարից անմիջապէս յետոյ, վզիս փաթաթած կտորէ շալը (չափի) որպէս հաշտութեան եւ խաղաղութեան նշան ձեռքս առայ եւ զգոյշ ու դանդաղ մեքենայից իջնելիս, երբ դեռ ձեռքերս դէպի վեր էին պարզած, կրակոցները վերսկսւեցին: Առաջին գնդակի նշանակէտը եղաւ իմ աջ դաստակը, երկրորդը՝ նստեց նոյն ձեռքիս բազուկին: Երրորդ գնդակից էլ անբաժին չմնացիմ՝ երրորդը կրծքավանդակիս մաշկն ու մկանը քերծելով անցաւ: Արեանս մէջ շաղախւած ցաւերից տառապում էի: Միակ բանը, որ կարող էի անել յանցագործների հասցէին դառը խօսքեր բղաւելն էր եւ ուրիշ ոչինչ:

Ինձ քարշ տալով տարան ճանապարհի վրայ դրին, որպէսզի եկող աւտոմեքենաները հասնելով ինձ կանգ առնեն կամ էլ՝ վրայիցս անցնեն: Երկինքը ամբողջովին մթնել էր, ձիւնը շարունակւում էր տեղալ ու ես ճանապարհի վրայ անշարժ ընկած էի: Վէրքերիցս հոսող արիւնը սպիտակ ձիւնը ներկելով կամաց-կամաց սառում էր: Գլխավերեւս կանգնած ինձ հարցաքննում էին, թէ ինչո՞ւ եմ այստեղ եկել: Ցաւից տնքալով եւ զգօնութիւնս հաւաքելով պատասխանեցի. «Իրանցի եմ, եկել եմ հայրենիքիս ծառայելու: Մենք զինեալներ չենք՝ ծանր տեխնիկաների մեխանիկ ենք, փակւած ճանապարհները կուտակւած ձիւնի ու քարակոյտեր արգելքից մաքրող մեքենաներն ենք նորոգում: ճանապարհները բոլորի համար կարեւոր են եւ քաղաքների կապն են գիւղերի հետ...»:

Ինձանից պահանջեցին, որ Իրանի յեղափոխութեան առաջնորդի հասցէին անվայել խօսքեր ասել ու նրան վարկաբեկել: Պատասխանեցի.- եթէ՝ ձեզ յարձակման թիրախ դարձնեն դուք ո՞ւմ էք չարիք անւանելու՝ ձեր առաջնորդի՞ն , թէ՝ նրան, ով ձեզ վնասել է: Որպէս պատասխանիս մի քանի քացի ինձ բաժին հասաւ եւ ցաւերիս վրայ նոր ցաւեր աւելացան: Նրանցից խնդրեցի, որ վերջ տան այդ դատարկ ու անմիտ խօսակցութեանը, եւ արձակեն ճակատագրային գնդակն ու ինձ ազատեն, կամ էլ՝ ինձ փոխադրեն մեքենայիս մեջ ու իրաւունք տան, որ գնամ:

Այդ պահին էր, որ մեր երրորդ մեքենան, որի վարորդը Սոհէյլին էր՝ իր վեց ուղեկիցներով տեղ հասաւ: Բնականաբար, սկսեցին դէպի նրանց կողմը կրակել: Խեղճ ու անճար Սոհէյլին իր ուղեկից ընկերների կեանքը վտանգից ազատելու նպատակով ստիպւած եղաւ իր Պատրոլ ջիպ մեքենայով իմ աջ ոտ ու ձեռքիս վրայից անցնել: Նա մի քանի մետր առաջ գնալով բախւեց սառոյցի ու ձեան արգելքին եւ կանգ առաւ:

Քրդերը վրայ հասնելուն պէս ուղեւորներին իջեցրին ու մեքենան իր վարորդի հետ կրակի տւին: Այդպիսով Սոհէյլին այդտեղ նահատակւեց...

Ճանապարհի վրայ վիրաւոր ընկած էի: Ցաւից ու ցրտից իմ ամբողջ ուժով, ու կարողացածիս չափ նրանց անիծում էի: Բայց զուր եւ անօգուտ էր, այդ խառնաշփոթութեան ու իրարանցման մէջ իմ ձայնը խեղդւում ու կորում էր: Ոչ մէկը ինձ ուշադրութիւն չէր դարձնում: Վերջապէս ինձ ուժասպառ ու արիւնաքամ վիճակում դրին մեքենայիս մէջ եւ գործընկերներիցս՝ Թաղի Քուզեքանանին, մեր երկրորդ մեքենայի վարորդին, որը մեր խմբում ամենատարեցն էր իրաւունք տւեցին մեքենան վարի ու ինձ մեր զօրակայանը հասցնի : Իսկ միւս գործընկերներիս իրենց հետ վերցրին, եւ մինչեւ օրս էլ նրանցից ոչ մի տեղեկութիւն չունեմ...

