Հանդիպում Վարպետ Վազգէն Այւազեանի հետ

Իրաքի կողմից Իրանին պարտադրւած 8 ամեայ պատերազմի ընթացքում բազմաթիւ հայ վարպետ արհեստաւորներ իրենց հնարամտութեամբ և ստեղծագործ աշխատանքով մեծ ծառայութիւններ են մատուցել Իրանի զինեալ ուժերին, որոնց մասին թեպէտ գրւել ու խօսւել է, սակայն դեռ կան դէմքեր, որոնք իրենց համեստութեամբ մնացել են այսպէս ասած լուսանցքներում:

Այդ դէմքերից է Վարպետ Վազգէն Այւազեանը, բարձրաոլտ տրանսֆորմատորների մասնագետ, ով պատերազմի ողջ ընթացքում իր մասնագիտութեան բնագաւառում մեծ ծառայութիւններ է մատուցել բանակի օդուժին:

Վազգէնը ծնւել է 1947 թ. Թեհրանում, նախնական ուսումը ստացել է Հայոց ազգ. Սահակեան դպրոցում, ապա մինչև 9-րդ ուսումը շարունակել է նոյն քաղաքամասի պարսկական դպրոցում, սակայն տարբեր պատճառների բերումով կիսատ թողնելով ուսումը անցել է աշխատանքի: 18 տարեկանում բժշկական պատճառով զերց է մնացել զինւորական ծառայութիւնից, որից յետոյ ներկայացել է ժամանակի տրանսֆորմատորների ճանաչւած վարպետ Համայակին և պատրաստակամութիւն յայտնել անվճար աշխատելու, արհեստ սովորելու նպատակով:

Իր ուշիմութեան և աշխատասիրութեան բերումով շատ արագ տիրապետել է արհեստին և 1976-ին Թեհրանում բացել է իր սեփական արհեստանոցը և շնորհիւ իր նորարարութիւնների, մեծ ճանաչում է գտել նաև պետական այդ թւում նաև բանակի կողմից: Պատերազմի սկսւելու առաջին իսկ օրերին բանակի օդուժի գնդապետ Բերենջին, Վազգէնին է դիմել համագործակցութեան, տրանսֆորմատորների նորոգման գծով, որը շարունակւել է ամբողջ ութը տարի: Այդ ողջ ընթացքում վարպետ Վազգէնը իր հնարամտութեամբ կարողացել է լուծել շատ բարդ խնդիրներ իր մասնագիտութեան բնագաւառում, որի համար արժանացել է յատուկ գնահատագրերի:

Վազգէն Այւազեանը ամուսնացած է, ունի մէկ աղջիկ և մէկ տղայ զաւակներ, որոնք երկուսն էլ համալսարանաւարտ մասնագետներ են, իսկ կինը տկն. Էմման ևս մասնակից է Թեհրանահայ հասարակական աշխատանքներում:

Ներկայիս վարպետ Վազգէնը համագործակցում է Զիգմա ընկերութեան հետ:
Յարգարժան վարպետը Անձնուրացների յանձնախմբի հերթական հանդիպման հիւրն էր, որտեղ պատմեց իր կատարած աշխատանքների մասին:

Թ.Հ.Թ.-ի Անձնուրացների Յանձնախումբ