Այդ դժւարին պայմաններում էր, որ ճանապարհւեցինք դէպի մեր զօրակայանը: Արդէն երկու ժամ էր այդ միջադէպից անցել էր. որքան մօտենում էինք մեր զօրակայանին՝ այնքան վտանգը մերոնց կողմից աւելանում էր, քանի որ նրանք մեզ թշնամու տեղ դնելով մեզ վրայ կրակ էին բացում: Մեր նշաններով ու մեքենայի ճրագներով ու սուլիչներով ազդանշան տալով ու գոռալով յաջողեցինք մուտքի թոյլտւութիւն ստանալ եւ զօրակայան մտնել:

Զօրակայանում ինձ կիսամեռ ու արիւնաքամ վիճակում անմիջապէս փոխադրեցին զօրանոցի բուժկենտրոնը, որտեղ թեթեւ վիրահատումներ էին կատարում: Փամփուշտները մարմնիցս հանելուց ու նախնական օգնութիւններից յետոյ, անմիջապէս շտապօգնութեան մեքենայով ճանապարհեցին դէպի մօտակայ քաղաքները, որեւէ հիւանդանոցում տեղաւորելու համար: Մեր ճանապարհն անցնում էր՝ Դիւանդառէ, Սանանդաջ, Բիջար, եւ այլ քաղաքներից ու դիմում էինք տեղում գտնւող հիւանդանոցներին: Զօրակայանում նախնական բուժումն ինձ փոքր ինչ օգնեց, որ գիտակցութիւնս վերականգնւէր: Թեհրանի ճանապարհի վրայ գտնւող հիւանդանոցները կամ ՝ որեւէ պատրւակով հրաժարւում էին ինձ ընդունել, եւ կամ քննելուց յետոյ յայտնում էին, որ կեանքս փրկելու համար հաւանաբար վիրաւորւած ձեռքս ու ոտքս կորցնեմ, իսկ ես նրանց այդ որոշման հետ, խստօրէն հակառակում էի:

Վարորդը, որ շատ լաւ ու բարեխիղճ մարդ էր, շարունակ յոյս էր ներշնչում, որ եթէ դիմանամ ու համբերեմ, որ՝ անհրաժեշտ դէպքում պատրաստ է ինձ մինչեւ Թեհրան հասցնել եւ ամենալաւ հիւանդանոցը տանել:

Զօրանոցից դէպի Թեհրան 18 ժամ մեքենավարելուց յետոյ վերջապէս Զանջան քաղաքի «Շաֆայիեան» հիւանդանոցում համոզւեցին ինձ ընդունել: Վիրահատող հնդիկ բժիշկը խոստացաւ, ինչ գնով լինի՝ վնասւած ձեռք ու ոտքս փրկելու է: Այդ հիման վրայ եւ բժշկի բարի խոստումին վստահելով, վիրահատութեան համաձայնագիրը ստորագրեցի, յետոյ էլ ոչինչ չեմ յիշում:

Երբ աչքերս բաց արեցի եւ գիտակցութեան եկայ, ինձ վիրահատող հնդիկ բժիշկը յաղթական ժպիտով ինձ էր նայում: Նա բացատրեց, որ վիրահատումս յաջող է անցել եւ մօտաւորապէս ութ ժամ է տեւել: Նա իր տւած խոստումը կատարել էր, եւ ես դա պարտական եմ առաջին հերթին շտապօգնութեան վարորդին եւ յետոյ այդ հնդիկ բժշկին: Հիւանդանոցում արդէն հինգ օր իմ վիրահատելուց անցել էր եւ ընտանիքս ինձանից ոչ մի լուր չունէր: Այդ օրերին պրն. Հուսէյն Շեքարի անունով մի հիւանդի հետ էի ծանօթացել ու մտերմացել ու միմեանց վստահում էինք, ինձ պնդելով յաջողեց քեռուս հեռախօսահամարը վերցնել ու նրան զանգահարել ու իմ վիճակի մասին նրան տեղեկացնել:

Միւս օրը վաղ առաւօտեան արդէն քեռիս կրտսեր եղբօրս Ռաֆիկի հետ միասին հիւանդանոցում ինձ մօտ էին...: Նրանք անմիջապէս այդտեղից ինձ փոխադրեցին Թեհրանի «Էմամ Հուսէյն» հիւանդանոցը: Այդտեղի բժիշկները ուսումնասիրելով իմ վիրահատման ռադիոլոգիական շողանկարները ու վնասւածքներիս բուժման փաստաթղթերն եւ համապատասխան հետազօտութիւնների արդիւնքները, միասնաբար եզրակացրին, որ 50% հաւանականութեամբ մէկ ձեռք ու ոտքս կորցնեմ:

Բարեբախտաբար, մեզ շատ մօտ հարազատներից մէկը, որպէս աւագ բուժքոյր պաշտօնավարում էր «Ափադանա» հիւանդանոցում, որի օգնութեամբ ու միջնորդութեամբ ինձ փոխադրեցին այնտեղ: Բուժմանս հիւանդանոցային բոլոր վճարումների պատասխանատւութիւնը բարդւեց իմ վրայ: Այնտեղ բժիշկ Էբրահիմ Քազեմիի միջոցով անգամներ վիրահատութեան ենթարկւեցի, ի վերջոյ նրանով հանդերձ, որ ոտ ու ձեռքս 10 սանտիմետրով կարճացել են, բարեբախտաբար, բժիշկների ջանքերով եւ իմ հաստատակամութեամբ յաջողեցի փրկել դրանք: Բուժման ընթացքը ի նկատի առնելով, ոտք ու ձեռքիս թանդոնների ու նեարդների վիրաբուժման նպատակով 1986 թւականին անգամներ վիրահատման ենթարկւեցի Թեհրանի «Մոստաֆա Խոմէյնի» հիւանդանոցի մասնագէտ վիրաբոյժների միջոցով:

Մասամբ բուժւելուց յետոյ, վերջապէս ֆիզիկական վնասւածքներիս տոկոսային չափորոշման մտադրութեամբ դիմեցի «Մոստաֆա Խոմէյնի» հիւանդանոց: Բոլոր հետազօտութիւններից յետոյ, ինձ համար 55 տոկոս մարմնային վնասւածք գրանցւեց: Մի առ ժամանակ անց, այդ տոկոսը իջեցրին 25-ի, որը իմ բողոքագրերից ու հետապնդումների արդիւնքում վերջապէս 50 %-ը հաստատւեց ու գրանցւեց:

Ցաւօք ասեմ, որ բուժմանս բոլոր վճարումները ծանրաբեռնւեց իմ վրայ: Եւ դա եղաւ իմ տարիների խնայած գումարներով, ու մինչեւ վերջին լուման էլ այդ ճանապարհին ծախսւեց: Անշուշտ, եթէ չլինէր եղբայրներիս ու հարազատներիս ֆինանսական օգնութիւնները, անկասկած այդ բուժումների արդիւնքը եւ պատկերը այլ կերպ էր լինելու:

Այժմ, որ այդ միջադէպերից տարիներ են անցել, ոտքերս ծռւել են եւ նստելիս 50 %-ով են ծալւում, իսկ աջ ձեռքս շատ դժւարութեամբ եմ կարողանում օգտագործել, որովհետեւ իր ֆիզիկական նորմալ շարժումների կարողութեան համարեա 70 %-ը կորցրել է: Այդուհանդերձ, ես իմ Աստծուց շնորհակալ եմ, որ գոնէ առօրեայ գործերս անձամբ եւ առանց ուրիշի օգնութեան կարողանում եմ կատարել:

Առողջութիւնս որոշ չափով վերականգնւելուց յետոյ՝ 1991 թ.-ին վերսկսեցի աշխատանքս «Խէյբար» ընկերութիւնում, բայց միգրենի-գլխացաւերի պատճառով ապահովագրական կազմակերպութեան կողմից ոչ-գործունեայ ճանաչւելով հանգստի կոչւեցի ու այժմ Իրանի վետերան անձնուրացների հիմնարկութեան (Բոնիադ Ջանբազան) թոշակառու եմ: Ընտանիք եմ կազմել եւ բախտաւորւել եմ երկու որդիներով՝ Կարէն եւ Նարեկ անուններով:

Բարեբախտաբար, մայրս հանդուրժելով այդ բոլոր ցաւերն ու տառապանքները, որը ես էի նրան պատճառել, ողջ է: Նա իմ ու միւս եղբայրներիս հովանաւորութեան ներքոյ, իր առանձին կեանքն է վայելում:

Յոյսով եմ, որ իմ չափով՝ պարտականութիւններս հանդէպ սիրելի Իրանին ու նրա ժողովրդին կատարած լինեմ: Ձեռք ու ոտքս այդ ճանապարհին կորցրած լինելով հանդերձ, եթէ կարիքը լինի պատրաստ եմ՝ հայրենիքիս ազատութեան համար կեանքս էլ զոհասեղանին դնեմ:

Առողջութիւն եւ յաջողութիւն եմ մաղթում այն բոլոր անձնուրացներին եւ ազատորդիներին, եւ նամանաւանդ յարգանքի տուրք ունեմ բոլոր այն նահատակների յիշատակին, ովքեր իրենց թանկարժէք կեանքը կամ առողջութիւնը զոհաբերեցին եւ հայրենիքի ազատութեան սուրբ ճանապարհին հրաշքներ գործեցին:

«Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ»-ի կողմից՝ ԱՐՏՈՒՇ ԻՍԿԱՆԴԱՐԵԱՆ

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897980

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com